Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311 (Կաշառք ստանալը) հոդվածով, այսօր 30 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել:
Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը կալանքի հարցը բողոքարկելու հիմքում դրել էր Մայրապետյանի առողջական վիճակի հարցը ու այդ հիմքով էլ խափանման միջոցը փոխվել է:
Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Բատիկյանը մեր հարցին՝ ընդամենը մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 39-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը՝ Մայրապետյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ, ի՞նչ պատահեց այս մեկ ամսում, որ հիմա որոշեցին փոխել խափանման միջոցը ու ազատ արձակել, երբ նախորդ անգամ հաշվի չէին առել դա՝ պատասխանեց.
«Կալանքի տակ մնալու պայմաններում մարդու առողջական վիճակը վատացել է, ինքը այսօր արգելանքից ազատ է արձակվել, բայց ոչ թե տուն է գնում, այլ գնում է հիվանդանոց՝ հետազոտվելու ու բուժվելու: Նրա լեղապարկում հայտնաբերվել է 2 սմ-անոց չափով քար, որը, ըստ բժշկի ներկայացրածի, փակում է լեղածորանը, ինչը հանգեցնելու է ենթաստամոքսային գեղձի բորբոքման, այսինքն, իր հիվանդությունը անշարժ մնալուց, մեկուսարանում մնալուց սրվել է»:
Մենք հետաքրքրվեցինք՝ լեղածորանը փակող քարն ընկնելուց հետո հնարավոր է կալանքը վերականգնվի՞՝ Բատիկյանը պատասխանեց. «Քարի հետ կապված չի կալանքը, Քրեական դատավարության օրենսգրքում չի նշվում, որ ով որ քար ունի՝ չպետք է կալանավորվի, ուղղակի այս մարդու առողջական վիճակը վատ է, դա է պատճառը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ