Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը: Մարությանը «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին նիստի ժամանակ ասել էր՝ «Այն ժամանակ (Խաժակյանն այն ժամանակ ավագանիում է եղել «Ելք» խմբակցությունով, որի կազմում էր նաեւ Արայիկ Հարությունյանը, Ն.Բ.) 55 հազար դրամ աշխատավարձ եք ստացել, եղել եք անցած ավագանու անդամներ եւ ոչ մի բան չեք արել»:
Լրագրողները Հարությունյանին հիշեցրեցին Մարությանի խոսքերը, ինչին ի պատասխան Հարությունյանն ասաց. «Ավագանու իմ գործունեությունն եղել է բոլորի աչքի առաջ, եւ, ես կարծում եմ, որ իմ ճանաչելիությունն, որպես քաղաքական գործիչ, ես ստացել եմ որպես Երեւանի ավագանու անդամ»:
Երաժշտական դպրոցների վարձավճարների բարձրացման մասին էլ Դավիթ Խաժակյանը հիշեցրել էր Արայիկ Հարությունյանի՝ որպես ավագանի հայտարարությունը, որ եթե վարձավճարները բարձրանան, ապա այն բեռ կլինի քաղաքացիների համար: Հիմա քաղաքապետարանը վարձավճարը բարձրացրել է, սակայն այն սուբսիդավորվելու է մեկ տարի: Այս որոշման մասին լրագրողների հարցին ի պատասխան էլ Արայիկ Հարությունյանն ասաց.«Եթե չշարունակեն սուբսիդավորել, նոր կխոսենք: Եվ, ես կոչ կանեմ «Լույս» խմբակցությանն ավելի շատ խոսեն իրենց խնդիրներից, եւ քիչ խոսեն Արայիկ Հարությունյանից»:
Անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությանն ու նախարարությունների միավորմանը, Հարությունյանը կարծիք հայտնեց, որ դրանով կբարձրանա արդյունավետությունը.«Այն ոլորտները, որոնք միանում են, այնտեղ բազմաթիվ գործառույթային համընկնումներ կան: Կարծում եմ այդ միավորման արդյունքում, մասնավորապես՝ կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության, բազմաթիվ արդյունավետ զարգացումներ կլինեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Արայիկն աշխաչհի ամենսաբիժնիկ մարդն է։