Արմեն Աշոտյանը հրավիրված չի եղել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին՝ չնայած, որ պարոն Աշոտյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է եւ նաեւ վերոնշյալ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ: Նիստը կայացել է դեկտեմբերի 19-ին, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Բացի այն, որ Արմեն Աշոտյանը նիստից հրապարակված լուսանկարներում եւ տեսանյութում չկա, նիստին ներկա անդամներն էլ մեզ հետ զրույցում հաստատեցին Արմեն Աշոտյանի բացակա լինելու հանգամանքը:
Մինչեւ նոր խորհրդարանի առաջին նիստը, Արմեն Աշոտյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի եւ նաեւ վերոնշյալ միջգերատեսչական հանձնաժողովի անդամի լիազորություններ ունի:
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն է: Պարոն Գրիգորյանի մամուլի քարտուղարի միջոցով փոխվարչապետին Aravot.am-ը հարց ուղղեց՝ ինչո՞ւ Արմեն Աշոտյանը հրավիրված չի եղել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին:
Ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ Մհեր Գրիգորյանի մամուլի խոսնակ Անի Բաբայանը նշել է. «Ի պատասխան Ձեր 24.12.2018թ. հարցման՝ հայտնում ենք, որ պարոն Արմեն Աշոտյանը չի հրավիրվել ս.թ. դեկտեմբերի 19-ին կայացած հանձնաժողովի նիստին, քանի որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում նրա լիազորությունները մոտակա ժամանակներում դադարելու են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ