Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Բուհերի խորհուրդներում էլի մարզպետներ ու փոխնախարարներ կան»

Դեկտեմբեր 27,2018 16:14

«Մայիսին տեղի ունեցած փոփոխություններից հետո ժառանգություն մնաց բավականին մեծ խնդիրներով համակարգ»,- «Հոդված 3» ակումբում խոսելով այն մասին, թե ի՞նչ քայլեր է կատարել Հայաստանի նոր կառավարությունը կրթության ոլորտում անցնող տարում, ո՞ր խնդիրներն է կարողացել լուծել, և ինչպիսի՞ն է կրթության ոլորտի վերաբերյալ կառավարության տեսլականը, հայտնեց ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է բացթողումներին, նրա ձեւակերպմամբ, խնդիրներն այնքան շատ էին, որ ոչ ամբողջական ծավալով են հասցրել լուծել` կապված կառուցվածքային փոփոխությունների, սուբյեկտիվ գործոնների հետ: Նա, սակայն, մի քանի կարեւոր առանձնահատկություն նշեց, օրինակ` այն, որ սկսվել է կրթական հաստատությունների ապաքաղաքականացման գործընթացը. «Չեմ կարող ասել, թե ամբողջովին ավարտվել է ապաքաղաքականացման գործընթացը, բայց մեծ ձեռքբերումներ կան…Շատերը չէին նկատել, որ նոր մոտեցումների հետ գործ ունեն»:

Նա ափսոսանք հայտնեց, որ կրթական հաստատությունները հաճախ չեն ցուցաբերում նախաձեռնողականություն ամենասովորական հարցերում եւ չեն գիտակցում, որ արդեն ազատ են: Փոխնախարարը մի օրինակ բերեց. «Ուսումնական հաստատություններից մեկի հոսանքի կաբելը վնասվել էր, եկել էին նախարարություն հարցը լուծելու»:

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ չնայած մանր-մունր խնդիրների առատությանը, նախաձեռնել են բարձրագույն կրթության ռազմավարության ուրվագծերի քննարկում, որոշակի օրենսդրական փոփոխությունների փաթեթի պատրաստում միջին մասնագիտական կրթության ոլորտում, բուհերի հետ հավաքներ, որտեղ քննարկել են միջազգայնացման հետ կապված հարցեր: «Կա նախաձեռնողականություն, կա հաջողություն, չկա նախաձեռնողականություն, չկա հաջողություն, ամեն ինչ կախված է բուհի ղեկավարից»,-ընդգծեց նա:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց. «Այն իրավիճակը, որ այսօր ունենք, կհամեմատեի հետեւյալի հետ. մեր կրթական համակարգը նմանվել էր սառնարանի սառցամանի, որտեղ կային սառած համակարգեր, ինչ-որ իմաստով շատերի համար անհուսալի: 2018-ի սկզբում շատ հոռետեսական էր բոլորիս տրամադրվածությունը կրթության համակարգի վերաբերյալ, հիմա հեղափոխության շնորհիվ սառցամանը սառնարանից դուրս եկավ, սառույցը հալվել է, ջուրը հոսում է: Սակայն կրթության ոլորտում այս պահին ունենք բավականին քաոսային իրավիճակ, հատկապես, եթե նայենք ուսումնական հաստատությունները՝ ներսում խժդժություններ կան, մի խումբը մյուսի դեմ է պայքարում, մեկը տնօրենին է դատի տալիս, մի տեղ մրցույթի խնդիր է:

Այսինքն՝ իսկապես նախարարության հիմնական մարտահրավերներից մեկն այն է, որ ուսումնական հաստատություններում ջրերը հոսում են ու պետք է այդ ամենը բերվի կառավարման որոշակի կայուն վիճակի: Եթե սա երկար շարունակվի, դժվար կլինի հետագայում կառավարել համակարգը»:

Կրթության փորձագետը համոզված է, որ պետք է արագորեն ընթացք տալ կրթության զարգացման պետական ծրագրին: «Ցավոք սրտի, 2016թ. հունվարի 1-ին օրենքով մենք այդ ծրագիրը պետք է ունենայինք, արդեն 2017-ի դեկտեմբերն է, 3 տարի է ուղիղ անցել, բայց ծրագիրը չկա: Դա ոչ միայն օրենքի խախտում է, այլեւ խոսում է այն մասին, որ մեր կրթական համակարգում բացակայում է ռազմավարական մտածողությունը, ռազմավարությունների շուրջ քննարկումներ անելը: Նախորդ կառավարությունը կրթության զարգացման պետական ծրագրի երկու տարբերակ դրեց քննարկման, բայց ընդհանուր առմամբ ձախողվեց, որովհետեւ չկար քննարկումների ճիշտ մշակույթ, ճիշտ ուղղությամբ տանելու փորձ.. Մենք չունենք հանրակրթության պետական չափորոշիչը: 2016թ. նախագիծը հրապարակվեց: Անցել է 3 տարի, չափորոշիչ չկա: Մեր հանրակրթության վերջին չափորոշիչն ընդունվել է 2004 թ., 2011-12-ին վերանայվել է, 2015-ից սկսվել է նոր, հեղափոխական չափորոշիչ գրելու պրոցես, որն էլի մնացել է օդում:

Կամ՝ նույնը վերաբերում է Կրթության ազգային ինստիտուտի ճակատագրին: Արդեն մեկ տարի է՝ այդ ինստիտուտը կաթվածահար վիճակում է, պետք է վերակազմակերպվի: Սրանք խնդիրներ են, որոնք վտանգավոր են: Պետք է փորձենք այդ ռազմավարական հարցերին շտապ լուծումներ տալ, որպեսզի համակարգն ունենա տեսլական»,-համոզված է կրթության փորձագետը:

Դրական տեղաշարժերից էլ նշում է այն, որ կուսակցականացման հարցին վերջ է դրվել, եւ դպրոցները վերջնականապես ազատվել են ընտրություններին մասնակցելու բեռից. «Հասկանալի է, որ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը կարիք չուներ դպրոցների աջակցությանը, տնօրենների խառնվելուն; Հուսանք, որ հաջորդ ընտրություններին, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ռեյտինգն ավելի ցածր կլինի, նույն ձեւով իշխանությունը դպրոցներին չի փորձի ներքաշել ընտրությունների մեջ»:

Մյուս կարեւոր դրական տեղաշարժը Սերոբ Խաչատրյանը կապում է կրթության բյուջեի մեծացման հետ: «Անցյալ իշխանությունների ժամանակ անընդհատ ավագ դպրոցներից էր խոսվում, նախադպրոցական համակարգն անտեսված էր, ես ուրախ եմ, որ հիմա նախադպրոցական համակարգին է ուշադրություն դարձվում»,-ասաց նա` նկատի ունենալով նախադպրոցական կրթության ոլորտի փոփոխությունները:

Բուհերին էլ անդրադարձ եղավ, Սերոբ Խաչատրյանն ասաց նաեւ, որ այդ առումով իր կարծիքը երկակի է. «Մի կողմից ես տեսնում եմ, որ նախարարությունը շատ լավ թեկնածուներ է առաջադրում որպես ռեկտորի պաշտոնակատարներ, մյուս կողից տեսնում եմ, որ խորհուրդներում էլի մարզպետներ կան: Ագրարային համալսարանի ռեկտորի ընտրությունն էր, լուսանկարում տեսա, որ Արարատի մարզպետը խորհրդի անդամ է, Շիրակի մարզպետն էլ Շիրակի համալսարանի խորհրդի անդամ է, Բժշկականում փոխնախարարներ կան: Ես կուզեի, որ նոր իշխանություններն այս հարցում ավելի արմատական լինեին, ոչ մի մարզպետ չլիներ որեւէ խորհրդում…Կուզեի, որ բուհերի խորհուրդներում լինեին ավելի անկախ, ու պրոֆեսիոնալ մարդիկ, կրթության ոլորտի մասնագետներ, իրավաբաններ, ֆինանսիստներ»:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը պատասխանելով հնչեցված հարցին, ասաց, որ համաձայն չէ, որ քաղաքացիական կրթության բաղադրիչը իրենց վրա են վերցրել հ/կ-ները: Հավելեց, որ քաղաքացիական կրթության բաղադրիչը մենաշնորհով զավթված էր կառավարության կողմից, եւ քաղաքացիական կրթությունը տրվում էր սովետական համակարգի գաղափարախոսության կամ գաղափարախոսացված վիճակում, ինչը կրթության եւ գիտության հետ որեւէ կապ չուներ: Նրա ձեւակերպմամբ, այս տարին աննախադեպ էր մեր երկրի ու կրթության պատմության մեջ, քանի որ արթնացրեց ամբողջ հասարակություն: Լարիսա Մինասյանը համաձայնեց Սերոբ Խաչատրյանի պատկերավոր այն դիտարկմանը, որ «սառած ջուրը հալվել է», սակայն, նրա խոսքով՝ «այդ ջուրը հոսում է, բայց դեռ զուլալ չէ»:

Նա նաեւ ընդգծեց, որ թեեւ կրթության համակարգի ապաքաղաքականացվածությունը դարձել է ռեֆորմների լեյտմոտիվ, սակայն ապաքաղաքականացվածության խնդիրը շարունակում է շատ մակերեսային ընկալվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31