Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները, որոնք դժգոհում էին հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխություններից: Ցուցարարների ներկայացմամբ՝ այժմ փաստաթղթավորումների ավելի մեծ ծավալ պետք է ներկայացնեն, ինչը իրենք պարզապես չեն կարող իրականացնել: Բացի այս, բեռնափոխադրողները վստահեցրել են՝ ավելացել են նաեւ իրենց հարկերը:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պետական եկամուտների ղեկավար Դավիթ Անանյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց, որ ՊԵԿ-ը վարչարարությամբ զբաղվող մարմին է, քաղաքականությամբ չի զբաղվում. «Մենք մեր վարչարարությունն ենք իրականացնում, այսինքն՝ օրենքով սահմանված իրենց պարտավորությունները նրանք պետք է կատարեն: Պարտավորությունների հետ կապված թե որքան է վիճահարույց այս կամ այն իրավական ակտը, մենք ֆինանսների եւ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների հետ միասին պայմանավորվեցինք, որ մեր հարկ վճարողների ահազանգը կամ իրենց մտահոգությունները հունվարի առաջին աշխատանքային օրերին իսկ քննարկման առարկա կդարձնենք, որոշում կկայացնենք եւ առաջիկա հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում հավանականությունը կգնահատենք»:
Այսօր բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպել է նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։ Նա բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել հունվարին ու քննարկել խնդիրը։ Բեռնափոխադրողներն ընդունել են այս առաջարկը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ