Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյան. «Սփյուռքի նախարարությունը լուծարվելու է. կարեւոր է ապահովել գործառույթների ժառանգականությունը»

Դեկտեմբեր 27,2018 14:37

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ այս նախարարության լուծարմանը: Նա նշեց, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ սփյուռքի նախարարությունը, արդարադատության նախարարությունն աշխատանքային ընթացակարգով արդեն ներկայացրել է իր մտահոգությունները, դիտողություններն ու առաջարկությունները. «Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ շրջանառության մեջ է դրվում փաստաթուղթ, որով նախատեսվում է՝ 17 գերատեսչությունները կրճատվելու են, դառնալու են 12: Բայց սփյուռքի նախարարության մասով, ի տարբերություն մյուս գերատեսչությունների, ինչպես օրինակ մշակույթի նախարարությունը, մեր նախարարությունը պետք է լուծարվի: Այս հարցի վերաբերյալ մենք ունենք մտահոգություններ, որովհետեւ հստակ չի ցուցաբերվում, որ այն գործառույթները, որոնք իրականացնում է սփյուռքի նախարարությունը, որ գերատեսչությունն է ստանձնելու: Հետեւաբար, մենք մեր մտահոգություններն այս մասին հայտնել ենք նաեւ քաղաքական թիմին»:

Հայրապետյանը հիշեցրեց՝ Դիլիջանում վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է՝ համաձայն որոշման, սփյուռքի նախարարությունը չի լինելու. «Սակայն այդ փաստաթղթով խոսվում էր ուղղակի լուծարման մասին, եւ աշխատակիցները, որոնք հանդես էին գալիս մտահոգություններով, ինքս էլ կիսում եմ դրանք: Եվ նաեւ ինստիտուցիոնալ առումով, ինձ համար չափազանց կարեւոր է ապահովել գործառույթների ժառանգականությունը, եւ մեզ համար կարեւոր է թե՝ ո՞ր ինստիտուտն է իրականացնելու այդ գործառույթները: Այսինքն՝ սփյուռքի հետ տարվող աշխատանքները, ինչը հստակ նշված չէր այդ փաստաթղթում: Եվ ես ինձ թույլ կտամ համարձակվելու ասել, որ փաստաթղթում կլինեն փոփոխություններ, հիմնված՝ թե մեր գերատեսչության, եւ թե մյուս մի քանի նախարարությունների առաջարկությունների, մտահոգությունների հիման վրա»:

Մխիթար Հայրապետյանը չբացառեց, որ այս նախարարության գործառույթները հնարավոր է մեկ այլ գերատեսչության փոխանցվի. «Հիմա չեմ կարող ասել, որ գերատեսչությանը կանցնի, քանի որ այլ նախարարություններ եւս իրենց կարծիքները պիտի հայտնեն, եւ դրանք պետք է ամփոփվեն, պետք է կառավարության նիստ լինի, քննարկումները շարունակվում են մինչեւ ԱԺ մտնելը: Մեր պատկերացմամբ՝ կլինի դեպարտամենտ, որտեղ կներգրավվեն սփյուռքի նախարարության ներկա աշխատակիցները: Այս պահին հաստիքակազմի փոփոխությունները դեռեւս չեն քննարկվում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31