Սևանի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հրապարակում կանգնած տոնածառը սպասում էր գլխավոր արարողակարգին, որը տեղի ունեցավ նախօրեին` երեխաների երգ ու պարի, Ձմեռ պապի բարեմաղթանքների ուղեկցությամբ:
Վառվեցին Սևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը և ամբողջացրին քաղաքի տոնական տրամադրությունը: Մինչ տոնածառի շուրջ Սևանի մշակութային կենտրոնի պարային համույթների սաների կատարումներն էին հաջորդում միմյանց, քիչ այն կողմ. «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի երիտասարդները սևանցիներին հրավիրում էին ամանորյա տոնավաճառի` մեկ բաժակ թաք թեյի ընկերակցությամբ:
Դեկտեմբերի 26-ի երեկոն ջերմացել էր փոքրիկների ծիծաղից, բարձր տրամադրությունից, ինչպես նաև քաղաքի բազմագույն լույսերից, որոնք կզարդարեն մարդկանց տոնական օրերը` պարգևելով հաճելի ակնթարթներ:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը և համայնքապետարանի աշխատակազմը հոգացել են, որպեսզի նախատոնական և տոնական Սևանը լինի գեղեցիկ, լուսավոր և գրավիչ:
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ