Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը, որ պաշտոնապես հաստատվել է օրերս, բացահայտում է Հայաստանում նախկին իշխող համակարգի անկման ամբողջ խորությունը, այդ անկման վտանգի խորությունն ու նաև տարածականությունը՝ պետականության, ազգային անվտանգության տեսանկյունից: Ընդ որում՝ կարևոր չէ, թե երբվանից է Միքայել Հարությունյանը դարձել ՌԴ քաղաքացի, նա օտար երկրի քաղաքացի է եղել պաշտպանության նախարար եղա՞ծ տարիներին, թե՞ դրանից հետո: Դա անկարևոր տարր չէ ինքնին, հատկապես, երբ էական առնչություն կարող է ունենալ անօրինականության հետ: Սակայն անգամ, եթե չկա այդպիսի խնդիր, այսինքն՝ նա չի եղել օտար երկրի քաղաքացիությամբ Հայաստանի բարձրագույն պաշտոնյա, միևնույն է, ինքնին փաստը, որ այժմ նա ՌԴ քաղաքացի է և ըստ էության դիտարկում է այդ քաղաքացիությունն իբրև Հայաստանի իրավապահ համակարգից պաշտպանության միջոց, արդեն իսկ իշխող համակարգի խորքային արատի վկայություն է:
Միևնույն ժամանակ այդ ամենն էլ իր հերթին վկայում է, որ լուծած լինելով միայն համակարգի իշխանությունից դե յուրե հեռացման, այսինքն՝ արդեն ոչ իշխող համակարգ դարձնելու, և նաև ինքնին որպես ամբողջական համակարգ կազմալուծելու հարցը, մենք, որպես հանրություն, այդ համակարգի ամբողջական կենսագործունեության հարցը դեռ չենք լուծել: Ընդ որում, ակնառու է, և ոչ թե նոր, այլ հերթական մի առիթով, թե համակարգը սեգմենտային ինչպիսի ազդեցություններ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես Ռուսաստանում:
Այս իրողությունը խուճապի առիթ չէ, հիմք չէ, և ոչ էլ հակահեղափոխության կամ ռևանշիզմի մասին խոսելու: Ի վերջո, այլևս ամոթ է խոսել այդ մասին՝ ունենալով արտահերթ ընտրության 70 տոկոս արդյունք: Սակայն մյուս կողմից, ինքնախաբեություն կամ թյուր պատկերացում կլինի համարել, թե նախկին համակարգն այլևս որևէ կերպ չկա և իրենից չի ներկայացնում ոչինչ, որը կարող է արգելակել իրադարձությունների հետագա զարգացումը, ունենալ դրա վրա շոշափելի ազդեցություն, խնդրահարույց ազդեցություն, ընդ որում կրկնենք՝ նաև Հայաստանի սահմաններից դուրս: Եվ սա միայն նոր իշխանության խնդիրը չէ, այլ նաև նոր իրավիճակում իրենց հանրային ու քաղաքական տեղն ու դերը ունենալու խնդրով շահագրգռված բոլոր սուբյեկտների: Մյուս կողմից, իհարկե, այստեղ առաջանում է մեկ այլ խնդիր:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում