Գրականագետ Դավիթ Գասպարյանն ընդգծում է՝ թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ դրանից հետո օպտիմալացման քաղաքականություն է տարվում։ Այս տեսանկյունից որոշ նախարարությունների միացումը նպատակահարմար է գտնում. «Ճիշտ է՝ այդտեղ նաեւ աշխատողների գործի հարց կա, բայց կարծում եմ՝ նրանց կկարողանան տեղավորել, եւ մարդիկ աշխատանքի կորստի խնդիր չեն ունենա»։
Գասպարյանի կարծիքով, այն պարտականությունները, որ, օրինակ, կատարում է սփյուռքի նախարարությունը, կարող է լիարժեքորեն կատարել արտաքին գործերի նախարարությունը, հատկապես որ բոլոր նախարարություններում կա սփյուռքի բաժին. «Դա մի մեծ կորուստ չէ, եւ ժամանակին այդ սփյուռքի նախարարությունը, կարծեմ, ստեղծեցին այդ նախարարի համար»։
«Մշակույթի նախարարությունը 2012-ից ձեռքը դրել է իմ հրատարակած «Չարենց. Գիրք մնացորդաց» գլխին ու բանտարկել է։ Եթե մի նախարարություն գիրք է բանտարկում, էլ այդ նախարարության ինքնուրույն գոյությունն ո՞ւմ համար է։ Նախորդ նախարար Արմեն Ամիրյանին մի քանի անգամ դիմեցի, բայց անլուրջ մարդ էր եւ չգիտեր իր գործն ինչպես անել, եթե մի նախարարություն գիրք է կալանավորում 2012-ից, էլ այդ նախարարությունն ո՞ւմ է պետք, դա արդեն ոստիկանություն է, ոչ թե նախարարություն։ Այնպես որ՝ ես կողմ եմ միավորմանը, բայց այնպես, որ կորուստներ չունենանք, այսինքն՝ տվյալ գերատեսչական նշանակությունները միավորման ժամանակ պահպանվեն։ Այս մեր մի բուռ ժողովրդին բոլորը պաշտոնյա են։ Էսքան ղեկավար, նախարարություն ավելորդ է, պետք է սեղմել եւ օպտիմալացնել»։
Գասպարյանը հորդորում է նաեւ մշակույթի նախարարությունը տարբերել մշակույթից. «Մշակույթի նախարարությունն ամենեւին էլ մշակույթը չէ, մշակույթը Տիգրան Մանսուրյանն է, Հովհաննես Չեքիջյանն է, հազար ներողություն՝ մշակույթը ես եմ, որ Չարենցի անտիպներն եմ տպում, բայց իրենք կալանավորում են։ Մեր իրականության մեջ շատ պարզ է, թե ով ինչպես է հայտնվում տարբեր նախարարություններում՝ մեկը մեկի բարեկամն է, ընկերը, կուսակիցը, ամեն ինչ շատ արագ իմացվում է։ Այդ առումով բոլոր նախարարություններն էլ պետք է թափ տան եւ պահեն միայն նրանց, ովքեր արհեստավարժ են, իրենց գործի նվիրյալ եւ ոչ թե պատահականորեն հայտնվել են այնտեղ ինչ-որ մեկի միջնորդությամբ։ Ասածս այն է, որ զարկ տան մասնագիտական պատասխանատվությանը, մարդն իր տեղում իր պատասխանատվությունը կրի, ոչ թե պարապ նստեն, մի հատ սուրճ խմեն, հետո դուրս գան ընդմիջման, գան ու նորից սուրճ խմեն։ Այդ պարապությունը պետք է վերացնեն նախարարություններում»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում