«Արժի՞ կրթության նախարարությանն այլ նախարարություններ միավորել, երբ այդ կառույցում լուրջ բացթողումներ ունենք, որոնց մասին չենք խոսում: Օրինակ՝ երեք տարի է՝ այն չունի կրթության զարգացման պետական ծրագիր, ինչն օրենքի պահանջ է: Օրենքը երեք տարի շարունակ՝ ամեն օր խախտվում է»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով կառավարության այն նախագծին, համաձայն որի՝ ՀՀ մշակույթի (նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը) նախարարությունը միավորվելու է Կրթության եւ գիտության նախարարությանը, ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նա որպես խնդիր մատնանշեց նաեւ այն, որ պետք է վերանայվեն դպրոցական կրթության չափորոշիչները, սակայն 2016թ.-ից այդ նախագիծը թղթի վրա է. «Անընդհատ դժգոհում ենք դասագրքերից, ու պարզ չէ, թե երբ կբարեփոխվեն դրանք»:
Փորձագետը նաեւ նշեց, որ երկու տարի է՝ քննարկվում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, որը եւս «օդի մեջ» է. «Հետեւաբար, երբ կրթության ռազմավարական խնդիրները լուծված չեն, նպատակահարմար չէ ԿԳՆ-ին միացնել մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Ասում են, թե այդպես փոխնախարարների ինստիտուտը կզարգանա, բայց այսօր նախարարներն անգամ որոշող չեն, ուր մնաց՝ փոխնախարարները: Լինելու է փոխնախարարների հերթ՝ նախարարի մոտ մտնելու համար. մշակույթի ոլորտի մարդիկ բողոքելու են, որ նախարարը կրթությամբ է զբաղված, սպորտի ոլորտի մարդիկ էլ բողոքելու են, որ նախարարը մշակույթով է զբաղված»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2203175056617720/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ