Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը. հայտնաբերվել են խախտումներ․ ԿԳՆ

Դեկտեմբեր 27,2018 12:10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ավարտել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը: Նպատակ էր դրվել ուսումնասիրել ծրագրի բովանդակությունը,  արդյունքները, մարդկային և կրթական ռեսուրսների զարգացման ընթացքը, ֆինանսական հարցերը, հիմնադրամ-պետություն հարաբերությունների բաց և խնդրահարույց կողմերը։

Ուսումնասիրությունը կատարվել է հետևյալ ուղղություներով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում:

Բովանդակություն. «Արարատյան բակալավրիատի» բովանդակային մասի ուսումնասիրության վերհանած խնդրահարույց հիմնական կետերն են` առարկայական ծրագրերի թարգմանված և /կամ տեղայնացված լինելը (ի հակադրություն ստեղծված լինելուն), առարկայական բովանդակային անհամապատասխանությունները, ինչպես նաև հիմնական դպրոցի վերջնարդյունքների և ԱԲ-ի շարունակականության միջև առկա խզումը:

Ֆինանսներ. «Արարատյան բակալավրիատի» ֆինանսական բաղադրիչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծրագրի շրջանակում կատարված գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների  խախտումներով: Սա, մասնավորապես, վերաբերում է Քեմբրիջի համալսարանի հետ կրթական ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքմանը, «Այբ» հիմնադրամի կողմից տարածքի վարձակալությանը և այլ  գործարքների:

Ֆինանսական հաջորդ խնդիրը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից վարձակալված տարածքի (պատկանում է «Վեմ» ռադիոկայանին) և դրա վարձավճարի մեծությունն է, որը 30-40%-ով գերազանցում է համարժեք գրասենյակային տարածքի միջին շուկայական արժեքը (դիտարկումը հիմնված է անշարժ գույքի գործակալությունների կողմից տրված համեմատական կարծիք-գնահատման վրա)։ Այս հանգամանքը կարևոր է` հաշվի առնելով այն փաստը, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված գումարների մի մասը վճարվել է ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև կնքված պայմանագրերով հիմնադրամին հատկացված գումարներից:

Եվս մեկ ֆինանսական խնդիր, որն արժանի է ուշադրության, վերաբերում է պետական միջոցներից տրամադրված գումարներից հիմնադրամի աշխատակիցներին տրված պարգևատրումներին։ ՀՀ ԿԳ նախարարությունը հիմնադրամի հետ 2014 թվականի նոյեմբերի 13-ին կնքել է նվիրաբերության պայմանագիր: Հիմնադրամն իր հերթին 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում աշխատողների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր (պայմանագրի 2.1.1. կետ՝ աշխատանքը սկսել 01 նոյեմբերի 2014թ.-ից)։ Պայմանագրերի կնքումից հետո 9 աշխատակից 15 օրվա համար պարգևատրվել է` նոյեմբեր ամսին ցուցաբերած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար (առանց հիմնավորման, թե կոնկրետ ինչ աշխատանք է կատարվել, ինչ արդյունքներ են արձանագրվել նշված ժամանակահատվածում) 13 452 847 դրամի չափով:

Ծրագրի ներդրում. Ուսումնասիրության երրորդ կետով անդրադարձ է կատարվել  «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրմանն ու շարունակականությանն առնչվող հարցերին: Մասնավորապես, ծրագիրը չուներ հստակ  ներդրման պլան, որը պետք է հաստատված լիներ դեռևս 2018 թվականի մարտ ամսին: Ընտրված ներդրման մոտեցումները ռիսկային են` դպրոցների միջև հավասարության, ռեսուրսների համաչափ բաշխման ու արդարության հավասարակշռության պահպանման տեսանկյունից:

Ծրագրի շարունակականության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արարատյան բակալավրիատի» աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը ոչ պետական հենքի վրա վնասել են ծրագրի կայունության հեռանկարը: Ոչ պետական հարթակի վրա քննական կենտրոնի ստեղծումը և ծրագրի կառավարումը առաջ են բերել անբարենպաստ պայմաններ` ծրագրի կայացման, զարգացման և ընդլայնման համար:

ԱԲ ծրագրում ընդգրկված ուսուցիչների,  տնօրենների, ծրագրի տեղայնացման ուղղությամբ աշխատած, ինչպես նաև քննական կենտրոնի մասնագետների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց տվեցին, որ ներգրավված են եղել իրենց գործին պատասխանատվությամբ վերաբերվող, կրթության ոլորտի գիտակ մարդիկ: Նախարարության համար հրամայական է առավելագույնս օգտագործել ընտրված պրոֆեսիոնալների մասնագիտական ներուժը` հանրակրթության ոլորտի բարեփոխումների նպատակների իրականացման գործընթացում:

Անհրաժեշտ է նշել, որ վերոհիշյալ հարցերի մանրամասները ներկայացված կլինեն ուսումնասիրության վերջնական զեկույցում, որը կտրամադրվի «Այբ» կրթական հիմնադրամին և կհրապարակվի հիմնադրամի կողմից զեկույցի վերաբերյալ կարծիք ստանալուց հետո:

Կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31