«Օպտիմալացմանը կողմ մարդիկ առաջ են քաշում այն փաստարկը, որ առաջադեմ երկրներում նախարարությունների թիվը քիչ է: Նախ, զարգացած երկրներն ունեն գործող ինստիտուտներ եւ համակարգեր, օրինակ՝ համալսարանները հստակ գիտեն իրենց տեսլականը եւ հետեւում են օրենքին: Հետեւաբար, նման երկրներում նախարարությունների դերը հիմնականում թղթավարությունն է, քանի որ ինստիտուտները կայացած են: Իսկ ՀՀ-ում համակարգերը կայացած չեն, ուստի խոշորացման գնալը ռիսկային է»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Կառավարության այն նախագծին, համաձայն որի՝ ՀՀ մշակույթի (նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը) նախարարությունը միավորվելու է Կրթության եւ գիտության նախարարությանը, ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նրա բնորոշմամբ՝ նախարարությունների միավորումը կհանգեցնի նրան, որ կառավարման որակն անկում կապրի. «Երկիրը զարգացնում են ոչ թե նախարարությունները, այլ ինստիտուտները՝ համալսարանները, քոլեջները, մշակույթի կենտրոնները: Ինչ վերաբերում է որակումներին, թե, օրինակ, Մշակույթի նախարարության աշխատողները սուրճ խմողներ են, համաձայն չեմ, դա համոզիչ չէ: Եթե կան սուրճ խմողներ, ո՞վ է ասում, որ խնդրի լուծումը նախարարության միավորումն է մեկ այլ նախարարությանը: Եթե կան նման մարդիկ, պետք է նրանց ազատել աշխատանքից, կամ՝ նրանց ղեկավարին, եթե չի կարողանում թիմ աշխատեցնել: Կարելի է փոխել նաեւ նախարարության աշխատաոճը, մոտեցումները»:
Փորձագետը շեշտեց նաեւ «սուրճ խմողների» կրճատման հետեւանքով հնարավոր սոցիալական խնդիրների առաջացումը. «Վերջերս մասնագիտական վերլուծություն էի կարդում, համաձայն որի՝ ԱՄՆ-ում, երբ մարդիկ զինված մտնում են դպրոցներ ու գնդակահարում աշակերտներին-ուսուցիչներին, դրանք այն մարդիկ են, որոնք վատ են սովորել եւ դպրոցում մշտապես եղել են ծաղրի միջավայրում: Եթե մենք վատ աշխատողներին թողնենք լուսանցքում, ինչ-որ մեկն իրեն հրապարակում կայրի կամ մեկ այլ վատ բան կանի: Բացի այդ, պետական ծառայողների մի մասը 50-ն անց է, եւ նրանց դժվար է լինելու, ասենք, նոր մասնագիտություն փնտրել: Ուստի յուրաքանչյուր մարդ կարեւոր է, սոցիալական համերաշխությունը՝ հատկապես»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2203175056617720/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ