Այս պահին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ փակել են Երևան Թալին մայրուղին: Հարյուրավոր քաղաքացիներ, իրենց մեքենաներով փակելով ճանապարհը, պահանջում են, որպեսզի ներդրումային ծրագրի կապալառու Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը վճարի իրենց աշխատավարձերը:
Ոստիկանների հետ զրույցում ցուցարարները հայտարարում են. «Հարյուրավոր հոգու փող ուտելը հեշտ չի»: Մեկ ուրիշն էլ նշում է. «Սա էլ բողոքի ձև է դարձել Հայաստանի Հանրապետությունում, դրա համար ենք այս քայլին դիմել»:
Նշենք, որ նախագծի վերահսկողությունն իրականացնում է ֆրանսիական «Սաֆեժ» եւ իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը, որի անվան հետ է կապվում ամռանը հարուցված քրեական գործը ավտոճանապարհի կառուցման ընթացքում եղած չարաշահումների մասով:
Բողոքի ցույցի մասնակիցները Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին. «Երկար տարիներ աշխատել ենք, խնդիրներ եղել են, սակայն միշտ Նոր տարվա նախօրյակին խնդիրը լուծվել է, իսկ այս անգամ օգոստոսից չեն վճարում մեր աշխատավարձերը»:
Նրանք մտահոգված են, քանի որ Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը լքել է Հայաստան, իսկ ՀՀ կառավարությունում տարբեր կառույցներ խնդրի լուծումն իրար վրա են գցում: Մյուս կողմից Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը պատճառաբանում է, որ ՀՀ կառավարությունն իրենց փողերը չի տալիս ժամանակին, դրա համար էլ չեն կարողանում աշխատավարձերը վճարել: Ցույցի մասնակիցները վրդովված են, քանի որ իրենց բնորոշմամբ՝ կարծես կծիկ լինի այս գործը:
Նշենք, որ այս իրավիճակի պատճառով Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունն արդեն երեք միլիարդից ավել պարտքեր է կուտակել: Այդ պատճառով տուժում են մոտ 850 աշխատակիցներ, որոնք ընդգրկված են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում:
Ծրագրի ենթակապալառու մի շարք ընկերությունների ղեկավարներ դիմել են ՀՀ Տրանսպորտի նախարարին, ԾԻԳ-ի տնօրենին, ՀՀ վարչապետին, փոխվարչապետին, սակայն դեռ խնդրին լուծում չի տրվել: Մարդիկ հույս ունեն, որ այս երկու օրը հարցը կլուծվի, և կկարողանան Նոր տարի դիմավորել Հայաստանում ու ստիպված չեն լինի մեկնել արտագնա աշխատանքի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ