Սերժ Սարգսյանն այլեւս Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ։ Վերջինս իր նախաձեռնությամբ է հրաժարվել այս պաշտոնից։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 25-ին։ Քանի որ վերջին շրջանում նիստ չի եղել, ապա Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալու մասին դեռ միայն բանավոր է հայտնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին։
ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ անհայտ է, թե երբ է տեղի ունենալու խորհրդի հաջորդ նիստը, քանի որ այն կարող է տեղի ունենալ միայն ՀՀ վարչապետի կողմից խորհրդի նոր կազմի հաստատումից հետո։ Իսկ խորհրդի կազմը չի կարող նախկինը լինել, որովհետեւ դրա անդամների մի մասն ընդգրկվել էր խորհրդի կազմում կամ ի պաշտոնե, կամ անձնական համաձայնությամբ, իսկ այդ պաշտոնները, փաստորեն, հեղափոխությունից հետո այլեւս չկան։
ԵՊՀ-ում առաջացել է ճգնաժամային իրավիճակ․ առանց հոգաբարձուների խորհրդի նիստի համալսարանը ֆինանսական որեւէ գործարք չի կարողանա կատարել։ ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը ասաց, որ ռեկտոր Արամ Սիմոնյանի փոխանցմամբ՝ եթե նիստ տեղի չունենա, Երևանի պետական համալսարանը կհայտնվի անելանելի իրավիճակում, քանի որ առանց խորհրդի նիստի՝ հունվարի 8-ից ԵՊՀ-ն չի կարողանա նույնիսկ աշխատավարձ եւ ուսանողական թոշակ վճարել։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում