Նա գրառումներ էր արել, իբր տավարի միսը հրամանատարի կողմից է փոխարինվել խոզի մսով
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես, կաշառքի, ստվերի, հանցավոր գործունեություն իրականացրած պաշտոնատար անձանց դատական գործերի քննություններն անցնում են կամ դռնփակ ընթացակարգով եւ կամ արագացված, որտեղ «թղթե ամբաստանյալը» իր դատավարական իրավունքներն է իրականացնում «թղթե դատավորի» սեղանին, «թղթե մեղադրողի» մեղադրանքի պաշտպանության պայմաններում:
Մարտական ուղի անցած կապիտանի գործը դատարանում է: Մարզերից մեկի ընդհանուր իրավասության դատարանը նրան պատժել է տուգանքի՝ 250.000 ՀՀ դրամի չափով` զրկելով զինված ուժերում վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1 տարի ժամկետով: Ի սկզբանե, նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցը:
Դատական ողջ գործընթացն անցել է արագացված ընթացակարգով: Ու սա այն դեպքում, երբ օրվա քննարկումներից մեկը ՀՀ զինված ուժերում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործություններն են, «զինվորի հացը» ուտելու, կոռուպցիոն սխեմաների բացահայտումը:
Ամբաստանվողն էլ եղել է ոչ պատահական մարդ՝ պաշտպանության նախարարության N զորամասի պարենային ծառայության պետը: Կապիտանը համաձայն է եղել իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Նախաքննության ժամանակ իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար:
Նախաքննությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժինը:
2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ Ա. Կոբալյանը քրեական գործն ընդունել է վարույթ եւ ապա՝ հոկտեմբերի 27-ի որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Վ. Վիրաբյանն է այդ գործն ընդունել իր վարույթ:
Այս գործով առանձնացվել էր մեկ այլ զինվորականի գործ, ապա դադարեցվել էր քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության հիմքով:
Ըստ «թղթե» գործի՝ «Առավոտի» տրամադրության տակ գտնվող մեղադրանքի, ստուգվել էր ՊՆ զորամասի պարենային ծառայության պահեստը:
Պարզվել էր՝ կապիտանը կատարված ստուգման արդյունքում արձանագրված խոզի մսի 68.716 կգ պակասորդը նվազեցնելու եւ ձվի ավելցուկը քողարկելու նպատակով, պատշաճ կերպով կազմված` զորամասի ճաշարանին հատկացված սննդամթերքի բաշխման թիվ ապրանքագրին նմանօրինակ կեղծ ապրանքագիր է կազմել, որի մեջ ճաշի համար հատկացված մսի տեսակի վերաբերյալ ակնհայտ իրականությանը չհամապատասխանող գրառումներ է կատարել, թե իբր, ճաշի համար զորամասի ճաշարանին 29 կգ տավարի մսի փոխարեն հատկացվել է նույնքան խոզի միս, իսկ ձու ընդհանրապես չի հատկացվել, ստորագրել է ապրանքագրում թե իր, թե տվյալ օրվա խոհարարի փոխարեն: Նա կեղծ ապրանքագրի` մսի տեսակի բովանդակությունը զորամասի հրամանատարի կողմից որոշակի ժամանակահատվածի համար հաստատված «մթերքների բաշխումը` ըստ թիվ 1 օրապահիկի, չափաբաժինը` ՊՆ N զորամասի» անվամբ պաշտոնական փաստաթղթին համապատասխանեցնելու համար դրանում իրականությանը չհամապատասխանող կեղծ ձեռագրով գրառումներ է կատարել, իբր նախատեսված տավարի միսը զորամասի հրամանատարի կողմից փոխարինվել է խոզի մսով` այդ գրառումները հաստատելով զորամասի հրամանատարի ստորագրությանը նման իր կողմից դրված կեղծ ստորագրությամբ:
Ի դեպ, գործով վեց վկաների ցուցմունքների համաձայն, պարենային պահեստի սննդի հաշվառման մատյանի, ապացույց ճանաչված ապրանքագրի, «մթերքների բաշխումը` ըստ թիվ 1 օրապահիկի, չափաբաժինը` ՀՀ ՊՆ զորամասի» անվամբ փաստաթղթի պատճենի, զորամասի ճաշարանում սննդի պատրաստման որակի հսկողության հաշվառման մատյանի զննության արձանագրություններով հաստատվել է «զինվորի հացը» գողացողի կատարած հանցանքը:
Այնուամենայնիվ, հաշվի են առել այն, որ կապիտանն ուներ անչափայաս երեխա, ծառայության ընթացքում պարգեւատրվել է «ՀՀ Զինված ուժերի 20 տարի», «Անբասիր ծառայության համար I աստիճանի», «Մարտական ծառայություն», ՌԴ ՊՆ մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով: Դատարանն արձանագրել էր նաեւ, որ նա պարգեւատրումներ ունի նաեւ «սույն գործը դատարան ուղարկելուց հետո», այն էլ երեք անգամ՝ այս տարվա մարտի 21-ին, հունիսի 23-ին եւ հուլիսի 7-ին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.12.2018