Ստեղծված իրադրությունում երեւում է երկու ճանապարհ՝ կա՛մ Մանվել Գրիգորյանի կալանավորում պահանջող ամբոխը, հատկապես նրան հրապարակավ հանցագործություններ մեղսագրողները պետք է ցուցմունք տան իրենց հայտնի հանցանքների, անգամ զանցանքների մասին, որ կատարել է Մանվել Գրիգորյանը, որպեսզի այդ դրվագներով Գրիգորյանի դեմ հետաքննություն սկսվի (դա նաեւ օժանդակություն կլինի փողոցի բառապաշարով հեռախոսազրույցներ վարող Սասուն Խաչատրյանի հիմնարկին, որի քննիչները «տուշոնկա գողանալու» ամբաստանությունը կարծես չեն կարողանում Գրիգորյանի դեմ որպես մեղադրանք ձեւակերպել եւ ապացուցել, հնարավոր է նոր մեղադրանքները փոքրիշատե հիմք տան մեղադրական եզրակացություն կազմելու)։ Կա՛մ էլ եթե Գրիգորյանի կատարած հանցագործությունների մասին աղաղակողները ստում են՝ առանց հավատարժան տեղեկությունների եւ փաստերի տիրապետելու, այդ դեպքում իրենց դեմ պետք է սուտ մատնության հոդվածով քրեական գործեր հարուցվեն։
Չկա այլ ճանապարհ։ Մենք Պակիստան չենք, որ հանցագործ տարրերն ու սադրիչները դատարկախոսությամբ կամ սո՛ւտ մատնություններով ամբոխ գեներացնեն ու դեռ դատարանից կամ դատավորից էլ պատասխան պահանջեն։
Իմիջիայլոց, դատավորը, որի դեմ գազազել է Գրիգորյանի կալանավորումը պահանջող ամբոխը, արժանի է միմիայն հարգանքի եւ դրվատման՝ իր ինքնուրույնության, իրավունքի ընկալման եւ ամբոխահաճության մակարդակի չիջնելու համար։ Գովելի է, որ Հայաստանում կան ինքնուրույնություն ունեցող եւ արդարադատության բարձրության վրա մնացող դատավորներ։
Ինչ վերաբերում է դատավորի դեմ մոլեգնած ամբոխին, ապա ո՞ր իրավունքով, ովքե՞ր են, ինչի՞ են լիազորված։ Հայաստանը նախնադարի մնացուկ չէ, որտեղ արդարադատությունն ու դատավորը պիտի իջնեն փողոցային ամբոխի առաջ հաշվետու լինելու մակարդակի։ Արդարադատությունը Հին Հռոմից մինչ այսօր իրականացվում է հանուն մարդկային արժեքների, ոչ թե դրանց անհաղորդ ամբոխի քմահաճույքների։
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում