Այս օրերին գնային տատանումներ են նկատվում նաեւ գյուղատնտեսական ապրանքների շուկայում: «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ կարծիքով՝ մինչեւ նոր տարի ու ողջ ձմեռվա ընթացքում կթանկանա մասնավորապես կարտոֆիլը: Նրա կանխատեսմամբ, դրա գինը կրկնակի կավելանա՝ հասնելով մինչեւ 400 դրամի. «Այսօր կարտոֆիլի մեծածախ վաճառքի գինը 130 դրամ է: Բայց մինչեւ Երեւան է հասնում, գինը հասնում է 200-250 դրամի:
Բավական է ձյունը նստի, դրա գինն ավելի է բարձրանալու: Իսկ պատճառը ցանքատարածությունների կրճատումն է: Նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանում ցանքատարածությունները 6500 հեկտարով կրճատվել են, որի գրեթե կեսը` 3200 հեկտարը, կարտոֆիլի ցանքատարածություններ են»:
Ֆերմերների շահերը պաշտպանող կազմակերպության նախագահը կարծում է, որ ամանորին ավելի մոտ կտրուկ կթանկանա նաեւ կանաչեղենը, քանի որ մարդիկ առայժմ այն չեն գնում, կանաչին դժվար է պահեստավորելն ու երկար ժամանակով պահպանելը: Ուստի վերջին օրերին վաճառողները կօգտվեն մեծ պահանջարկից եւ առնվազն կրկնակի թանկ գնով կփորձեն իրացնել այդ գյուղմթերքը:
Ինչ վերաբերում է մրգին, ապա ցիտրուսեղենը, նրա կանխատեսմամբ, հազիվ թե թանկանա, քանի որ այս տարի եւս շուկայում մեծաքանակ առաջարկ կա՝ ավելին, քան պահանջարկն է: Թվում է՝ դա պետք է նպաստեր գների նվազմանը, բայց Հրաչ Բերբերյանն այս տարի մրգի շուկայում շոշափելի գնանկում չի նկատում:
Անգամ իշխանափոխությունից հետո էժանացած բանանի շուկայում են այս օրերին տեղ-տեղ թանկացումներ նկատվում: Բարձրորակ բանանի գինը որոշ իրացման կետերում հասնում է մինչեւ 700 դրամի: Իսկ կառավարության մատնանշած էժան գներով բանանն իրականում անորակ ու միջազգային շուկայում շատ ավելի քիչ պահանջարկ ունեցող բանանն է: Հենց դրանով է նա հիմնականում պայմանավորում բանանի էժանացումը:
Հարցին, թե ինչպիսի Ամանոր է սպասում այս տարի մեր հասարակությանը՝ հաշվի առնելով, որ վարչապետի պաշտոնակատարը պարբերաբար հայտարարում է, թե կատարել է ժողովրդին տված բոլոր խոստումները, Հրաչ Բերբերյանն ասաց, որ այս տարին նախորդ տարվանից տարբերվելու է նրանով, որ մեծ թվով մարդկանց շրջանում ավելի են խորանալու անկումային տրամադրությունները, հազարավորներն արդեն տեղյակ են, որ տոներից հետո գործազուրկ են դառնալու եւ աշխատում են տնտեսել գումարները՝ խուսափելով ամանորյա տոնակատարությունից:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում