Կառավարության օպտիմալացման եւ նախարարությունների քանակը կրճատելու նպատակն ակնհայտ է՝ խնայել պետական միջոցները՝ հաստիքները, սպասարկող մեքենաները, վառելիքը, ներկայացուցչական ծախսերը, ազատվել ավելորդ բյուրոկրատական բեռից: Օպտիմալացման ընդդիմախոսները հարցին մոտենում են զուտ «քնարական» տեսանկյունից՝ առանց մշակույթի նախարարության հայ մշակույթը կկործանվի, եթե չլինի սփյուռքի նախարարություն, ապա Սփյուռքն անտեր կմնա եւ այլն: Քանի որ հիմնական մտահոգությունները հնչում են ոչ թե գյուղնախարարության կամ, ասենք, Ջրպետկոմի միաձուլման վերաբերյալ, այլ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների, անդրադառնանք հենց դրանց:
Ասում են, սփյուռքի նախարարության մասին կարծիքներ է պետք լսել Սփյուռքից: Համաձայն չեմ. նախարարության մի քանի տասնյակ աշխատակիցները աշխատավարձ են ստանում մեր՝ հայաստանցի հարկատուների միջոցներից, եւ հետեւաբար այդ հարցով պետք է պետք է դիմել մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս: Իսկ քաղաքացիներն ընտրել են խորհրդարանի ներկա կազմը, որը պիտի քննարկի խնդիրը եւ քվեարկի՝ հաստատելով կամ մերժելով կառավարության նոր կառուցվածքը: Իմ կարծիքով՝ այս 28 տարիների ընթացքում Սփյուռքի հետ տարվող աշխատանքն անբավարար էր թե՛ այն ժամանակ, երբ սփյուռքի նախարարություն չկար, եւ թե՛ այն ժամանակ, երբ նման նախարարություն կար: Հիմնական թերությունն այն է, որ պահպանվել էր խորհրդային «Սփյուռքի կոմիտեի» տրամաբանությունը՝ միջոցառումներ, կենացներ, միասնության երդումներ եւ այլն: Անկախ պետության բացակայության պայմաններում դա միանգամայն արդարացված էր: Հիմա այդ միջոցառումները գուցեեւ շոյում են սփյուռքահայերի մի մասի ինքնասիրությունը, բայց զուտ Հայաստան պետության օրակարգի հետ կապ չունեն: Իսկ մեր օրակարգն է՝ անվտանգությունը, տնտեսությունը, կրթությունը, լայն իմաստով՝ լոբբիզմը, որտեղ Սփյուռքը կարող է հսկայական դեր խաղալ: Երբ ես այս հարցերը տալիս էի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին, նա միանգամայն տեղին պատասխանում էր, որ նման հարցերով ավելի լավ է դիմեմ արտգործնախարարությանը: Այդ գերատեսչությունն անշուշտ պետք է ուժեղացնել, գործառույթներն ընդլայնել եւ դարձնել ԱՄՆ Պետդեպարտամենտի նման մի կառույց, որը կզբաղվի նաեւ մեր քաղաքականության «սփյուռքյան» մասով:
Նույնը՝ մշակույթի նախարարությունը: Եթե չկա մշակութային քաղաքականություն, ապա ի՞նչ տարբերություն՝ այն բացակայում է առանձին նախարարության առկայությա՞ն, թե՞ միաձուլման պարագայում: Իսկ եթե այն լինի, ապա կարող է իրականացվել կառույցի ցանկացած կարգավիճակի պայմաններում:
Իհարկե, սպասվում է կադրերի կրճատում: Բայց ինչու պետք է բյուրոկրատական ապարատում տեղ զբաղեցնելը լինի սոցիալական խնդիրների լուծման միջոց: Մեղք են մարդիկ, որոնք զրկվելու են աշխատանքից, բայց ավելի մեղք ենք մենք՝ հարկատուներս, որ պահում ենք հսկայական անարդյունավետ կառույցներ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Սփիւռքի նախարարութեան անհետացումը խնդիր մը չէ: Եթէ Սփիւռքը կը կարծէ թէ այդ նախարարութիւնը հարկաւոր է – եւ կարող է որ այդպէս լինի -, ապա՝ Սփիւռքը թող բարեհաճի ստանձնել անոր բոլոր ծախսերը: Նոյն քանաքով նուազեցնելով սակայն իր մնացեալ դրամական տեւական ներդրումը Հայաստանի մէջ – քանզի հակառակ ոմանց կարծածին, Սփիւռքի նիւթական կարողականութիւնը անսահման եւ անսպառ չէ – :
Սակայն Մշակոյթի նախարարութեան ջնջումը՝ ուղղակի աշխատանքէ եւ պասատխանատւութենէ փախուստ է: Էական ձախողութեան փաստ է, խոստովանութիւն է: Եւ եթէ անոր վերջին «նախարարուհի»ին հիմա ել պետական բարձր պաշտօն պիտի տրուի… այսպիսի քստմնելի երեւոյթների դիմաց, մարդ պահ մը նորէն կը մտածէ իսկապէս հրաժարիլ հայ լինելէ (մենք ունենք այդ շատ հեշտ այլընտրանքը, սերունդներէ ի վեր, դասական Սփիւռքի մէջ)…
Ամէն դէպքում, այս որոշումները անակընկալ չեն, այս կամ այն ձեւով յայտնուած էին ընտրութիւններէն շատ առաջ: Հետեւաբար, այն բնիկների պարագային որոնք ի նպաստ նոր վարչակարգին քուէարկեցին – ներառեալ ձեռնպահ, չքուէարկողները – , անոնց այժմու բողոքները ի զօրու չեն:
Սակայն նաեւ անընդունելի են աւանդական Սփիւռքի այն կազմակերպութիւններուն կամ հանրային անձնաւորութիւններուն ներկայիս աղիողորմ գանգատները, որոնք ինը ամիսներէ ի վեր՝ յոտնկա՛յս ծափահարում էին նոր վարչակարգին: Երեւի կ’ակընկալէին որ Հայաստանի մէջ կարեւորութիւն մը կը տրուէր վերջապէս իրենց, Սփիւռքի Նախարարութեան միջոցաւ: Ցարդ լուռ մնացողներն ալ հիմա թող գոնէ վերանային թէ որքան իմաստուն է իրենց այդ զգուշաւոր լռութիւնը…
Յ.Գ. Հայ Մշակոյթը, գեղարուեստական առումով, եթէ այսօր գոյութիւն ունի – Հայաստանի ե՛ւ Սփիւռքի մէջ -, դա կը պարտինք սովետական Հայաստանի պետութեան: Այն ժամանակ է որ, շնորհիւ պետութեան ջանքերուն, Հայաստանի մէջ ոչ միայն պահպանուեցաւ այլ հոյակապ կերպով վերականգնեցաւ եւ ծաղկեցաւ հայկական գեղարուեստական մշակոյթը, եւ սնանեց նաեւ Սփիւռքը, մեծապէս նպաստելով անոր հայապահպանման ճիգերուն: Մինչ անկախութենէն ի վեր, մեր մշակութային անկումը սարսափելի է, համահայկական տարողութեանբ: Հետեւաբար այսօր եւս, այդ նախարարութեան կենսական կարիքը կայ, թէ Հայաստանի համար եւ թէ Սփիւռքի, եթէ ան ունենայ սովետական ժամանակներու այդ բնագաւառին մէջ պետական կարողութեան եւ կազմակերպական հմտութեան մի փոքրիկ, նուազագոյն տոկոսը միայն: Եւ լաւ, քանի որ անկէ ալ օգուտ ստանալու է Սփիւռքը, ան թող մասնակցի այդ նախարարութեան ծախսերուն ալ, եալլա – իր մնայուն նուիրատւութիւններու ընդհանուր գումարը ըստ այնմ վերաբաշխելով – : (Ըսէք հելէ, եղածին վրայ ուրիշ բաներու համար ալ դեռ դրամ կ’ուզէ՞ք… Քանի որ անկէ զատ, որեւէ՜ ուրիշ բան չէք ուզեր մեզանից, մերսի, լաւ հասկացանք: )
Կա ամեն ինչի պարզագույն լուծում: Նախարարությունները պետք է պարզապես համարակալել և անվան փոխարեն ունենալ թվեր՝ առաջին նախարարություն և այլն: Ամեն իմ տհաս իր պարտքն է համարում միտք ասել մշակույթի և սփյուռքի մասին՝ սկսած քուչեն ռաբիզ լսողից մինչև մանկամիտ նախարար: Համարակալելով գոնե մի մասի ձայնը կարելի է կտրել՝ տխմար ոռնոցից արդեն ուգար եղանք: Երեկ ՛՛Շանթ՛՛-ով նայում էի, թե ինչպես եք տանջվում այն դատարկ կնոջ զառանցանքից մշնախ-ի մասին: Հիմա սա է՝ հո չենք գնալու մեզ մոստից քցենք:
Մենք քոչվոր չենք, մեր պապերը ժամանակին քոչվորներին պարտվել են ու մեզ քոչվորներներն ու քոչվորահպատակներն են քշել մեր երկրից, իսկ պետության իմաստներից մեկն էլ այն է, որ այնքան ուժեղ լինենք, որ ոչ միայն չկարողանան մեզ քշեն մեր հողից, այլեւ այնքան ուժեղ լինենք, որ հետ վերցնենք մեր պապական հողերը, մեր պապական հողի վրա է մեր հայ էությունն ու հայ բազմազանությունը՝ բարբառներ, բնավորություններ, խոհանոց ու նման բաներ ձեւավորվել: Դրա համար մենք առանձնահատուկ ժողովուրդ ենք, դրա համար մեր սփյուռքը սովորական սփյուռք չի, մեր սփյուռքը ինչքան էլ լավ ապրի դրսում, միեւնույնն է երազում է վերադառնալ իր պապական հողին ու ջրին, օդին ու արեւին, իսկ հայրենադարձությունը հզորագույն պետության միջոցով է հնարավոր, իսկ նման հզոր պետությունն առանց սփյուռքի մասնակցության հնարավոր չէ եւ անիմաստ է: Կարճ ասած՝ Սփյուռքը պայմանագիր է կնքում Հայ պետության հետ, համաձայն որի Սփյուռքը պարտավորվում է ամեն ամիս վճարել իր եկամտի տասը տոկոսը Հայ պետությանը, իսկ Հայ պետությունը պարտավորվում է ապահովել Սփյուռքի հետ պայմանագրում գրված բոլոր պահանջները: Շատ լավ կլիներ, որ Հայ քաղահացին էլ նման պայմանագիր կնքեր Հայ պետության հետ, պարտավորվելով վճարել հարկեր ու ենթարկվել օրենքներին, իսկ Հայ պետությունը նմանապես պաշտպաներ Հայ քաղաքացու օրենքում հստակ ձեւակերպված շահերը: