Դաշնակիցներն առանց Հայաստանի դիրքորոշումը հաշվի առնելու կայացնում են որոշում
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք այցից երկու օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էր Մոսկվա մեկնել՝ բանակցությունների: Ռուս-բելառուսական բանակցություններից մեկ օր առաջ Լուկաշենկոն Ռուսաստանի հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը այլեւս Բելառուսի համար եղբայրական երկիր չէ՝ պարզապես գործընկեր է, ու հավելել է, որ Ռուսաստանը մերժել է Բելառուսի բոլոր առաջարկները գազի գնի եւ հարկային մանեւրումների համար փոխհատուցումների վերաբերյալ:
Լուկաշենկոյի եւ Պուտինի բանակցությունների հիմքում ռուս-բելառուսական տարաձայնություններն են նավթի արտահանման եւ վաճառքի ոլորտում Ռուսաստանի հարկային փոփոխությունների շուրջ: Ռուս-բելառուսական բանակցությունների հիմնական խնդիրը ֆինանսական տարաձայնություններն են: Ըստ փորձագետների՝ ռուս-բելառուսական նոր ճգնաժամի հիմքում Ռուսաստանի փորձերն են ազդեցության մեծացման ուղղությամբ, որն էլ Լուկաշենկոն համարում է ոտնձգություն երկրի ինքնիշխանության դեմ: Դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ Լուկաշենկոյի կողմից լսում ենք քննադատություններ՝ ուղղված ՌԴ-ին, ԵԱՏՄ-ին:
Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեկնարկին արդեն Լուկաշենկոն նշեց. «Եկեք ճիշտը ասենք՝ ոչ ոք չունի նման մտերիմ հարաբերություններ, ինչպիսին Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ հարաբերություններն են, եւ, բնականաբար, ծագում են խնդիրներ, որոնք մենք կարող ենք կարգավորել»։ Մինսկը Մոսկվայից փոխհատուցում է պահանջում եկող տարվա համար՝ շուրջ 300 միլիոն դոլար: Իսկ Մոսկվան ասում է, թե որեւէ խոստում փոխհատուցման մասին Մինսկին չի տվել: Մինսկը հակառակն է պնդում: Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ դե յուրե գործում է նաեւ Միասնական պետության մասին պայմանագիրը: Բելառուսական կողմը, սակայն, համարում է, թե Եվրասիական տնտեսական միության ստեղծումից հետո այդ պայմանագրի շատ դրույթներ կորցրել են իրենց իմաստը:
Ի թիվս այլ հարցերի՝ փորձագետները կանխատեսում էին, որ Լուկաշենկո-Պուտին բանակցություններում քննարկվելու է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Ռուս-բելառուսական բանակցություններից օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին, կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Լուկաշենկոն ընդունել էր Զասին, որը զբաղեցնում է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, եւ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա ընդգծել է. «Բելառուսը մի քանի թեկնածու ուներ, սակայն ես ընտրեցի Ձեզ, որպեսզի, այսպես ասած, օրինակ ծառայենք եւ ցույց տանք, որ անհրաժեշտ է պաշտոնաթող գեներալների փոխարեն ղեկավարումը հանձնել երիտասարդ ու հեռանկարային գեներալներին՝ կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու համար»:
Ստանիսլավ Զասը այս ընթացքում հանդիպումներ ունեցավ կառույցի անդամ բոլոր երկրների իշխանությունների հետ՝ բացառությամբ Հայաստանի: Մինսկի թեկնածուն պնդում է, որ բոլոր այդ երկրներում՝ Ռուսաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում եւ Տաջիկստանում, աջակցություն է ստացել: Օրերս տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը աջակցել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում եւ ստորագրել է նրա նշանակումը:
Զասը հայտնեց ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների հետ հանդիպման մասին, որոնց հետ պետք է համաձայնեցներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությունը: Հետեւաբար Բելառուսի Ազգային անվտանգության պետքարտուղար Ստանիսլավ Զասն ակնկալում է եւ հույս հայտնում, որ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կոնսենսուսով: Այդ մասին նա օրերս հայտարարեց Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի այցից առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածությունը, ըստ Զասի, արդեն համաձայնեցրել էին Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի նախագահները: «Հանդիպումներն անցել են դրական՝ հաշվի առնելով տոնը, բնույթը, արդյունավետությունը, եւ օգտակար են եղել անձամբ ինձ համար: Նպատակահարմար է քաղաքականության մեջ ներմուծել այնպիսի սխեմա, երբ ռազմաքաղաքական բլոկի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող մարդը հանդիպումներ է ունենում բոլոր պետությունների ղեկավարների հետ»,- ասել է պետքարտուղարը: Զասը պատմել է, որ նախագահների հետ հանդիպումներում ինքը լսել է՝ ինչպես են նրանք գնահատում իրավիճակը տարածաշրջանում եւ հենց կազմակերպության գործունեությունը, ինչ հարցերի լուծումներ են ակնկալում առաջիկայում: Հարցին՝ արդյոք նախատեսվո՞ւմ է հանդիպում Հայաստանի ղեկավարի հետ, Զասն ասել էր. «Պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար պահի մեկնել այնտեղ եւ հանդիպել նրա, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի հետ, քննարկել միգուցե այն հարցերը կամ խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեության մեջ, եւ շարունակել աշխատել, այդ թվում՝ այդ խնդիրների լուծման շուրջ»: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ որոշումներ կայացնելու կարգը նախատեսված է սահմանափակ ձեւաչափով, երբ ոչ բոլոր երկրներն են համաձայն այս կամ այն հարցի հետ. «Բայց ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, փոխհամաձայնության կգանք, եւ այսօր առկա հարցերը կհանվեն: Այդ տարբերակը կլինի ամենալավն ու օգտակարը գործի համար: Անհրաժեշտ է հաղթահարել այդ տարաձայնությունները եւ սկսել բնականոն աշխատանքը»:
Եվ ահա, Ռուսաստան Փաշինյանի մեկնելուց երկու օր առաջ ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին, ըստ որի՝ Հայաստանը ելնում է այն բանից, որ հարցը վերջնականապես որոշված չէ, հայտնեց, որ ՀԱՊԿ անդամ վեց երկրներից հինգը պաշտոնապես հաստատել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Իր համաձայնությունը չի տվել միայն Երեւանը։ ԱԳՆ-ից լրատվամիջոցին ասել են, որ վերջակետ այդ հարցով կդրվի դեկտեմբերի 27-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Զասին Պուտինն ընդունել է դեկտեմբերի 18-ին, սակայն այդ մասին տեղեկատվություն Կրեմլի էջում չկա։ Դեկտեմբերի 12-20-ն ընկած հատվածում Բելառուսի կողմից առաջադրված թեկնածուն հանդիպումներ է ունեցել նաեւ ՀԱՊԿ անդամ երկրներից՝ Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ղեկավարների հետ։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Ստանիսլավ Զասի թեկնածությանը։
«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը հետաձգվել է»,- ասել է ՀԱՊԿ մամուլի խոսնակը։ Ռուսաստանի ԱԳ նախարարությունից թերթին հայտնել են՝ Մոսկվան հույս ունի, որ կադրային հարցը կլուծվի մինչեւ տարեվերջ։ «Կարծում եմ՝ դեկտեմբերի 27-ին Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումից հետո հստակություն կլինի։ Ցանկալի է՝ Նոր տարին սկսենք դրական։ Հույս ունենք, որ դեկտեմբերի 27-ին ամեն ինչ կորոշվի։ Պետք են փոխզիջումներ։ Հույս ունենք, որ հայկական կողմն իմաստուն կգտնվի։ Երբ կազմակերպության անդամ ես, ապա պետք է պատրաստ լինես փոխզիջումների»,-ասել է ԱԳՆ աղբյուրը։
Առհասարակ ուշագրավ էր Զասի՝ Հայաստան այցելելու թեման: Օրերս պաշտոնական Երեւանը հայտարարեց, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի միջեւ հանդիպում չի նախատեսվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել էր վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը. «Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսվում: Եթե մինչեւ հիմա հանդիպում տեղի չի ունեցել, ապա նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»:
Այնուհետեւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի հանդիպել Բելառուսի ներկայացուցիչ Զասի հետ, մինչդեռ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներ նա արդեն իսկ այցելել է, նկատել էր. «Մենք չենք մերժել, մենք ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չենք համարում, քննարկումները շարունակվում են»: Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես ասել է, որ հարցը պետք է որոշվի կոնսենսուսով, ու պետք է փորձել հասնել կոնսենսուսի:
Ռուսաստան կատարելիք այցից օրեր առաջ Փաշինյանը հարկ համարեց փաստել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված չէ Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, եւ մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: «Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, եւ ինչպես նախկինում ասել եմ՝ փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է եւ ճշգրտումն է ու այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը: Եղել են ժամանակներ, երբ ՀԱՊԿ-ում ռոտացիոն սկզբունքը չի գործել՝ նույն մարդը երկար տարիներով եղել է գլխավոր քարտուղար: Գլխավոր քարտուղարի հարցը չէ խնդիրը, որովհետեւ գլխավոր քարտուղարի ժամկետը կավարտվի, օրինակ՝ ռոտացիան կփոխվի, հետո էլի կհասնի Հայաստանին՝ այդ շրջապտույտը անընդհատ կպտտվի»,- ասել է Փաշինյանը։ Ապա նա հավելել էր՝ խնդիրը ավելի խորն է եւ բովանդակային, ու «անկեղծ ասած, գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած այդ քննարկումներից եւ տեղի ունեցող եւ տեղի ունենալիք, որովհետեւ շատ բաց, անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը ՀԱՊԿ-ում երբեք տեղի չի ունեցել»: «Եվ մենք պետք է նաեւ մեր անվտանգային միջավայրը հասկանալով՝ հարց տանք ինքներս մեզ՝ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ: Սա կարեւոր արձանագրում է, իհարկե, այս թեմաները քննարկելու ենք»,- ասել է Փաշինյանը:
Հայաստանի իշխանությունները տեւական ժամանակ պնդեցին, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին է պատկանում, ոչ թե անձին, եւ այդ պաշտոնը պետք է շարունակի զբաղեցնել ՀՀ թեկնածուն: Սակայն վերջնահաշվում առանց Հայաստանի դաշնակից պետությունները կայացրեցին իրենց որոշումը: Այսօր, ըստ ամենայնի, Փաշինյան-Պուտին բանակցություններում վերջակետ կդրվի այս հարցին: Պաշտոնական Երեւանի վերջին օրերի շեշտադրումները հուշում են, որ բոլորը հաշտվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորստի հետ, քանի որ արդեն մեր հասարակությանը խորհուրդ են տալիս կենտրոնանալ ՀԱՊԿ-ի կարգավիճակի, բովանդակության ու արդյունավետության հարցերի վրա:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն իհարկե հավերժ Հայաստանինը կամ որեւէ այլ երկրինը չէ: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս ենք այդ պաշտոնը կորցնում, ինչո՞ւ չենք կարողանում պահպանել մեր դիրքերը եւ դրա հետեւանքով՝ դաշնակից պետություններին ընձեռո՞ւմ ենք նոր առիթներ ընդդեմ Հայաստանի իրենց քայլերն «արդարացնելու», թե՞ ոչ: Այս հարցերի պատասխաններն են, որ պետք է ունենա Հայաստանի դիվանագիտությունը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 27.12.2018
Եթէ լաւ հասկացայ, ոչ միայն նախագահութիւնը պիտի տան այդ միւսին, սակայն վրան ալ՝ Հայաստանի հաւանութիւնը պիտի ստանան այդ ուղղութեամբ…
Եւ այս ամէնը, վասն ինչի՞… Հիմնականօրէն, որպէսզի Վարչապետը իր մկանները ցոյց տայ իր երկրպագուներին, հայ զօրավար մը վարկաբեկելով աշխարհի առջեւ:
way to go…