Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողն ակնկալում եւ սպասում է

Դեկտեմբեր 27,2018 14:00

Վերջապես ունենք իշխանություն՝ լեգիտիմ եւ լեգալ: Արդեն սկսվում է իշխանության քննադատությունը: Եվ ցանկանում եմ, որ գործող իշխանությունը մեկընդմիշտ գիտակցի, որ ինքը գտնվում է հասարակության մշտական հսկողության ներքո, արդար, իսկ երբեմն էլ ոչ այնքան արդար, անգամ թշնամական, քննադատության թիրախում, ինչպիսին էլ որ լինի: Անգամ չափազանց գրագետ եւ արդյունավետ իշխանությունը ենթակա է քննադատության, որովհետեւ մարդկանց սպասումները միշտ շատ ավելին են, քան կարող է տալ իշխանությունը: Միայն շատ եմ խնդրում իշխանության ներկայացուցիչներին, որ որոշ ժամանակ անց նախկին իշխանությունների նման հանկարծ լացակումած չասեք՝ «բա մենք ոչ մի լավ բան չե՞նք արել»: Այդպես է եղել միշտ, աշխարհի բոլոր ծագերում, բոլոր ժամանակներում: Այդպիսին է իշխանության ճակատագիրը, իսկ ճակատագրից չես փախչի:

Ցանկանում եմ, որ գոնե այսօրվա իշխանությունը գիտակցի, որ ուշ կամ շուտ ինքն իր տեղը զիջելու է եւ վերածվելու է ընդդիմության: Այս հանգամանքը, օրինակ, չգիտակցեց նախկին իշխանությունը, թեեւ բազմիցս այդ մասին զգուշացվել էր. նա կարծում էր, որ անգամ Սահմանադրությունը համապատասխանեցնելով իր նկրտումներին՝ կարող է անվերջ երկարաձգել իր իշխանությունը եւ դրսեւորում էր արհամարհական վերաբերմունք թե՛ հասարակության, թե՛ ընդդիմության նկատմամբ: Իր այդ վարքագծով նա ամեն ինչ արեց հեղափոխությունը հասունացնելու համար: Իսկ ստիպված եմ հիշեցնել, որ հասարակության համար հեղափոխությունից վատ բան չկա, ինչպես ապացուցել են աշխարհի բոլոր հեղափոխությունները: Եկեք չմոռանանք, որ «հեղափոխությունը պատրաստում են հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ պտուղները քաղում են թափթփուկները» (Օ. ֆոն Բիսմարկ): Մեծ քաղաքական գործչի ասածից բխում է մի ակնհայտ ճշմարտություն, թե որքանով կկարողանանք արգելափակել թափթփուկների ճանապարհը: Միայն այս պայմանի ապահովման միջոցով նոր իշխանությունը կապահովի պետության եւ հասարակության բնականոն զարգացումը: Հակառակ պարագայում կհայտնվենք նույն իրավիճակում, ինչ մինչեւ ընտրությունն էր, իսկ դրա պայմաններն այսօր ավելի քան առկա են:
Այժմ մի քանի խոսք անցած խորհրդարանական ընտրության արդյունքների հպանցիկ դիտարկման շուրջ: Առաջինը՝ կատարվել է ամենակարեւոր եւ հիմնական խնդիրը՝ կազմակերպվել է, ընդհանուր առմամբ, լեգիտիմ ընտրություն: «Ընդհանուր առմամբ»-ը պատահական չեմ գրել՝ նկատի ունենալով, որ դեռեւս ամբողջությամբ չեն գնահատվել տեղ գտած թերությունները: Մասնավորապես, իմ կարծիքով, մտահոգիչ է մասնակիցներից մեկի ֆինանսական միջոցների խնդիրը:

Երկրորդ՝ արձանագրենք, որ նորմալ ընտրությունների միջոցով ձեւավորվել է այնպիսի խորհրդարան եւ համապատասխանաբար այնպիսի իշխանություն, որն արժանացել է ընտրողների վստահությանը: Արձանագրենք նաեւ, որ ժողովուրդը երբեք չի սխալվում, ինչպիսին էլ որ լինի նրա ընտրությունը: Իսկ եթե այնուամենայնիվ ընտրված իշխանությունը չարդարացնի ժողովրդի սպասումները, ապա դրա համար Սահմանադրությամբ նախատեսված է անցկացնել պարբերական ընտրություններ: Այս առնչությամբ ցանկանում եմ նաեւ նշել, որ ամենեւին պարտադիր չէ պահպանել Սահմանադրությամբ սահմանված ժամկետները, հնարավոր են այդ նույն Սահմանադրությամբ սահմանված այլ եղանակներ, ինչպես որ կատարվեց արտահերթ ներկա խորհրդարանական ընտրությունը: Այս առիթով ցանկանում եմ հակադարձել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի ընդվզմանը, այն է՝ «ժողովուրդը բան ու գործ չունի՞…»: Հարգելիս, իհարկե լավ կլինի, որ ժողովուրդը իր «բանն ու գործը» չթողնի եւ զբաղվի միայն ընտրություններով: Բայց դա ամենեւին կախված չէ ժողովրդից, այլ միայն ու միայն իշխանությունից եւ այդ թվում՝ ընդդիմությունից: Եթե դուք չարդարացնեք ձեզ ձեր աշխատանքով, ժողովրդին կստիպեք վերստին «բանն ու գործը» թողնել եւ զբաղվել ձեզնով: Միշտ նախանձել եմ այն երկրներին, որտեղ քաղաքացիները չգիտեն, թե ով է իրենց նախագահն ու վարչապետը: Նրանց հիշում են միայն նրանց վատ աշխատանքի ժամին, երբ չարաշահում են իրենց իշխանությունը: Բացի այդ, ինչո՞ւ եք կարծում, որ այլ կարծիք ունեցողը սխալ է եւ պետք է նրան «քլնգել»: Դուք ասեք ձերը եւ փորձեք հիմնավորել այն. հարգեք ուրիշի կարծիքը, որ ուրիշն էլ հարգի ձերը: Եղեք վեհանձն ու հանդուրժող: Ասվածը ամբողջությամբ վերաբերում է նաեւ Ն. Փաշինյանին, որը նույնպես այդ հարցի շուրջ դրսեւորեց իր անհանդուրժողականությունը:

Երրորդ՝ ընտրողը թույլ չտվեց խորհրդարան մուտք գործել այն կուսակցություններին, որոնք ժամանակին «խաղեր էին տալիս» իշխանության հետ, իսկ «Բարգավաճին» որ կարողացավ, այնուամենայնիվ, հաղթահարել արգելապատնեշը, նույնպես ցույց տվեց իր իսկական տեղը: Այդ ուժերը միշտ ունեցել են կեղծ ընդդիմության դերակատարություն եւ վճռական հարցերում պաշտպանել են իշխանությանը: Կարծում եմ՝ այս կուսակցությունները, եթե ցանկանում են շարունակել քաղաքական գործունեությունը, պետք է կարողանան իրենց ղեկավարությունից հրաժարական պահանջել եւ ընտրեն նորը, հակառակ պարագայում դատապարտված են… Իսկ շատ ավելի բարոյական կլինի, եթե այդ ղեկավարությունը կամովին հրաժարական տա: Ինչ վերաբերում է «Բարգավաճին», ապա նրա ղեկավարը վաղուց պետք է հասկանար, որ մեծահարուստը երբեք չի կարող ճշմարիտ ընդդիմություն լինել, որովհետեւ մեծահարուստը միշտ կոմպլեքսավորված է եւ ունի իր հարստությունը պահելու եւ պահպանելու խնդիր, եւ այդ կոմպլեքսից իշխանությունը միշտ կարող է օգտվել՝ նրան ստիպելով գործել իրեն ձեռնտու ձեւով, ինչին բազմիցս ականատես ենք եղել: Բացի այդ, նրա ղեկավարը միշտ հայտարարում է, որ ինքը երբեք պաշտոնի չի ձգտում, իսկ ի՞նչ է, պատգամավորը այդ երբվանի՞ց է դարձել չլինել բարձրաստիճան պաշտոնյա:

Ինչ վերաբերում է ընտրության արդյունքներով ձեւավորված խորհրդարանին, ապա կցանկանայի, որ «Իմ քայլը» չստանար ճնշող մեծամասնություն, որովհետեւ դա կարող է դառնալ անիմաստ ինքնավստահության պատճառ եւ խանգարել նրա գործունեությանը: Շատ կցանկանայի, որ այդ ուժը ինքն իր մեջ, մտքում ենթադրի, որ ընտրությանը չմասնակցածները իրեն չեն պաշտպանում: Նորից ուզում եմ կրկնել, որ ամեն իշխանություն դատապարտված է սուր քննադատության եւ առավել եւս հեղափոխությունից հետո, երբ ժողովրդի սպասումները չափազանց մեծ են, շատ ավելին, քան կարող է տալ ամեն մի իշխանություն, անգամ եթե նա կարողանա շատ լավ աշխատել: Ժողովուրդը շատ է հոգնել սպասելով եւ այս առումով դարձել է անհանդուրժող եւ անհամբեր:
Բայց ունենք այն, ինչ ունենք, եւ ժողովրդի ընտրությունը վերջնական է՝ անկախ որեւէ մեկի ցանկությունից: Պարտավոր ենք հաշվի նստել իրողության հետ:

Մի հանգամանք եւս, որ ինձ չափազանց մտահոգում է: Ընտրական քարոզարշավի ողջ ընթացքում խոսք չեղավ մշակույթի մասին, այլ հիմնականում միայն տնտեսության եւ տնտեսական հեղափոխության անհրաժեշտության մասին: Այս մասին ստորեւ:

Այժմ ցանկանում եմ խոսել մի քանի խնդիրների շուրջ, որոնք կարիք ունեն հրատապ լուծման, ինչին էլ, իմ կարծիքով, պետք է ձեռնամուխ լինի նոր իշխանությունը եւ նրա կառավարությունը: Խոսքը առաջին հերթին վերաբերում է այն ժառանգությանը, որ մեզ է թողել նախկին իշխանությունը: Դժբախտաբար այդ ժառանգության գերակշիռ մասը ոչ միայն չի կարելի վայելել, այլեւ ընդհակառակը՝ մեզ համար դարձել է ծանր բեռ, որից անհրաժեշտ է ձերբազատվել, եւ որքան արագ, այնքան լավ: Դա հնարավոր չէ թվարկել, թուղթը չի բավականացնի: Բայց մի շարք հարցեր կարիք ունեն հրատապ լուծման, որոնց կփորձեմ անդրադառնալ: Ամենից առաջ խոսքը վերաբերում է գործող Սահմանադրությանը: Ըստ այդ Սահմանադրության եւ առկա օրենսդրության՝ խորհրդարանական կայուն մեծամասնությունը ընտրում է վարչապետ եւ կառավարություն: Այսինքն՝ գործադիր իշխանությունը եւ օրենսդիրը փաստացիորեն միավորվում են եւ չունեն հակակշիռներ: Այլ կերպ ասած՝ չի գործում իշխանությունների բաժանման սկզբունքը: Այդ սահմանադրական կարգը նպաստում է միայն մենակուսակցության իշխանության հաստատմանը, ինչին ձգտում էր Հանրապետական կուսակցությունը՝ իր ղեկավար կազմով: Այն հանգամանքը, որ պառլամենտում որոշակի պաշտոններ զբաղեցնում են ընդդիմության ներկայացուցիչները, ոչնչով չի փոխում հարցի էությունը, որովհետեւ մշտական հանձնաժողովներում պահպանվում են նույն համամասնությունները, եւ այդ հանգամանքը որեւէ ձեւով չի ազդում որոշումների ընդունման կարգի վրա: Մեծամասնությունը թելադրում է իր կամքը, փոքրամասնությունը կարող է միայն զբաղվել հռետորաբանությամբ: Եթե սրան ավելացնենք վարչապետի գերլիազորությունները, տեղական ինքնակառավարման սահմանադրական դրույթները, որոնք ինքնակառավարումը նենգափոխում են կառավարումով, դատական իշխանության անկախության, իրավական պետության եւ մյուս բազմաթիվ այլ խնդիրները, ապա ակնհայտ է դառնում, որ առաջին հերթին անհրաժեշտ է լուծել Սահմանադրության հարցը, առանց որի մնացած հարցերը կդառնան անլուծելի կամ կհանգեցնեն տխուր հետեւանքների: Ես չգիտեմ՝ այդ խնդիրը կարելի է լուծել սահմանադրակա՞ն փոփոխություններով, թե՞ նոր Սահմանադրության ընդունումով: Բայց որ դա պետք է կատարվի անհետաձգելիորեն, կասկած չի հարուցում: Սակայն այս հարցում վախ ունեմ, որ Սահմանադրությամբ վարչապետին եւ խորհրդարանական մեծամասնությանը տրված հնարավորությունները կարող են գայթակղիչ լինել, եւ այդ դեպքում նոր Սահմանադրության մշակումը կդարձնեն ոչ հրատապ:

Շարունակությունը՝ վաղվա համարում:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.12.2018     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Մինչեւ հոս լիուլի համաձայն եմ արծարծուած մտահոգութիւններուն – անհամբեր կը սպասեմ ՛՛ Մասն երկրորդին ՛՛ – կարծեմ ոչ անհրաժեշտ հարցերով մի քիչ շատ կը զբաղի մեր Վարչապետը – Չի նկատեր որ ինչ խաղեր կը խաղան քուլիսներու ետին – արդէն իր հակառակորդներուն մեծագոյն ՛՛ լկտիութիւնը՛՛ խրատ տալն է և օրինականութիւն քարոզել հանրութեան երբ իրենք է 25 տարի անդադար ոտնակոխեցին օրէնք և մարդկութիւն -միւս կողմէն կը փորձեն համաձայնութեան գալ թէ իրենց գողցած միլիոններու քանի տոկոսը վերադարձնեն … գերիրապաաշտ կացութիւն մը որ պէտք էր զիրենք մղել հրապարակէն քաշուիլ և քարայր մը սողալ և աներեւութանալ ;

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31