Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար ավիատիեզերական բիզնեսն ու ռազմարդյունաբերությունը զարգացնելու հնարավորություններ են բացվում

Դեկտեմբեր 27,2018 13:30

Հայաստանի նկատմամբ միջազգային եւ տեղական ներդրողների հետաքրքրությունը բարձրացնելու համար կառավարությունը տնտեսական ոլորտում մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել: Տնտեսագետների խոսքով` ներդրումն իր շուրջը ստեղծում է բազմաթիվ փոքր եւ միջին բիզնեսներ, ու սա հենց այն բանաձեւն է, որի շնորհիվ մեր երկրի քաղաքացիները չեն գնա արտերկրում աշխատանք փնտրելու:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես կարեւորում է ներդրումային միջավայրի բարելավումը եւ արտաքին ներդրողների համար կանխատեսելի ու հուսալի լինելու հանգամանքը: Հանրապետության նախագահն արդեն քանիցս արտերկրում հանդիպում է հայտնի ընկերությունների ներկայացուցիչներին` ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, ինչպես նաեւ քննարկում տնտեսական համագործակցության հնարավորությունները:

 

Ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերությունը եկող տարվա սկզբին պատրաստվում է խումբ գործուղել Հայաստան

Ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes«) ընկերությունը եկող տարվա սկզբին՝ հունվար-մարտ ամսին, պատրաստվում է խումբ (evalution mission) գործուղել Հայաստան` համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու եւ կոնկրետ ոլորտները որոշելու համար: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա նոյեմբերին Արմեն Սարգսյանի` Ֆրանսիա եւ Իտալիա կատարած այցի օրերին: Նախագահ Սարգսյանը «Դասո սիստեմս» ընկերությունում ծանոթացել է ընթացիկ ծրագրերին եւ գործունեությանը։ Հենց այդ այցի ժամանակ էլ քննարկվել է համագործակցության հստակ ծրագիր: Ըստ այցին ներկա գտնվողների՝ ընկերության ղեկավարության հետ Արմեն Սարգսյանին կապում են վաղեմի ու ջերմ բարեկամական հարաբերությունները: Սկզբնական շրջանում հիմնական շեշտը կդրվի համալսարաններում արդյունաբերության ոլորտի կրթության հասանելիության վրա:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նույնպես եղել է պատվիրակության կազմում, «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում ասում է, որ ընդհանրապես այցելությունը Ֆրանսիա եւ Իտալիա` «Դասո սիստեմս», «THALES», «Լեոնարդո» ընկերություններ, նպատակ ունի Հայաստանում զարգացնելու ռազմարդյունաբերությունը, որը ոչ միայն տնտեսության համար դրական ազդեցություն կունենա՝ աշխատատեղեր կստեղծվեն, նաեւ հնարավորություն կտա սովորելու այն բոլոր հմտությունները, որոնք ունեն այդ ընկերությունները: Ըստ մեր զրուցակցի՝ այս ընկերությունները նաեւ զբաղվում են ավիատիեզերական արդյունաբերությամբ:

«Շատերի համար սա անհասանելի է թվում, հեռու երազ է թվում: Սակայն մեզ համար մեծ հնարավորություն է նաեւ այդ ոլորտը զարգացնելու: Այսօր աշխարհում ավիատիեզերական բիզնեսի ոլորտը մեծ ծավալով զարգանում է, տնտեսական ծավալը կազմում է մոտ 340 միլիարդ դոլար: Հնարավորություն կա մտնելու այդ ոլորտ, մասնակցություն եւ ներդրում ունենալու նաեւ այդ ոլորտի զարգացմանը: Հայաստանն իրականում մեծ պոտենցիալ ունի: Բյուրականի աստղադիտարանը բավականին մեծ պոտենցիալ է այդ առումով: Մեր աստղադիտարանը տարածաշրջանային կենտրոն է: Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Ղազախստանի եւ այլ երկրների համար կենտրոնը համարվում է Հայաստանը»,- պարզաբանեց պարոն Գրիգորյանը: Նա վստահեցրեց, որ նախագահ Արմեն Սարգսյանի այս նախաձեռնությունը շատ դրական ազդեցություն է ունենալու ոլորտի զարգացման վրա:

Նշենք, որ «Դասո սիստեմս»-ը գործում է «Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտի համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաեւ լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության եւ այլ բնագավառներում:

«THALES» ընկերության թվային արտադրամասում Արմեն Սարգսյանը հանդիպել է ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Քննարկել են հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ «THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում եւ զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային եւ անվտանգության շուկաներում:

«Մեր պաշտպանողականությունն ուժեղացնելու համար մեզ անհրաժեշտ է իրար հետ կապել մի քանի բաղադրիչներ` նոր տեխնոլոգիաները եւ այն հմտությունները, որոնք ունենք: Մենք այստեղ պետք է տեսնենք հնարավորություն նաեւ տնտեսությունը զարգացնելու առումով: Որովհետեւ եթե մենք կարողանանք ռազմարդյունաբերությունը զարգացնել, ոչ միայն դրական ազդեցություն կունենա պաշտպանողականության բարձրացման վրա, այլեւ տնտեսության ծավալը կմեծացնի, աշխատատեղեր կստեղծվեն»:

Արմեն Սարգսյանը իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկումներ է ունեցել ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Խոսքը մասնավորապես վերաբերել է կրթության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներին:

«Լեոնարդո» ընկերությունը մասնագիտացած է պաշտպանության եւ անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության, աերոտիեզերական արդյունաբերության մեջ՝ իր արտադրությունում լայնորեն կիրառելով բարձր տեխնոլոգիաները:

Ընկերությունն ունի ավելի քան 45 000 աշխատակից, արտադրում է ուղղաթիռներ, ինքնաթիռներ, աերոհամակարգեր, ցամաքային եւ ծովային պաշտպանական էլեկտրոնիկա, պաշտպանական, անվտանգային եւ տեղեկատվական համակարգեր, ընկերության արտադրանքը արտահանվում է տասնյակ երկրներ:

«Լեոնարդո»-ն ունի նշանակալի արդյունաբերական ներկայություն Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Լեհաստանի ներքին շուկաներում, ինչպես նաեւ ռազմավարական գործընկերություն միջազգային կարեւորագույն շուկաներում:

 

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ

Նոյեմբերին Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) ղեկավարության հետ:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների, մասնավորապես` հին քաղաքի վերակառուցման հնարավորությունները, ինչի նկատմամբ ասոցիացիան հետաքրքրություն է ցուցաբերել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ասոցիացիայի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործարար ու ներդրումային միջավայրին, փոխգործակցության հնարավորություններին ու ուղղություններին: Պատվիրակության անդամներից տեղեկացանք, որ նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019 թ. Երեւանում շինարարության եւ ենթակառուցվածքների վերաբերյալ համաժողով անցկացնելու վերաբերյալ, որին կմասնակցեն նաեւ ԵԱՍՄ անդամ երկրների շինարարության ոլորտում գործունեություն ծավալող հայազգի ձեռնարկատերեր:

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան, որը հիմնվել է 1946 թվականին, ընդգրկում է շուրջ 20 հազար մասնավոր ընկերություն, որոնք մասնագիտացած են բնակելի, կոմերցիոն եւ արդյունաբերական շինությունների, ենթակառուցվածքների զարգացման, ռեստավրացիոն աշխատանքների, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում: Ասոցիացիան գործում է 92 երկրներում:

Systra ընկերությունում էլ քննարկվել է Երեւան քաղաքի համար տրանսպորտի հատակագիծ՝ ենթակառուցվածքային ռազմավարություն տրամադրելու հարցը, որը հնարավորություն կտա օպտիմալացնել հանրային տրանսպորտը եւ առաջարկել թվային մոդել:

 

«OpenClassrooms» կազմակերպությունը մասնաճյուղ կունենա Հայաստանում

Նախագահ Արմեն Սարգսյանի եւ «OpenClassrooms» կազմակերպության հիմնադիր Պիեռ Դուբուքի հանդիպման ընթացքում էլ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանում ձեռնարկության մասնաճյուղ բացելու վերաբերյալ։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանի խոսքով՝ նորարար մոտեցումների շնորհիվ OpenClassrooms-ի առաջարկած դասընթացները մեծ պահանջարկ ունեն ողջ աշխարհում։ Այն ունի 1000-ից ավելի դասընթացներ եւ 2,5 միլիոնից ավելի օգտատերեր։

Տիկին Ադամյանը «OpenClassrooms» կազմակերպություն այցի ընթացքում պարզել է, որ ընկերությունն առաջին հերթին հնարավորություն է տալիս մարդկանց մշտապես կատարելագործվելու որպես մասնագետներ եւ, ըստ անհրաժեշտության, հեշտությամբ վերապրոֆիլավորվելու։

«Առավոտի» հետ զրույցում Մանե Ադամյանն ասում է. «OpenClassrooms-ը ցանկանում է ընդլայնվել դեպի եվրասիական շուկա՝ հնարավորություն տալով հանրային եւ մասնավոր հատվածին հանդես գալ որպես «պատվիրատու» կոնկրետ մասնագետներ կրթելու համար, իսկ վերջիններիս էլ ավելի լավ պատկերացնել աշխատաշուկայի պահանջները եւ հաշվի առնել դրանք մասնագիտություն ընտրելիս։ Հայաստանը հավակնում է լինել այն հանգույց-հաբը, որը պիտի մշակի բոլոր ծրագրերը եվրասիական շուկայի համար։ Քանի որ ընկերությունը համագործակցում է այնպիսի առաջատարների հետ, ինչպիսիք են Google-ը, Orange-ը եւ IBM-ը, նրա մուտքը Հայաստան թույլ կտա տեղացի թե՛ ուսանողներին, թե՛ մենթորներին կամ դասախոսներին կապեր հաստատել եւ փոխանակվել փորձով այս ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ նոր մասնագիտական հաջողություններ գրանցել»։

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.12.2018     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31