Ասում է ռուս իրավապահների կողմից անազատության մեջ հայտնված ՀՀ քաղաքացին
Մասնագիտությամբ ծրագրավորող Արմեն Նիկոլայանն այս տարվա հուլիսին մեկնեց արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամաս:
Տեղավորվեց տեղի սրճարաններից մեկում, աշխատում էր որպես բարմեն:
Արմենն ասում է, որ Հայաստանում էլ աշխատում էր բարմեն, քանի որ բնակվում էր վարձով, մայրը մահացել էր, իսկ մինչ այդ իր ողջ աշխատածը դեղերի ու նրա խնամքի վրա է ծախսվել:
Հայրն իննսունականների ազատամարտիկներից էր:
Երկրամասի Ուսպենսկոեի շրջանում մի անձրեւոտ օր ոստիկանները հսկողություն էին իրականացնում փողոցում, եւ նրան նույնպես դիմելով, պահանջում են ներկայանալ: Նա գրպանից հանում է անձնագիրը, պարզվում է, որ այն թրջվել է, Արմենը ձեռքի ափով սրբում է թրջված նկարը:
Անձնագիրը զննելուց հետո ոստիկանները ասում են, որ պարզելու խնդիր կա, եւ նրան տանում են Ուսպենսկոեի ոստիկանության բաժանմունք:
Այնտեղից ուղեկցում են դատարան, դատ են անում, անձնագիրը վերցնում, ուղարկում Շկոլնայա-5 հասցեում գտնվող ժամանակավոր պահման վայր:
«Այն փշալարերով, շներով մի վայր է, ուր տարբեր ազգերից կային՝ ուզբեկ, թաթար, ազերի, հայեր: Ասես հանրակացարան լինի: Մի կերպ ծածկոց գտա, բարձ չկար: Երկու շաբաթ քնել եմ առանց բարձի»,-պատմում է Արմենը:
Դատական նիստի ժամանակ Հայաստանի քաղաքացուն չեն բացատրել նրա իրավունքները, չեն ապահովել իրավաբանով, միայն ակնարկել են, որ նրան թարգմանիչ պետք չէ, քանի որ տիրապետում է ռուսերենին, հաշվի չառնելով, որ ռուսերենն ու դատավարական լեզուն դրանք տարբեր հասկացություններ են:
Անազատության մեջ գտնվելով մեկուկես ամիս, նա մի կերպ ձեռք է բերում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան հեռախոսահամարը: Զանգում է դեսպանին, նրան հեռախոսի մի ծայրից ասում են՝ համարը գրեք, մենք ձեզ կզանգենք:
Մարդը նոյեմբերից Հայաստանում է գտնվում, սակայն դեսպանատունը մինչ օրս չի զանգել, չի անհանգստացել իր քաղաքացու ճակատագրով:
Արմենը պատմում է, թե ինչ դժվարություններ է քաշել, եղել են օրեր, երբ սոված է մնացել, նրան ձեռք է մեկնել մի ազերի:
«Ես պատրիոտ եմ, եւ գիտեմ, որ ցանկացած պահի, երբ պատերազմ լինի, ես գնալու եմ: Բայց այս անգամ չեմ պատկերացնում, թե ինչպես եմ կռվելու մեկի դեմ, ով ինձ հաց է տվել, հոգացել իմ մասին»,-ասում է Արմենը:
Ըստ նրա, «բանտում» իրենց վրա գումար էին աշխատում, օրական 1200 ռուբլու փոխարեն նրանց վրա ծախսում էին 150 ռուբլի:
Արմենն ասում է, որ երկու անգամ օմբուդսմենը փորձել է հանդիպել անազատության մեջ պահվող օտարերկրացիների հետ, սակայն ադմինիստրացիան նրան թույլ չի տվել, իսկ մի անգամ էլ իրենց փակել էին այլ սենյակում, որպեսզի որեւէ մեկի հետ չկարողանան դրսից եկողները հանդիպել:
Մի գիշերվա մեջ վերանորոգել են սենյակը, որպեսզի ցույց տան, թե ինչ «լավ» պայմաններում են պահվել, ըստ էության, վարչական իրավախախտում կատարած օտարերկրացիները:
Անազատությունից երկու շաբաթ հետո Արմենի հետ գտնվողներից մի քանիսին ազատում են, եւ երբ նա մոտենում է վարչախմբի աշխատակցին, հարցնում իր անունը կա՞ ցուցակում, պարզվում է՝ նրա անունը չկար, քանի որ թե դատարանի որոշում, թե նրա ինքնությունը հաստատող որեէ փաստաթուղթ չկար, անձնագիրն էլ վերցրել էին:
Նա դիմելու է Հայաստանի ՄԻՊ-ին, մտադիր է դիմել արդարադատության նախարարին, որպեսզի նրանց միջոցով ստանա պաշտոնական պարզաբանում. ի վերջո, ինչ իրավական հիմնավորմամբ է իրենից վերցվել անձնագիրը, խանգարվել իր տեղաշարժը, ինչու է մեկուկես ամիս պահվել մի վայրում, որտեղ պահվում էին նաեւ քրեական աշխարհի ներկայացուցիչներ, եւ ինչ հետեւանք կարող է ունենալ նրա համար Ռուսաստանում ՀՀ դեսպանատան քար լռությունը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12.2018