Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր էջ բացելու համար երբեք ուշ չէ»

Դեկտեմբեր 27,2018 12:30

Ասում է փորձառու խմբավար Արմեն Ամիրխանյանը

Վերջին շրջանում Հայաստան վերադարձողների թվում կան նաեւ արտասահմանում մեկ-երկու, նույնիսկ ավելի տասնամյակներ գործունեություն ծավալած արվեստագետներ: Կան նաեւ այնպիսիները, որոնք ժամանակին հայաստանյան մշակութային կյանքում առանձնացել են ոչ միայն իրենց բարձրարվեստ աշխատանքով, այլեւ բառի ուղղակի իմաստով՝ ստեղծարար գործունեությամբ: Սակայն միանգամից առաջ է գալիս հարցերի հարցը՝ որտեղ պետք է աշխատեն, մեկնարկային ինչ ֆինանսավորում գտնեն կամ, ասենք, նոր կոլեկտիվ հիմնելու համար որտեղ աշխատանքային տարածք գտնեն, եւ այլն: «Առավոտը» ներկայացրել է նրանցից մեկ-երկուսին: Օրերս էլ երաժշտարվեստի ոլորտի մարդկանց շրջանում խոսակցությունները Իրանի Իսլամական Հանրապետությունից խմբավար Արմեն Ամիրխանյանի վերադարձի շուրջ են: Մեզ հետ զրուցած արվեստագետները խմբավարին բնութագրելիս հաճախ էին օգտագործում «ստեղծող երաժիշտ» արտահայտությունը, նշելով նրա կողմից մի քանի երգչախմբերի ստեղծումը, այդ թվում՝ «Շողակնի», որը 2000-ականների սկզբում մասնակցելով ամերիկյան մրցույթի, արժանացել է Գրան պրիի: Կամ՝ նույն ժամանակահատվածում խմբավարի ղեկավարած երեւանյան հավաքական երգչախումբը մասնակցել է Լորիս Ճգնավորյանի «Ռուստամ եւ Զոհրաբ» օպերայի ձայնագրմանը, ապա Թեհրանում այդ ստեղծագործության համերգային կատարմանը եւ այլն:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմեն Ամիրխանյանը հիշեց իր գործունեությունը Հայաստանի երգչախմբային ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբում, Արարատյան հայրապետական թեմում աշխատանքը մանկական արական, Երեւանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու երգչախմբերի հետ եւ այլն: Հիշեց մանկավարժական գործունեությունը Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ 2004թ. Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Սպահանի հայոց թեմի ազգային իշխանությանց հրավերով ու ստանձնել 30-ամյա «Կոմիտաս» երգչախմբի ղեկավարությունը:

«Կոմիտաս» երգչախումբը ելույթի պահին

Ինչ վերաբերում է հայաստանցի գործընկերների՝ իրեն «ստեղծող երաժիշտ» որակելուն, խմբավարն ասաց. «Իմ էությամբ նախաձեռնող եմ, օրինակ՝ Նոր Ջուղայում գործող «Կոմիտաս» երգչախմբի աշխատանքներին զուգահեռ ստեղծեցի «Կոմիտաս» մանկական կոլեկտիվը, որը Լեհաստանում անցկացվող «Հայնովկա» եկեղեցական երաժշտության օրեր» միջազգային մրցույթ-փառատոնում 2008թ. արժանացավ առաջին մրցանակի: Իսկ նույն թվականին երգչախումբը առաջին անգամ եկավ Հայաստան, մասնակցեց Երգչախմբային ընկերության ստեղծման 40-ամյակին նվիրված միջոցառումներին: Մանկական, հետո արդեն երիտասարդական այդ երգչախմբին 2015թ. ուղեկցեցի քաղաք Հրազդան, այնտեղ ունեցանք միացյալ համերգ երաժշտական դպրոցի սաների հետ… Գերմանիայում մասնակցեցինք Ֆրայբուրգում անցկացվող Կարլ Օրֆիի միջազգային փառատոնին: Մինչ այդ տասնամյակներ գործող երգչախումբը սահմանափակվել էր միայն տեղական ելույթներով…»: Հավելեց նաեւ, որ Նոր Ջուղայում հիմնել է արվեստի դպրոց, որտեղ աշխատել են ինչպես տեղի, այնպես էլ Հայաստանից հրավիրված մասնագետներ: Դիտարկմանը՝ հավանաբար դյուրին չէ հիմնական աշխատանքից հետո համախմբել երգչախմբի անդամներին, որոնք չեն վճարվում, անցկացնել փորձեր, մասնակցել տարբեր միջոցառումների… մեր զրուցակիցն ընդամենն ասաց, թե Սփյուռքում ամեն հայ գիտակցելով մշակույթի ուժը հայապահպանման գործում, իր չափով պարտավորված է զգում առանց շահի մասնակցել տարբեր մշակութային խմբերի գործունեությանը՝ լինի ասմունք, երգչախումբ, պար…

Գործընկերները նաեւ նշում են հայրենիքում Ամիրխանյանի բարեգործական նախաձեռնությունների մասին: Այս դիտարկումը երաժիշտը միայն համեստորեն գլխի շարժումով հաստատեց, ընդամենը նշելով, որ այն երաժշտական գործիքների եւ այլնի տեսքով ուղղված է եղել Հրազդանի երաժշտական դպրոցին:

Հարցին, թե ինչպիսին է իր դիտարկմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական մշակութային անցուդարձը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նոր Ջուղայում, օրինակ, 13 հայկական եկեղեցիներից 12-ը գործող են, յուրաքանչյուր կիրակի հոգեւոր կենտրոններից մեկում մատուցվում է պատարագ: Մշտապես տոնվում են հայկական եկեղեցական տոները, որին մեկ-երկու անգամ իմ հրավերով իր մասնակցությունն է ունեցել հայ հոգեւոր երգերի անկրկնելի կատարող Աննա Մայիլյանն իր կանանց անսամբլով: Խմբավարները Երեւանի կոնսերվատորիայում ուսանած տեղացի երաժիշտներ են: Այս պահին Նոր Ջուղայում հենց նրանք են այդ անցուդարձը ստեղծում»:

Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ փաստորեն, վերադարձից հետո պետք է «նոր էջից» սկսի, Արմեն Ամիրխանյանը պատասխանեց. «Նոր էջ բացելու համար երբեք ուշ չէ, գուցե հիմա դրա իսկական ժամանակն է, նախ՝ փորձառությունս, հետո՝ ժամանակներ…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.12.2018     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31