Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյանը՝ ՀՅԴ-ում սերնդափոխության մասին

Դեկտեմբեր 26,2018 23:07

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հաշվի առնելով խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի գրանցած արդյունքները, դաշնակցության վերնախավում փոփոխություններ են լինելու:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն ասաց. «Ինքս էլ լինելով մամուլի աշխատող, մեկ-մեկ իմ գործընկերների վրա զարմանում եմ՝ որտեղի՞ց են վերցնում լուրեր: Գոնե Դաշնակցության կանոնագիրը, որ կարդային, պատկերացնեին ավանդույթները, կհասկանային, որ ամեն անգամ էլ ընդհանուր ժողովներին, Հայաստանում Գերագույն ժողովներին միշտ էլ մարմինների ընտրություն է լինում, մի մասը ընտրվում է, մի մասը չի ընտրվում, բնական պրոցես է, որ միշտ էլ լինում է: Եթե նայեք նախորդ ընդհանուր ժողովներին էլի բյուրոյի կազմում փոփոխություն եղավ, դրանից առաջ էլ, այսինքն, միշտ էլ լինում է: Այսինքն, արտառոց բաների սպասելիքները, որոնք կան, կարծում եմ, շատ գերագնահատված են: Մամուլին խորհուրդ կտամ Դաշնակցության ավանդույթները մի քիչ ավելի լավ ուսումնասիրել»:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ թեեւ մամուլն ասում է, որ իրենց ընդհանուր ժողովներն ու Գերագույն ժողովները փակ են, բայց դրանից անկեղծ կուսակցական քննարկումներ դժվար թե որեւէ կուսակցությունում լինեն. «Ու բոլոր հարցերն են քննարկվում՝ սկսած քաղաքական, ազգային, մշակութային, մինչեւ եկեղեցու հարցերը, անվտանգությունը»:

Մեր հարցին՝ Դուք զգո՞ւմ եք ՀՅԴ-ի վերնախավում փոփոխության անհրաժեշտությունը, սերնդափոխության անհրաժեշտությունը՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Սերնդափոխությունը ո՞րն է, հիմա բոլորը պատկերացնում են, որ ինչպես Հայաստանի կառավարության դեպքում է 26 տարեկաններով պիտի պետություն ղեկավարեն, կուսակցությո՞ւն ղեկավարեն, դպրոց, մանկապարտեզ, ամեն ինչը այդպե՞ս պետք է լինի»:

Մեր դիտարկմանը, որ եթե տեսնում են, որ մեծերով բան չի ստացվում, գուցե փորձեն նաեւ 26 տարեկաններով՝ Գեղամ Մանուկյանը արձագանքեց. «Դե, դա արդեն ձեր սուբյեկտիվ գնահատականն է: Մեր մոտ շատ մի կարեւոր բան կա՝ կուսակցական ժողովն ամեն ինչ որոշողն է, որեւէ անհատ կուսակցական ժողովի տեղը որոշում չի կայացնում՝ ի տարբերություն շատ-շատ կուսակցությունների եւ շատ-շատ քաղաքական շարժումների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31