Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Նախապայմանային արձագանքումներ

Դեկտեմբեր 26,2018 22:22

Արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ Բաքուն եւ Անկարան գրանցում են հաջորդական հայտարարություններ։ Ըստ էության նույն հանկերգի վերաբարձրաձայնումն է, որը արձանագրվում է պարզապես այն թյուր տպավորությունը թողելու, որ բանակցային նոր մեկնարկի ազդանշան է տրվել։

Առաջին անգամ չէ, որ Բաքուն եւ Անկարան իմիտացիոն քարոզչաքաղաքական գործողություններ են իրականացնում հատկապես արցախյան հակամարտության լուծման առումով ապատեղեկատվության միտումով։

Ներկա պահին նման գործողության դիմելը եւ դրանց հարակից ենթահող պատրաստելու համար այլ նախաբաններ հրամցնելը պարզապես ընդհանուր այդ վարքագծի վերջին դրսեւորումն է։

Հայկական կողմի արձագանքումները արագ են, սակայն հիմնականում հակազդողի դերով։ Մահմեդյարով-Չավուշողլու համընթաց հայտարարությունները միեւնույն նախապայմանային քաղաքականության վերաբանաձեւումն են։ Այս անգամ հայկական կողմից արձագանքել են փոխվարչապետը ու արտգործնախարարության մամուլի խոսնակը։ Ընդ որում՝ փոխվարչապետը սոցցանցի գրառումով։ Հակազդեցության մակարդակը այս դեպքում նշանակություն ունի։ Երկու արտգործնախարարներին արձագանքում է ոչ թե ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, այլ մամուլի խոսնակը եւ փոխվարչապետը, վերջինս՝ սոցցանցի միջոցով. մինչ արտգործնախարարության մամուլի խոսնակը ոչ թե հատուկ հայտարարություն է անում այս մասին, այլ պարզապես պատասխանում է լրագրողի հարցին։ Եւ մեծ հաշվով, եթե թուրք եւ ադրբեջանական միացյալ նախապայմանային քաղաքականությունում չկա որեւէ երանգային փոփոխություն, նույնպես հայկական դիրքորոշումները վերահաստատում են մինչ այժմ որդեգրված մոտեցումը։ Թե՛ փոխվարչապետը եւ թե՛ մամուլի խոսնակը հանգուցալուծումը  պայմանավորում են արցախահայության որոշմամբ, նրա համաձայնությամբ։ Եւ եթե սոցցանցում փոխվարչապետը ամփոփ գրառումով հաւելյալ հիմնաւորումների կարիք չի զգացել, ապա նախարարության խոսնակը գերակայել է կարգավիճակն ու անվտանգությունը։ Փոխլրացնելով հայ պաշտոնյաների հրապարակածները կարելի է ասել, ինչպես ակնկալելի է, վերաբանաձեվվել է հայկական պաշտոնական դիրքորոշումը։

Թուրք եւ ադրբեջանական նախապայմանային քաղաքականության եւ արցախահայության բարձրագույն ինքնավարություն շնորհելու Մամեդյարովի հրապարակմանը տարբեր շեշտադրումով հակազդել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը, որը Մամեդյարովի հայտարարությունները գնահատել է  ոչ այլ կերպ, քան Բաքվի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսեւորում: Բովանդակային բանակցություններ սկսելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է փոխեն հռետորաբանությունն ու  մոտեցումները, պաշտոնական Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններ ձեռնարկելով։

Ահա այստեղ արդեն փոխլրացում կարելի է նկատել հայկական կողմի եռակողմ հայտարարություններին կցվող այս հրապարակումը։ Հայաստանյան մոտեցումը արցախահայության մասնակցության եւ որոշման իրավունքի գերադասումն է, իսկ Արցախի պաշտոնական խոսնակը որեւէ բովանդակային բանակցության վերսկսում պայմանավորում է պաշտոնական Ստեփանակերտի բանակցային գործընթացին ներգրավումով։

Այս բոլոր երեւույթներին զուգահեռ բնականաբար պետք է վերլուծել քաղաքական պահի ընտրության շարժառիթները՝ նման առաջարկներ վերստին հրապարակելու կամ դրանցից առաջ հայկական կողմի հետ փոխըմռնման հանգելու ծխածակութավոր հայտարարություններում։

Նախապայմանները նախապայմանային արձագանքներ են ունենում։ Այս դեպքում որեւէ բովանդակային բանակցություն սկսելու համար պետք է ներգրավել պաշտոնական Ստեփանակերտը։ Մինչ այդ պետք է հարգել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւում  կայացած համաձայնությունները։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31