Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է, որ ՀՀ-ն, Արցախը եւ Ադրբեջանը սկսեն խաղաղության գործընթաց

Դեկտեմբեր 26,2018 21:33

«Ի պաշպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեն, որի ղեկավարը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, վերսկսել է իր աշխատանքը: Կազմկոմիտեն, տարիներ առաջ, ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը: Կազմկոմիտեի նախագահի տեղակալներն են Լարիսա Ալավերդյանը եւ Ժասմինա Ղեւոնդյանը:

Կազմկոմիտեն եւ «Մտավորականների խորհուրդն» այսօր համատեղ նիստ են գումարել: Պատճառը`Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ անհանգստություններն են: Այս կառույցների ներկայացուցիչները գտնում են, որ հարցի կարգավորման գոյություն ունեցող օրակարգը`տարբեր շրջաններում չնչին տրանսֆորմացիաներ ապրած եւ այսօր մադրիդյան կոչվող սկզբունքները, բացարձակ չեն ապահովում հայկական շահերը: Իրենք ՀՀ վարչապետին, ԱԳՆ-ին առաջարկում են նոր օրակարգ ձեւավորել`հաշվի առնելով, որ թավշյա հեղափոխությունը նրանց իրավունք տալիս է հին օրակարգերից հրաժարվելու:

Հունվարի 11-ին արդեն պատրաստ կլինի առաջարկների ամբողջական փաթեթը: Այն կներկայացվի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Տարբերակներից մեկն էլ վերաբերվում է ԼՂ հարցի կարգավորման, այսպես կոչված, իրավական փաթեթի ներկայացմանը`ՀՀ իշխանություններին, միջազգային եւ հայ հանրությանը: Հարցի իրավական փաթեթն ավելի վաղ էր մշակվել:

«Հաշվի առնելով, որ մինչ օրս եղած բանակցային գործընթացները բերել են փակուղի եւ որեւէ հարցում, որեւէ առաջընթաց գրանցված չէ, ընդամենը ստատուս-քվոն է պահպանված, ավելին, երբ քննարկում են կամ չեն քննարկում, այլ միայն խոսում են ինչ-որ տարածքներ վերադարձնելու մասին, ապա, մենք գտնում ենք, որ օրակարգն էականորեն պետք է փոխվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը:

Օրակարգային հիմնական կետերից մեկը հաշտեցման համաձայնագրի ստորագրումն է կողմերի միջեւ: «Այն հնարավորություն կտա երկարատեւ եւ խաղաղ գործընթաց վերսկսելու համար: Այլապես, պատերազմի «դամոկլյան սուրն» անընդհատ կախված է լինելու մեր գլխին եւ այդ պայմաններում իրական բանակցություններ եւ իրական հաջողություններ անհնար է գրանցել»,-մանրամասնեց Արամ Սարգսյանը`հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահները եվս պետք է հասկանան`այդ տարածքները վերադարձնելու քննարկումներն անպտուղ են: Հավելում է`եթե քննարկվում են, Ադրբեջանի`իբր կորցրած տարածքների թեման, ապա հայկական կողմն էլ ներկայացնելու տարածքներ ունի եւ հիշեցնում է, որ Ադրբեջանն այդ տարածքները «կորցրել» է իր իսկ սանձազերծած պատերազմի արդյունքում: «Այս խնդրի առանձնացումը երբեւէ, որեւէ հարց չի լուծելու, իսկ եթե փորձեն պարտադրել`դա անհնար է: Բոլորը պետք է հասկանան, որ այդ օրակարգով հարց չի լուծվելու»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ պետք է հարցի կարգավորման ամբողջական փաթեթ լինի, որ ենթադրում է փուլ առ փուլ լուծումներ եւ հայկական կողմն էլ իր մոտեցումները հստակ պետք է ձեւավորի. «Եթե Ադրբեջանն ասում է, որ Արցախն իմ կազմում պետք է լինի, իսկ միջազգային հանրությունը դեռ այդ տեսակետին է, որովհետեւ երբեւիցե մենք չենք կարողացել հստակ ներկայացնել, որ Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ ընդհանրապես Արցախն ինքնորոշվել է այն տարածքներում, որոնք իրավաբանորեն չեն պատկանել Ադրբեջանին: Մենք այսպիսի հարցադրումներով դեռ հանդես չենք եկել, մինչդեռ իրենք հստակ են դնում`ընդհուպ մինչեւ Երեւանը մերն է եւ այլն»:

Տեսակետ կա, որ ԱՄՆ-ն իր զորքերը Սիրիայից դուրս է բերում ՌԴ-ի հետ որոշակի համաձայնությունների արդյունքում, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում այս երկու գերտերությունների շահերի համընկնումներ են հնարավոր: Անցած տարիների ընթացքում բոլորը խոսում էին այն մասին, որ այս գերտերությունների`տարածաշրջանում «լեզու գտնելու» պարագայում Արցախի հարցը եվս կարգավորման գործնական փուլ կմտնի:

Հետաքրքրվեցինք`ի՞նչ հավանականություններ կան: Մեր զրուցակիցը նկատեց`եթե անգամ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն հիմա գան համաձայնության, ապա պետք է երեք կողմերին`Հայաստան, Արցախ, Ադրբեջան, առաջարկ անեն. «Եթե մենք այնքան թույլ ենք, որ պետք է ընդունենք այդպիսի առաջարկներ, ապա, ասելու բան չունեմ: Բայց եթե հայ ժողովուրդն անընդհատ միահամուռ կանգնելու եւ ասելու է, որ մեր ձեռքբերումները երբեք ու ոչ ոքի չենք զիջելու`ոչ ոք մեր գլխին ոչինչ չի կարող բերել: Միայն մեկ բան` եթե Թուրքիան ու Ադրբեջանն այնքան այլասերվեն, որ որոշեն պատերազմել ողջ ճակատով»:

Իսկ առհասարակ, մեր զրուցակցի համոզմամբ, տարածաշրջանում ՌԴ-ԱՄՆ համաձայնություն չի կարող լինել, քանի որ ազդեցության ոլորտն ավելի շատ ՌԴ-ինն է, քան ԱՄՆ-ինը: Իր համոզմամբ, այս պահին խոսքն այն մասին պետք է գնա, թե Հայաստանը տնտեսապես, ռազմականորեն եւ ներքին համախմբվածության առումով ինչպե՞ս պետք է հզորանա, որ այլեւս եւ ոչ ոք մեզ հետ պատերազմի մասին հոխորտալով չխոսի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Հզորանալու գաղտնիք չկա, ամեն ինչ առավել քան պարզ է՝ չթալանել և վարել արդար կադրային քաղաքականություն։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31