«Ջի-Էլ-ՋԻ Փրոջեկտ Քոմփանի»-ի բաժնետեր և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը տեղյակ է, թե որտեղ է հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը։
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի, նրա դստեր ու որդու՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցված է քրեական գործ:
«Ազատության» հետ զրույցում Հատուկ քննչական ծառայությունից վերահաստատեցին Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված չէ, իսկ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ գործողությունները նրան հայտնաբերելու նպատակով:
«Պարոն Սարգսյանը դուրսն է, և մոտ ատենեն իրեն հարցերը լուծվելու վրա են: Կվերադառնա, և իրեն կրնաք հարցնել: Ինքը սխալական բան արած չէ, միայն չհայտարարելն է, որ սխալ է․․․ Մեկ տարի առաջ, եթե ինքը հայտարարեր, որ հարյուր միլիոն դոլար ունի, մեկը չէր ըսի՝ դու հարյուր միլիոն որտեղեն բերիր: Բայց քանի չի հայտարարած, ադ է իր հանցանքը, որը շատ մեծ հանցանք մը չէ», – «Ազատության» հետ զրույցում ասաց Ջեմբերջյանը:
«Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչու Լևոն Սարգսյանի չի վերադառնում Հայաստան, նա պատասխանեց․ – «Ատիկա իմ բանը չէ»:
Ջեմբեջյանն ասաց, որ այս ընթացքում խոսել է Լևոն Սարգսյանի հետ, անգամ ծննդյան օրն է շնորհավորել․ – «Բարեկամս եղած է: Նույնիսկ Սերժ Սարգսյանին հետ խոսած եմ»:
Հավելեց, որ գիտի, թե որտեղ է գտնվում Լևոն Սարգսյանը: Հարցին, թե արդյոք իրավապահները չեն հետաքրքրվել իրենից, թե որ տեղ է Սարգսյանը, Ջեմբեջյանն արձագանքեց․ – «Որևէ հարցում չի եղած ինձի այդ մասին: Իրավապահ մարմինները ինչի չեն հարցուցած՝ Լևոն Սարգսյանին հետ խոսո՞ւմ ես, չե՞ս խոսում»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: