Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ադրբեջանը հրաժարվեց ապահովել Ֆերդինանդ Կարապետյանի անվտանգությունը

Դեկտեմբեր 26,2018 20:35

Այսօր ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն ու Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը հանդիպեցին լրատվամիջոցների հետ:

Արմեն Նազարյանը մրցաշրջանը գնահատեց հաջող, սակայն նշեց, որ այն ավելի կլիներ, եթե իր սանը մասնակցեր Բաքվում անցկացված աշխարհի առաջնությանը: «2018 թվականին շատ մրցաշարեր ունեինք: Տարին սկսեցինք մի շարք միջազգային մրցաշարերով՝ «Գրան Պրիներով», «Գրան Շլեմներով»: Ֆերդինանդը առաջինում ունեցավ առաջին, երկրորդում՝ երրորդ տեղ: Ունեցանք նաեւ երկրորդ տեղ: Այդպես մենք մոտեցանք Եվրոպայի առաջնությանը Իսրայելում: Այնտեղ Ֆերդինանդը բոլոր մրցակիցների նկատմամբ մաքուր հաղթանակով մտավ եզրափակիչ, որտեղ մրցակիցը ադրբեջանցի էր: Եզրափակիչ գոտեմարտում նույնպես Ֆերդինանդը մաքուր հաղթանակ տոնեց ու կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Շարունակելով  մեր կազմած ծրագրով մարզումները՝ մենք պատրաստվում էինք աշխարհի առաջնությանը Բաքվում: Մինչեւ վերջին պահը չգիտեինք մեկնելու ենք Բաքու, թե ոչ: Սակայն լիովին պատրաստ էինք այնտեղ էլ հաղթել ու շատ էինք ցանկանում գնալ: Ավաղ, ձեզ հայտնի պատճառներով չմեկնեցինք», – ասաց Արմեն Նազարյանը:

Aravot.am-ի ճշտող հարցին, թե Ճի՞շտ են լուրերը, թե Ադրբեջանը տեսնելով, որ Ֆերդինանդ Կարապետյանը իսկապես ցանկանում է մասնակցել աշխարհի առաջնությանը եւ մտադիր է Բաքվում հնչեցնել Հայաստանի օրհներգը եւ ծածանել մեր դրոշը, դրա համար վերջին պահին հայտարարեց, թե հայ մարզիկի անձնական անվտանգության ապահովել չի խոստանում, Արմեն Նազարյանը պատասխանեց: «Ճիշտ է: Մեր ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպումներ էր ունեցել, խոսել, որ մենք տրամադրված ենք, անպայման, մեկնել: Բաքուն գիտեր, թե Ֆերդինանդն ով է, որ Եվրոպայի առաջնության եզրափակչում մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ: Հավանաբար, դա եղավ պատճառ, որ հայտարարեցին, թե իրենք ի վիճակի են ապահովել մասնակիցների ընդհանուր անվտանգությունը, իսկ մեր անհատական անվտանգությունը՝ ոչ: Դա, բնականաբար, չէր կարող բավարարել Հայաստանի Հանրապետությանը»:

Ֆերդինանդ Կարապետյանն էլ Եվրոպայի առաջնության եզրափակչում ադրբեջանցուն մաքուր պարտության մատնելու մասին ասաց. «Իմ համար բոլոր մրցակիցներն էլ հավասար են: Բայց, միեւնույն է, հոգումս դա սկզբունքային գոտեմարտ էր: Ցանկանում էի հաղթել հարեւանին եւ իմ ժողովրդին ուրախություն պարգեւել: Հաջողվեց եւ հոգու խորքում բավարարված էի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31