Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից որոշում է կայացվել լրացնել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց. «Բացի նախկինում Վահագն Հարությունյանին վերագրվող՝ գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեղադրանքից, նա նաև մեղադրվում է կամ որպես մեղադրյալ է ներգրավվել 308-րդ հոդվածի երկրորդ մասի և 309-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար»:
Մասնավորապես Վահագն Հարությունյանը մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Մարինա Օհանջանյանը նշեց, որ նաև միջնորդություն է ներկայացվել Վահագն Հարությունյանին կալանավորելու համար:
Դառնալով ՀՀ գլխավոր դատախազության որոշմանը՝ չբողոքարկել «Մարտի 1»-ի գործով ապացույցներ կեղծելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, Մարինա Օհանջանյանն ասաց. «Կարծում ենք` մեղադրանքի լրացման և կալանքի միջնորդությամբ է պայմանավորված դատախազության որոշումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը Հետք-ի հետ զրույցում հայտնել է, որ ՀՔԾ-ի կողմից կայացված որոշումների մասին տեղյակ չէր. ՀՔԾ-ին իրեն պաշտոնապես տեղյակ չի պահել վերը նշված որոշումների մասին. «Դուք ավելի լավ տեղեկացված կլինեք, քանի որ, կարծես թե մամուլում ավելի շատ տեղեկություն կա, քան ես եմ տիրապետում: Մեզ հետ որևէ պաշտոնական, դատավարական քննչական գործողություն չի իրականացվել, ես տեղեկացված չեմ, թե ինչ որոշման մասին է խոսքը»: