ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 27 ամյա բնակչին:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2017 թվականի հունիսի 6-ին, Երևան քաղաքի՝ 1991 թվականին ծնված կինն անշարժ գույքի գործակալության միջոցով պայմանագիր է կնքել Գրիբոյեդով 44 շենքի բնակարաններից մեկի սեփականատիրոջ լիազորած անձի հետ և բնակության տեղափոխվել հիշյալ շենք:
2018 թվականի ապրիլի 1-ին 27 ամյա կինն ազատել է վարձակալած բնակարանը, որից հետո անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչը հաճախորդ է տարել այդ բնակարան և հայտնաբերել, որ այնտեղից բացակայում է գույքի մի մասը, իսկ առկա գույքից որոշները վնասված է:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ 27 ամյա կինը յուրացրել է վարձակալած բնակարանի գույքը՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի՝ 750 000 ՀՀ դրամի վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 27 ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին