Լրահոս
Օրվա լրահոսը

Անձեռնմխելի են հայ մշակույթը եւ հայկական սփյուռքը

Դեկտեմբեր 26,2018 20:20

Հանրությունը դեռ չի հասցրել լիովին ընկալել ու քննադատել առնվազն ևս երկու տարի կռացած երթևեկելու, ամենօրյա տրանսպորտային խցանումների մեջ հայտնվելու, հին վերելակներով ահաբեկված տեղաշարժվելու և քաղաքային իշխանության ներկայացրած այլ «հեռանկարները», իսկ  գործող իշխանությունն արդեն նախաձեռնել է հերթական  «բարեփոխումը»` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծն արդեն իսկ արժանացել է հանրային և փորձագիտական լուրջ քննադատության և ընդդիմադրության, հատկապես՝ անթույլատրելի են համարվում Մշակույթի, Սփյուռքի և Գյուղատնտեսության նախարարությունների լուծարումը (կրճատումը/վերակազմավորումը):

«Օպտիմալացման» անվան ներքո հազարավոր մարդկանց աշխատանքից զրկելով, թողնելով գործազուրկի կարգավիճակում և ավելի ծանրացնելով առանց այն էլ երկրի սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը՝ գործող իշխանությունները սույն նախաձեռնությամբ, ըստ էության, նաև թուլացնում են հայ ժողովրդի դիմադրողականությունը:

«Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են» սահմանադրական նորմը գործող իշխանությունը յուրովի է ընկալել: Աշխարհին հիմնականում մշակութային ժառանգությամբ ներկայացող մեր ազգի այցեքարտը զորեղացնելու, հայկական մշակութային բազմաշերտ ժառանգությունը մեր երկրում և նրա սահմաններից դուրս պահպանելու ու վերականգնելու առաջնահերթությունները սպասարկելուն կոչված Մշակույթի նախարարության հնարավորություններն ու իրավասություններն արդյունավետորեն համալրելու փոխարեն` գործող իշխանությունը հանդես է գալիս օտարահաճո նախաձեռնությամբ` փաստացի տարալուծելով համազգային նշանակության Մշակույթի նախարարությունը:

Իրեն «հեղափոխական» կոչող կառավարությունը պարտավոր էր հեղինակել մշակութային քաղաքականության հայեցակարգ և աշխարհին ազդարարել հայ մշակույթի համաշխարհային նշանակությունը, մինչդեռ  լծվել են մշակույթի մեկ ու ամբողջական համակարգված պետական կառույցի կազմաքանդմանը: Մշակույթի բազմաճյուղ ոլորտները` կինոն, գրականությունը, թանգարանները, պատկերասրահները, պատմամշակութային հուշարձանները, գրադարանները, թատրոնը, երգարվեստը, նկարչությունը, քանդակագործությունը պետական ամբողջական և ամենօրյա հոգածության ներքո պետք է գտնվեն, ինչի այլընտրանքը` սեփական պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը ժողովրդից օտարացնելն է:

Մեր հայրենակիցների թիվն աշխարհում մի քանի անգամ ավելին է, քան մեր երկրում: Իրեն «հեղափոխական» կոչող և հայրենադարձության մասին խոսող կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լիներ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների վերադարձի պետական ծրագրի մշակումն ու հանրայնացումը, ապա և` Հայրենիք վերադարձել ցանկացողների կազմակերպչական բազմատեսակ հարցերին արդյունավետ և արագընթաց լուծումներ տալը: Այս ամենը նույնպես պետք է կատարվի պետական մեկ ու ամբողջական համակարգված կառույցի միջոցով, մինչդեռ հանրությունն ականատեսն է հակառակ պատկերի` Սփյուռքի նախարարության լուծարմանը:

Խիստ դատապարտելի է նաև այսօրվա գործող իշխանության կողմից նախորդ իշխանություններին կրկնելու հերթական դրսևորումը, երբ առանց պատշաճ իրազեկման և հանրային լայն քննարկման սկսում են կյանքի կոչել քննադատության չդիմացող իրենց նախաձեռնությունը, ինչի իրագործման դեպքում նաև` հազարավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նաև նախատեսվող` Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների լուծարումը և դրանք մաս-մաս ու այլ կարգավիճակով պետական ուրիշ կառույցների կազմում ներառելը փաստացի համարժեք է անհաղթ հայկական մշակույթի հզոր ու բազմաշերտ արժեքները հայ ժողովրդից օտարելու և Սփյուռքում ապրող միլիոնավոր մեր հայրենակիցների կապը Հայրենիքի հետ թուլացնելու հանցավոր փորձի: Օպտիմալացումը որպես արդարացում և նախընտրական խոստման կատարում ներկայացնող (բազմաթիվ այլ խոստումների արհամարհման պարագայում) գործող իշխանությունները պարտավոր են չեղարկել սույն օրենքի նախագիծը` հետայսու հեռու մնալով քաղաքականությունից ու տնտեսությունից վեր գտնվող հայ մշակույթի վերաբերյալ բացասական որևէ ազդեցություն գործելու փորձից: Քաղաքակիրթ երկրներում՝ զարգացած մշակույթն ու կրթությունն են մրցունակ քաղաքականության և տնտեսության հիմքն ու երաշխավորը:

Արամ  Ենոքյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության Ժողովի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31