Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Հայկ Մարությանը չմտածի, որ ինքը սուրբ է և միայն այն պատճառով, որ սիրված դերասան է, մենք իր կատարած կամ չկատարած գործերի պատճառով իրեն չենք քննադատելու». Մարինա Խաչատրյան

Դեկտեմբեր 26,2018 19:15

«Թող Հայկ Մարությանն իր վարքագծով, խոսքով ու իր կատարած գործողություններով ցույց տա, որ մենք ապրում ենք նոր Հայաստանում»,- Aravot.am-ի հետ  զրույցում անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններին, այսպիսի կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, դիմելով Երևանի ավագանու նախկին անդամներին, տրանսպորտային նոր ցանցի ներդրման քննարկմանը հայտարարեց. «Այն ժամանակ 55 հազար դրամ աշխատավարձ եք ստացել, եղել եք անցած ավագանու անդամներ եւ ոչ մի բան չեք արել, այսօր ունենք պրոբլեմատիկ զեկույց: Դուք որ ավելի շատ ու ճիշտ աշխատեիք բրիտանական ընկերության հետ, միգուցե այսօր կարողանայինք տրանսպորտային նոր ցանցի ներդրման գործընթացը սկսել»:

Մարինա Խաչատրյանը նշեց, թե ինքն այն տպավորությունն ունի, որ Հայկ Մարությանը չի հետաքրքրվել այդ ժամանակաշրջանում ո՛չ Երևանի խնդիրներով, ո՛չ ավագանու աշխատանքներով և իրազեկված չէ այն գործընթացներից, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակաշրջանում, նաև ընդդիմադիր  խմբակցության աշխատանքից և վարած պայքարից կամ դա նրա համար անհետաքրքիր կամ անհասանելի են եղել:

Մարինա Խաչատրյանը պատմեց՝ ինքն անձամբ տրանսպորտի հարցով մասնակցել է ավագանու նիստերին, հանձնաժողովի աշխատանքներին և բացահայտել խնդիրներ: Մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Կասկածներ եմ ունեցել, որ այդ բրիտանական կազմակերպությունը հնարավոր է գրանցված լինի օֆշորներում և հանդիսանա մեր քաղաքային բյուջեից գումար լվանալու միջոց:  Իմ կարծիքը հայտնել եմ հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանին և հանձնաժողովի բոլոր անդամներին: Մեր խմբակցությունը մշտապես դեմ է արտահայտվել այս ծրագրին, և մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք, որ այդ ծրագիրը պարզապես աչքակապություն է. այն պետք է կանգնեցնել և գումարները հետ բերել քաղաքային բյուջե: Կարող եմ եզրակացնել, որ Հայկ Մարությանը հետաքրքրված չի եղել, տեղեկացված չի եղել այդ բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունեցել հենց կոնկրետ տրանսպորտի թեմայի հետ կապված: Մինչդեռ մենք ունեցել ենք զեկույցներ, հոդվածներ, բազում առաջարկներ, թե ինչպես կարելի է բարելավել քաղաքային տրանսպորտը, սակայն Հայկ Մարությանը, նախկինում լինելով պայքարող ընդդիմադիր կերպար, պետք է շատ լավ հասկանա, թե ինչ բարդ էր այդ խմբի դեմ պայքարելը: Ինչպես տեսանք՝անհնարին չէր. հեղափոխություն տեղի ունեցավ, սակայն դա բարդ պրոցես էր: Կլիներ դա կռվով, վիրավորանքներով, թե ծեծուջարդով, մենք պայքար տանում էինք: Եթե Հայկ Մարությանն այսօր բարձրացնում է միայն տրանսպորտի խնդիրը, կարող եմ ասել, որ շատ այլ խնդիրների ուղղությամբ էլ է մեր պայքարը տարվել»:

Մարինա Խաչատրյանը զգուշացրեց, եթե Հայկ Մարությանը շարունակի նման ոչ քաղաքանպաստ  աշխատելաոճը, այն ինչ կատարվել է ՀՀԿ-ի ժամանակ, նա շարունակի, ապա նույն քննադատության և նույն խոսքերին արժանանալու է նաև ինքը. «Թող չմտածի, որ ինքը սուրբ է և միայն այն պատճառով, որ սիրված դերասան է, մենք իր կատարած կամ չկատարած գործերի պատճառով չենք քննադատելու»:

Դառնալով 55 հազարական դրամներին՝ Մարինա Խաչատրյանն ասաց, որ ինքը կողմ է, որ ավագանու անդամներն այդ փոխհատուցումը չստանան. «Ես այդ առաջարկն արել եմ և պնդում եմ, որ Հայկ Մարությանը,  քանի որ այդպես ճոխ խոսում է, բայց իր կատարած գործերն այդ մասին չեն խոսում, բայց ենթադրենք քաղաքային բյուջեն խնայող անձնավորություն է, ապա թող հրաման արձակի, որոշում կայացնի, որ ներկայիս ավագանին այդ գումարը չստանա, տեսնեմ՝ «Իմ քայլի» ավագանու անդամներն ինչպիսի արձագանք կտան նրա՝ այդ որոշմանը»:

Մարինա Խաչատրյանի կարծիքով՝ չի կարելի ավագանու նիստերը վերածել բլոտի. «Չի կարելի մեղադրանքներ հնչեցնել և այդպես իրար վիրավորել, քո դիրքերում չմնալ, ավագանու նիստի ժամանակ կռիվներ սարքել: Դա իրապես պիտի ավագանու նիստ լինի, պիտի քննադատություններ լինեն, բայց ինձ մոտ տպավորություն էր, որ ավագանու նիստին բլոտ էին խաղում. մեկը գոռում էր «քուանշ», մյուսը սրում էր…..ինչի՞ են վերածել ավագանին. դա ինձ համար անթույլատրելի է: Անցել ենք այն փուլը, որ որոշում էր ՀՀԿ-ն, այդ մարդկանց շրջապատը, այդ միջավայրն այդ կանոններով պիտի աշխատեր: Չէ՞ որ փոխվել է քաղաքական կառուցվածքը, կարգավիճակը, իրողությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դրանք շատ հաճելի անակնկալներ են թղթի վրա գրված և ամեն ոք իր տեսակետով է այն կարդացել՛կամ էլ առանց նյութը ուսումնասիրելու իր կարծիքն է հայտնում: Կարդալը դարձել է՛բա ես հավես ունեմ՝կամ որ կարդամ ինչ եմ փոխելու: Օֆշորներում փող լվանալ՝ի՞նչ է ամեն քայլափոխի հանցագործություններ են բացահայտվելու և հեքիաթ է՛ պատասխանող չկա ու ստացվում է անիմաստ մեղադրանք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31