Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերսկսեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի գործով դատական նիստը: Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը հանձնվել է դատավոր Սուսաննա Գզոգյանին: Դատավորի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ նախկին դատավոր Լուսինե Աբգարյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Սա գործով առաջին դատական նիստն էր: Ներկայացել էին բոլորը, բացի տուժող Նարինե Ավետիսյանից: Քանի որ վերջինս ուներ առողջական խնդիրներ:
-Այսօր դատական նիստում նախապատրաստվեց դատաքննության գործը, քննարկվեց դատավորի նկատմամբ ինքնաբացարկի, մեղադրողի մնացած կողմերի նկատմամբ, եթե կան ինքնաբացարկներ այդ միջնորդությունների հետ կապված: Չկային ինքնաբացարկներ: Մեղադրող կողմը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, ամբաստանյալները չընդունեցին իրենց մեղքը: Դատարանը որոշեց նաեւ ապացույցների հետազոտման կարգը,- ասաց ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:
Նախորդ դատավորի ժամանակ գործի քննությունը գրեթե մոտեցել էր ավարտին: Հիմա գործընթացը սկսվում է սկզբից. «Այս առումով գործն ուղղակի հետաձգվում է, բայց ինչ-որ դժվարություններ, որոնք կխոչընդոտեն մեր արդար դատաքննության իրավունքը եւ այլն, մենք այս պահին չունենք: Եթե ունեն միջնորդություններ, հայտարարություններ մենք կարող ենք հիմա էլ ներկայացնել, որեւէ խնդիր չի կարող առաջացնել: Ուղղակի դատավարության կարգն է այդպիսին, որ գործը պետք է սկսվի իսկզբանե»,- ասաց փաստաբանը:
Քանի որ դատավորը որոշեց, որ ի սկզբանե պետք է քննվեր տուժող Նարինե Ավետիսյանը, իսկ նա նիստին ներկա չէր, այդ հիմքով նիստը հետաձգվեց, նշանակվեց 2019 թվականի փետրվարի 27-ին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ