Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դայակին տարել են Ստամբուլ ու ենթարկել սեքս ստրկության. Թրաֆիքինգի թեմայով լուսաբանման մրցանակակիրները հայտնի են

Դեկտեմբեր 26,2018 17:59

Այսօր ՀՀ արտգործնախարարությունում «Մարդկանց թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի» թեմայով լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունն էր: Այն նախաձեռնել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը: Մրցանակաբաշխությունը արդեն 7-րդ տարին է անցկացվում, այս տարի մրցույթին ներկայացվել է 9 լրագրողական նյութ:

Նյութերը գնահատել է լրագրողներից, փորձագետներից կազմված ժյուրին՝ 6 հոգուց բաղկացած:

ՀՀ-ում թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանն ասաց, որ այս տարիներին ԶԼՄ մրցանակաբաշխության շնորհիվ ավելացել է հետաքրքրվածությունը այս ցավոտ թեմայի վերաբերյալ. «Որքան շատ լուսաբանվում է, այնքան ավելի սկսում է նվազել հանցագործության դեպքերի թիվը»:

Մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Լիաննա Դոյդոյանն ասաց, որ ինչպես անցյալ տարի, այս տարի մեկ անվանակարգում առաջին տեղի մրցանակակիր չեն ունեցել: Այս տարի առաջին տեղի մրցանակակիր չկա «Հեռուստատեսության եւ ռադիոյի» անվանակարգում: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ռադիո Մարշալ»-ի եթերում Բաց փակագիծ. թրաֆիքինգի նոր դրսևորումներ՝ արդեն Հայաստանում» նյութի համար Ամալյա Պապյանը: Երկրորդ տեղն է զբաղեցրել նաեւ ԱՐ հեռուստաընկերությունից Քրիստինե Ոսկանյանը՝ «13 մարդ ստրկության է ենթարկվել» նյութի համար:

«Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրել է OC Media-ի լրագրող Արմինե Ավետիսյանը «Սեքս ստրկության զոհերը. թրաֆիքինգ» թեմայով հրապարակման համար:

Արմինեն հրապարակման մեջ ներկայացրել է մի հայ աղջկա՝ դայակի պատմություն, թե ինչպես են նրան առաջարկել ամսական 1000 դոլար աշխատավարձով փոքրիկ հայ երեխայի խնամել Հունաստանում, մտածել է՝ կգնա, նաեւ այնտեղ կգտնի իր կյանքի մեծ սերը, ռոմանտիկ ու լավ տրամադրությամբ, մեծ երազանքներով մեկնել է ծանոթի հետ Ստամբուլ, որտեղից էլ պետք է իբր գնային Հունաստան. «Ավտոբուսով գնացինք Ստամբուլ։ Այնտեղ նա ինձ տարավ մի հյուրատուն, ինքը գնաց մեզ համար Հունաստանի տոմսեր գնելու։ Գնաց ու…», այդտեղից կնոջ կյանքում սկսել են գերության օրերը: Ինչպես հրապարակման մեջ նշում է Արմինեն, «նրա ծանոթը այդպես էլ Հունաստանի տոմսեր չի գնել, փոխարենը ստել է, իբր ճանապարհին պայուսակը գողացել են, որտեղ եղել է իրենց ամբողջ փողն ու անձնագրերը։ Նա մի ելք է առաջարկել ՝ փոքրիկ սեքսուալ ծառայություն մատուցել մի ծանոթ տղամարդու, ով արագորեն օգնելու էր իրենց փաստաթղթերը վերականգնելու հարցում»:

«Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում մրցանակի արժանացան նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Դեմուրյանը «Թրաֆիքինգի զոհ է դարձել ՀՀ 37 քաղաքացի. ինչպիսի շահագործման են ենթարկվում հայերը եւ որտեղ» հրապարակման համար, ինչպես նաեւ «Լեգալ Ինֆո» կայքի լրագրող Ելենա Արամյանը՝ «Թրաֆիքինգի դրսեւորումները ՀՀ-ում. աշխատանքային շահագործում» հրապարակման համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31