Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը համաներման հետ կապված Դավիթ Շահնազարյանի քննադատությունը չէր ընդունել՝ ասելով, որ «դաշտային քաղաքական գործիչները» կարող է այդ նեղ մասնագիտական բաները չհասկանան:
Իսկ Շահնազարյանը համաներումը քննադատել էր «Սասնա ծռերի» հետ կապված՝ ասելով. «Հանցագործությունները կատարողների համաներման որոշումը պետք է ընդունեն զոհված ոստիկանների հարազատները, այն ոստիկանների, որոնք պետության վրա արձակած կրակոցներն ընդունեցին իրենց վրա: Պատկերացնո՞ւմ եք ինչքան թույլ պետք է լինի պետությունը, որ արդարադատության իրականացումը թողնի մասնավոր մարդկանց վրա: Այդ մարդկանց ազատ արձակելը լրջագույն հարված էր մեր ողջ իրավապահ համակարգի վրա»:
Իսկ Արտակ Զեյնալյանը վստահեցրել էր, որ «Դա միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան է իրականացվել, եւ այո, տուժողները պետք է իրավունք ու հնարավորություն ունենան պաշտպանելու իրենց իրավունքները, եւ եթե կա տուժողի բողոք-դիմում՝ կյանքի իրավունքի խախտման, ապա այդ գործով պետք է մեղադրյալները, կասկածյալները ենթարկվեն պատասխանատվության՝ առանց համաներման իրավունքի»:
Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ընդհանրապես դա աննախադեպ է, երբ պետությունը արդարադատությունը հանձնում է մասնավոր անձանց. «Պատասխան ստացա, որ միջազգային փորձ կա: Ես հարգում եմ այդ մարդուն, ով խոսել էր միջազգային փորձի մասին, բայց գիտեք, ուսումնասիրեցի, չեմ գտել միջազգային փորձ, ուրախ կլինեմ, եթե ինձ ասեն: Մի միջազգային փորձ եմ գտել, դա կա զուլուսների՝ աֆրիկյան ցեղի մոտ, երբ սպանողին հանձնում են սպանվածի հարազատներին եւ նրանք պետք որոշեն թե՛ պատիժը, թե՛ իրականացնեն այդ պատիժը: Եվ պատժաչափը, որպես կանոն, որոշվում է այն դրամի քանակով, կամ ապրանքի ձեւով, որը մարդասպանը հանձնում է սպանվածի ընտանիքին: Այլ միջազգային փորձ ես չեմ գտել, ուրախ կլինեմ, եթե ցույց տան»:
Արտակ Զեյնալյանին փոխանցեցինք Դավիթ Շահնազարյանի խոսքերը ու հարցրեցինք՝ քաղաքակիրթ աշխարհում իսկապե՞ս կա նման միջազգային փորձ, որը կարող եք ցույց տալ՝ նա պատասխանեց. «Ես պարոն Շահնազարյանի խոսքերը ուղիղ կարդամ, միայն դրանից հետո դրա վերաբերյալ գնահատական կտամ: Միջնորդավորված խուսափում եմ, պիտի անձամբ կարդամ»: Նա պնդեց միայն, որ միջազգային պրակտիկայում նման օրինակներ կան. «Մենք Եվրոպական դատարան բազմաթիվ գանգատներ ենք ներկայացրել այդ հիմքերով, որ պետությունը չի ապահովում տուժողի իրավունքների պաշտպանությունը: Գնահատեք փնտրման ջանքերի ուժգնությունը եւ գրագիտությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ