Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու առանց մշակույթի Հայաստան չի լինի

Դեկտեմբեր 26,2018 16:38

Իմ քայլը ընդդեմ «Իմ քայլ»-ի մշակութային քաղաքականության։

(Անտարբերությունն ավելի վատ է, քան «Իմ քայլին» հակադարձելը։
Ու նաև պարզ է, որ մշակույթը նախարարությունը չի։ Հարցը դա չէ)։

Սա ասեմ. ու էլ չեմ ասելու։ Անիմաստ է ասելը։

Ասողին լսող է պետք։ Չեմ կարծում, որ հիմա որևէ մեկին լսող կա։
Գիտենք նաև, որ ոչինչ չի փոխվելու։ Անողը անելու է իր անելիքը։ Կամ արել է արդեն։
Բայց ասելիքն անպայման պիտի ասվի, որ հետո չասվի «բա, մի բերան ասեիք այդ մասին»։

Հիմա՝ «մի բերան» ասում եմ, որ – «հետո չասեք, թե մենք քնած, Դավիթ էկավ գող գող գնաց»։

Ասելիքս հստակ է.-

ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԴԵՄ, ԱՆԱՐԺԵՔ, ԱՆՊԱՇՏՊԱՆ,ՎԵՐՋԱՑԱԾ ԵՐԿԻՐ Է։

Առանց մշակույթի Հայաստան – նշանակում է – «Հայաստան առանց հայերի» –

Սա բոլոր ժամանակների մեր թշնամիների ամենաբաղձալի երազանքն է եղել, և երազանք է հիմա։

 

Սկսեմ։ Որքան կարող եմ «կարճ կկապեմ», թե չէ այս հարցը վերջ չունի։

 

Քաղաքականության մասին երբեք չեմ խոսել. դա իմ գործը չի։

Մշակույթից կարող եմ խոսել։ Մի ամբողջ կյանք ապրել եմ այդ ոլորտում։

Մշակույթի պրիզմայով ավելի պարզ եմ տեսնում, թե ինչ է կատարվում։

Եվ իմ մասնագիտական պարտքն եմ համարում ժողովրդին ասել այդ մասին։

 

Իմ ապրած 65 տարիներից 48 տարին պրոֆեսիոնալ մշակույթի մեջ եմ,

Մի քիչ բան իմացել եմ։ Միայն չեմ իմացել, որ մշակույթը Մակունցի մեջ է։

Այս անունը տալիս եմ շատ ավելի վատ պատճառով, քան իր խոսքերն են։

Որպես ռեժիսոր, նրա նշանակման մեջ ես նախանշած ծրագիր եմ տեսնում.-

Այդպիսի անտեղյակ մեկին էր պետք նշանակել մշակույթի նախարար,

Որ վեց ամիս անց ցայտուն ցույց տրվի, և հրապարակավ ի ցույց դրվի,

Որ այդ կառույցը իր նշանակության համար բացառապես պիտանի չի։
Հեղինակազրկման գործը, անկեղծ ասած, փայլուն կերպով իրականացավ։

 

ԱՄՆ հետախույզ, գնդապետ Դանի հայտնի մեթոդը կա աշխարհում, «Եթե ուզում ես առանց պատերազմի որևէ երկիր փլուզել, դա արա ներսից. Հեղինակազրկիր Ավանդույթները, Եկեղեցին, Բանակը և վերացրու Մշակույթը»։

 

Ավելի լավ է բառացի մեջբերեմ –(Դան)-«Այս կործանարար ազդեցությունը պետք է ներառի

«մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ: Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել թերահավատություն ազգային ինքնատիպ մշակույթի նկատմամբ»:

Սա հետախույզ, գնդապետ Դանն է գրել իր մասնագիտական զեկույցում։

Եվ այդ մեթոդիկայով աշխարհում արդեն բազմաթիվ երկրներ «փլուզվել» են։

 

Շարունակենք, քանի որ հստակ է գրված և ծանոթ վիճակ է –

Երկար մեջբերում է. ուղղակի ես ավելի լավ չեմ կարող գրել.-

«Ձևավորեք քաղաքական գաղափարախոսություն՝ ներթափանցելով կառավարություն:

Ձեր գաղափարների համակիրներին պաշտոններ տվեք և բարձրացրեք նրանց բոլոր մակարդակներում՝ որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով՝ հասարակությանը խոստանալով լուծումներ և բարեկեցիկ, լավ կյանք:

Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը և կառավարության կախվածությունը ձեզանից՝ փոխեք օրենսդրության նկատմամբ վստահությունը: Նշանակելով կոռումպացված դատավորներ, որոնք չեն գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարակության մեջ ծնվի անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն և, որ ամենակարևորն է, անհուսության զգացողություն: Եթե կարողացել եք ներթափանցել և հասնել բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաև բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել այդ երկրի բանակը: Բանակի համար ստեղծեք և ավելացրեք անհարկի սահմանափակումներ ու պարտավորություններ, ստեղծեք զինվորին նվաստացնող մթնոլորտ և դրանով կկարողանաք բարոյալքել բանակը թե՛ հոգեբանորեն և թե՛ մարտունակության առումով: Մի երկիր առանց ուժեղ բանակի անպաշտպան է ու խոցելի և նման է ճիրաններ ու ժանիքներ չունեցող վագրի կամ պոզեր չունեցող ցուլի:

Սա էլ մեջբերենք մշակույթի մասին ու վերջ.-

Հզոր ազգը, հասարակությունն իր հիմքում ունի իր եզակի մշակույթն ու լեզուն: Ապազգայնացնելով հասարակությանը՝«ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն: Անցյալի նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարևոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի հասարակության, հատկապես երիտասարդության համար նրանք չդառնան հերոսության տիպարներ:

Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն:

Հարված հասցրեք լեզվին՝ խեղելով այն: Մշակույթն ու լեզուն են ի վերջո միավորում ժողովրդին. եթե օրենսդրական գործողությունների և սոցիալական ճնշման միջոցով կարողանաք շահարկել այդ երկու կարևորագույն տարրերը, ապա կկարողանաք թուլացնել ցանկացած երկրի հիմքերը:

Ի վերջո, ազգայինից հրաժարումը և բազմաբնույթ մշակութային հայեցակարգը հասարակությանը տանում են դեպի մահաբեր թուլացում:

 

Լավ, ավարտենք, ինձ չի կարելի քաղաքականությունից խոսել –

Ուղղակի մշակույթ կար թեմայի մեջ դրա համար անդրադարձա։

Անցնենք առաջ.

 

Իհարկե նախորդ նախարարներից ոչ մեկի մասին ոչ մի լավ բան չեմ կարող ասել,

Ես մշակույթի 20 նախարար եմ տեսել իմ կյանքում, բոլորն էլ վատ էին։ Անխտիր։

Բայց ամենից վատը վերջինն էր։ Եվ դա վերջն էր, ինչպես բոլորս տեսնում ենք։

 

Փաստորեն Հայաստանի վրա մշակույթի նախարար չի գալիս։ Ոչ մեկը «բանի պետք չէր»։

Բոլորն էլ անեծքի նման գալիս են, արվեստագետներին վիրավորում, արվեստն ավերում ու գնում։

Հիմնական գործերը փոխնախարարներն ու աշխատակազմն էին «ճըկըռթալով» անում։
Ի դեպ, աշխատակազմը ամենևին մեղավոր չի, որ նախարարները վատն են։
Աշխատակիցներն արել են իրենց հասանելիք ծանրագույն գործը՝ միշտ հազիվ հասցնելով։

Իսկ մշակույթի նախարարության գործառնությունները աներևակայելի շատ են։
Հիմա այդ մասին չենք խոսի. Միայն գործերի ցանկը մի տասնյակ էջ կարող է կազմել։

Իմացողը գիտի, չիմացողը ոչ մի կերպ չի պատկերացնի, թե ինչ ծավալի մասին է խոսքը։

 

Հիմա բուն ասելիքս ասեմ ու ես էլ գնամ։

Ինչու առանց մշակույթի անիմաստ կամ անհնար է Հայաստանի գոյատևումը։

 

Մշակույթ և նախարարություն, ասացինք,- իհարկե նույնը չեն։ Դա բոլորին է հասկանալի։

Բայց նախարարության լինել կամ չլինելը՝ պետության վերաբերմունքն է մշակույթի հանդեպ։

Ինչ բարձրության կամ ցածրության կարգավիճակ որ կունենա մշակույթը պետության մեջ,

Համապատասխան վերաբերմունք կունենան նրա նկատմամբ և ժողովուրդը և մյուս երկրները։

 

Չեմ ուզում այստեղ անդրադառնալ «տրեխավոր» մշակույթի գործիչների կարծիքներին,-
Նրանց որ թողնես, ակադեմիական արվեստը անվերադարձ կթաղեն «ազգային» տարազի տակ։
Ոչ էլ կանդրադառնամ մյուս «ծայրի» կարծիքին – իբր «մենեջերները» կարող են մշակույթի հարց լուծել,

Դա «շոու բիզնես» է , որն արվեստի հետ կապ չունի։ Դա առևտրի տեսակ է։ Փողի մեծ պտույտ։

«Շոու բիզնեսը» երբեք արվեստի հարց չի կարող լուծել։ «Բիզնեսը» երբեք ազգային թատրոն չի պահի։

 

Մյուս ծայրահեղ միտքն այն է, որ «դարեր շարունակ մշակույթի նախարարություն չենք ունեցել,
Բայց մշակույթ ունեցել ենք»։ Այո, թերևս։ Բայց Օպերային թատրոն ու Կապելլա չենք ունեցել։
Անհատներ, այո, ունեցել ենք։ Մշակութային համակարգեր ու մեծ կոլեկտիվներ երբեք չենք ունեցել։

Անիմաստ է հիմա մեկ-երկու օրինակի վրա փորձել հակափաստարկ գտնել։ Կառույց չի եղել։

Դրա համար նախ պետություն է պետք ունենալ, նախարարություն, և հետո մշակութային կառույցներ։

 

Օդում թևածող տարբեր մոտեցումների մասին հակիրճ այսքանը։ Պարզ է, որ սա բուռն վեճի նյութ է։

Մշակույթը թղթե սավառնակ չի, որ աչքաչափով խնդիրներ լուծես։ Չափից ավելի բարդ համակարգ է։

 

Հայաստանը, որ ամենաքիչը 5000 տարեկան է (հիմա բուն հայկական 4510 թվականն է),

Պարտավոր է ունենալ մշակույթի ամենաբարձր կարգավիճակ ունեցող նախարարություն։

Ինքս նրան միշտ ավելի բարձր տեղ եմ հատկացրել, քան Բանակն է կամ Անվտանգությունը։
Մյուս նախարարությունների կամ «անհարկի» ու բազմաթիվ կոմիտեների մասին չեմ խոսում։

Դրանք այնքան շատ են ու իրար կրկնող, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ են դրանք մնում։

 

Անիմաստ է հազարամյակների ավանդույթներով ձևավորված երկրի ազգային հզոր ուժը կորցնել –

Եվ փոխարենը դառնալ իբր «ժամանակակից», անդեմ, սոցիալական հարցեր բարձրացնող ամբոխ։

Սա հետընթաց քայլ է 30, 100, 1000, կամ, եթե կուզեք, 5000 տարի։ Հետ քայլ, հետ քայլ մինչև վերջ։

Դառնում ենք նախնադարյան համայնական ամբոխ, որի երազանքը կուշտ փորով հաց ուտելն է,

Եվ որը, ինչպես վերը նշեցի, մեր թշնամիների բաղձալի երազանքն է։ Անդեմ ամբոխ։

Փողը չլինելը, «կոռուպցիոն ռիսկերը», սխալ աշխատանքը, վատ կառավարումը –

Դրանցից ոչ մեկը պատճառ չի՝ Հայաստանում մշակույթի նախարարություն չունենալու համար ։

Եթե պետություն է՝փող կա։ Աշխատակարգը կարգավորեք, ճիշտ կառավարեք։ Սրանք հիմքեր չեն։

Չբարդացնեմ ու ավելի «հասարակ» ասեմ – ավելի պարզ ընկալելու համար։
Մշակույթը երկրի համար գրեթե նույնն է, ինչ Տոնածառը Նոր Տարվա համար։

Նոր Տարին, իհարկե կարող է նաև առանց Տոնածառի լինի։ Ցախավելն էլ տոնածառ կդառնա։
Հիմա ստացվում է, որ մեր Նոր Հայաստանը Տոնածառ չունի, անմշակույթ է կամ «անմշակ»,
Թեև Նոր Հայաստանի իսկական Տոնածառն այս պահին երևի ամենաբարձրն է աշխարհում։

 

Ինչ վերաբերում է այն մտքին, որ մշակույթի բաժին կլինի ԿԳՆ-ում, մոռացեք այդ մասին,-

Անլուրջ է այդ մասին խոսելը. Դա ուղիղ նշանակում է մշակույթից ոչինչ չհասկանալ։

Հսկա նախարարությունով գործ չեք կարողանում անել, մի բաժնով ի՞նչ պիտի անեք։

 

ԱՄՆ-ը, որ 242 տարեկան է և 300 ազգ, կարող է չունենալ մշակույթի նախարարություն։ Եվ չունի։

Բայց ազգային երկրների, մանավանդ մոնոէթնիկ երկրների ողջ ուժը կուտակված է իր մշակույթում։

Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, անգամ Ֆրանսիա Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և այլն։
Առանձնապես թվակազմով փոքր երկրները ավելի ամուր են կապված իրենց մշակույթին։

Այդ երկրներն այնքան շատ են, որ թվարկելն անիմաստ է։ Մեծագույն մասը ունեն մշակնախ։

Հայ, նշանակում է հայոց լեզու, ապա հայկական ապրելակերպ, որը խտացված է հայ մշակույթում։

Դա երգ ու պար է, ավանդույթներ են, հոգևոր ու աշխարհիկ արվեստներ, բնույթ ու բնավորություն է,

Խոհանոց է, հյուրասիրություն է, տառապանքների և ուրախությունների ընդհանրություն է և այլն։

 

Դա նաև համաքայլ մասնակցություն է համաշխարհային արվեստի նվաճումներին։

Հայաստանից հանել մշակույթը նշանակում Հայաստանից հանել տաղանդավոր հային։
«Մեղմել» մշակույթի կառավարման գործառնությունը – հետքայլ է։ Պետք է վեր քայլել, ոչ թե՝ ցած։

Այդ դեպքում անհասկանալի է, թե Հայկական բանակը ու՞մ է պաշտպանելու, ի վերջո – ումի՞ց։

Եվ այդ անվտանգության համակարգերը ու՞մ համար են։ Եթե ազգ չեն, ովքե՞ր են այստեղ ապրում։

Մի՞թե այդքան հեշտ ենք մոռանում 100 տարի առաջ եղած կոտորածը՝ զուտ ազգային հենքի վրա։

 

Հիմա պիտի մե՞զ պահպանենք, թե «դեմոկրատական» արժեքներն ավելի կարևոր են։

Մի ժամանակ էլ կոմունիստական արժեքներն էին կարևոր, դրանից առաջ օսման կայսրությանը։

Չգիտեմ, թե Նոր Հայաստանում ինչ ու ինչպես է մտածվում, բայց ես չեմ կիսում այդ մոտեցումը։

Իմ Հոգու Հայաստանում ամենաբարձր դիրքում Հայոց լեզվի և մշակույթի նախարարությունն է.

Ապա Գիտության ու տեխնոլոգիաների, հետո՝ Համազգային կրթության նախարարությունները։

Մնացածը ենթակա ենթանախարարություններ են, որ սպասարկում են այս երեք բարձր կառույցին։

Արդյունքում կստացվի մի Հայաստան, որտեղ կլինի Մշակույթի գերիշխանություն։ Երազ է, պարզ է։
Այդ աստիճանին, եթե Տա Աստված, միգուցե հասնենք մի քանի տասնյակ կամ հարյուր տարի անց։

 

Վերջապես ավարտեմ մասնագիտական խոսքս.

Մակունցին էլ ենք համաձայն, միայն թե պահեք մշակույթի նախարարությունը,

Ժամանակի ընթացքում Մշակույթն ինքը կորոշի պահե՞լ, թե փոխել նախարարին։

 

Իսկ «անՄխիթար» սփյուռքի նախարարությանը չեմ անդրադառնա։ Ծավալուն հարց է։

 

Ասելիքս սա է.
Մի խեղճացրեք («օպտիմալիզացրեք», լուծարեք) Հայաստանի Մշակույթի նախարարությունը։

Ճակատագրական «սխա՜լ քայլ» եք անում Հայաստան երկրի համար։

Ձեր մեջ ուժ գտեք, լսեք իմ խոսքը, վերանայեք ձեր որոշումը։
Պահպանեք ՀՀ մշակույթի նախարարությունը։

Տեր ընդ Ձեզ։

Աստված պահի պահպանի Հայաստանը։

 

Շնորհավոր Նոր Հայաստանի Նոր Տարին՝ Նոր Տոնածառով,

Բայց առանց Սփյուռքի և Մշակույթի (նախարարությունների

 

(Հարյուրավոր տարիներ պետություն երազեցինք, էկանք դեմոկրատիայի ճանկն ընկանք)։

 

Լևոն Իվանյան

Ռեժիսոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Համեմիտ եմ լրիվ:Վերջերս մի բան հասկացա,որ մենք թերևս համարվում ենք մշակությաին ազգ,սակայն համոզվեցի,որ բացարձակ չենք հասկանում,թե ինչ է նշանակում մշակույթ,հոգևոր ուժ…..և ինչ որ տեղ մեղադրելի չէ,որովհետև այն,օրինակ՝,,մշակությաին հեղափոխություն,, հասկացողությունն ինչ? է,կարծես թե վերացական արտահայտություն,սակայն այն ունի ,,շոշափելի,, բացատրություն,ահա այս շոշափելիության համար հարկավոր են ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ……:,,Երջանիկ,, եմ Լևոն Իվանյանից այնքանով,որ անձամբ դիմել և ճանաչել եմ 7 նախարարի:0:Դիմել ես……թե չէ….միևնույնն է նույն անտարբերությունն իմ 45ամյա ստեղծագործական կենսագրին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31