Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ Նիկոլ Փաշինյանին. Ամուլսարի ծրագրի վերաբերյալ նոր գործոններ են հայտնաբերվել

Դեկտեմբեր 26,2018 16:07

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «CEE Bankwatch Network» եվրոպական միջազգային ցանցը և Բուլղարիայի «Վայրի բնության բալկանյան միություն» ՀԿ-ն նամակ են ուղարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի ծրագրում նոր գործոնների հայտնաբերման վերաբերյալ:

Նամակում նշված է. «Ամուլսարի ոսկու ծրագրով պայմանավորված սոցիալ-բնապահպանական վիճակի վատթարացումը և ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում Ամուլսարի ծրագրին տրված եզրակացությունների անորոշ կարգավիճակը հաշվի առնելով՝ կառավարության ուշադրությանն ենք ներկայացնում նոր փաստեր, որոնք արտացոլված են կից փաստաթղթերում:

Առաջին փաստաթուղթը «Ամուլսարի ոսկու ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում» (ԲՍԱԳ) փաստաթղթում նոր հանգամանքների մասին հաշվետվությունն» է, որը պատրաստել են Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միության գիտնականները:

Երկրորդ փաստաթուղթը  ««Լիդիան Արմենիա» ընկերության  կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ սոցիալական հետևանքների գնահատականը ազդակիր համայնքների բնակչության կողմից» սոցիոլոգիական հետազոտությունն է, որն իրականացրել է «Համայնքային փոխօգնություն»  ՀԿ-ի  ղեկավար, սոցիոլոգ Անահիտ Մկրտչյանը:

Երկու ուսումնասիրությունները կատարվել են 2018թ. հոկտեմբերին «CEE Bankwatch Network»-ի աջակցությամբ «Make ICT Fair» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացողն է «ICT Fair»-ի կոնսորցիումը՝ (Swedwatch (ծրագրի ղեկավար), CEE Bankwatch ցանց, Էդինբուրգի համալսարան, «CATAPA», «Le Monde Diplomatic», «Դեպի կայունություն ասոցիացիա», «People and Planet», «Electronic Watch», «SETEM Catalunya», «Südwind» և «ICLEI»): «ICT Fair»-ի կոնսորցիումի կազմակերպությունները գործում են միասին` բարեփոխելու տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) արտադրությունը և հանքանյութերի մատակարարման շղթաները «Make ICT Fair» ծրագրի շրջանակներում:

Ուսումնասիրությունների հիմնական նպատակն էր աջակցել ԵՄ և Հայաստանի միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի երրորդ գլխի (Շրջակա միջավայր) իրականացմանը: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 45-րդ հոդվածի համաձայն. «Կողմերը պետք է մշակեն և ամրապնդեն շրջակա միջավայրին առնչվող հարցերի մասով իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի ապահովմանը։ Ակնկալվում է, որ շրջակա միջավայրի ընդլայնված պաշտպանությունից կշահեն Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու գործարարությունը, այդ թվում՝ հանրային առողջության բարելավման, բնական պաշարների պահպանման և տնտեսական ու բնապահպանական արդյունավետության բարելավման, ինչպես նաև՝ առավել կայուն արտադրության կառուցվածքների ապահովմանը նպաստող ժամանակակից, ավելի մաքուր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով»:

Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միության հաշվետվության մեջ ներկայացված հիմնական եզրակացություններն են.

  • Էմերալդ ցանցը և Բեռնի կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008թ-ին, բավարար ուշադրության չեն արժանացել Ամուլսարի ԲՍԱԳ հաշվետվության մեջ, և ԲՍԱԳ-ը տեղեկատվություն չի տրամադրել ՀՀ համապատասխան մարմիններին (Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն (ՇՄԱՓԿ) և ՀՀ բնապահպանության նախարարությանը) առ այն, որ այս ծրագիրն ուղղակիորեն ազդում է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված Էմերալդ ցանցի վրա, և հնարավոր են բացասական ազդեցություններ
  • ԲՍԱԳ-ում բացակայում է Ամուլսարի ոսկու ծրագրի ազդեցությունների գնահատումը Էմերալդի տարածքների էկոլոգիական առանձնահատկությունների վրա
  • Ամուլսարի ԲՍԱԳ-ում կիրառվում են մեթոդաբանություններ, որոնք չեն արտահայտում Բեռնի կոնվենցիայի դրույթները և անհամատեղելի են Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքների (ԲՀՀՏ)` Էմերալդ ցանցի հետ
  • ԲՍԱԳ-ում նաև չեն գնահատվել պաշտպանության ներքո գտնվող մի շարք ցեղատեսակների և բնակավայրերի վրա հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև Արփա գետի հնարավոր աղտոտման ազդեցությունը և հնարավոր սպառնալիքները ջրային էկոհամակարգերի նկատմամբ:

Երկրորդ հաշվետվության` սոցիոլոգիական ուսումնասիրության հիմնական եզրակացությունն է. «Հանքի գործունեության ողջ ցիկլի սոցիալական ազդեցությունների շուրջ հարցման մասնակիցների շրջանում  ձևավորված ծայրահեղ դրական և ծայրահեղ բացասական գնահատականները կրում են բնակչության ոչ բավարար   տեղեկացվածության,  հանքի աշխատանքների շարունակման մեջ ուղիղ անձնական շահ տեսնող   փոքրաթիվ խմբի կողմից բացասական հետևանքների իսպառ հերքման և  ողջ բնակչության շրջանում ստեղծված հուզական լարված  դաշտի   գերազդեցությունը: Այս ենթատեքստում կարևոր է հիշատակել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի 2018   նոյեմբերի 16–ին Երևանում ունեցած ելույթը: Նա նշել է, որ նախորդ տարիներին  դժվարություններ են եղել համայնքների համար տեղեկատվության հասանելիության, հանրային քննարկումներին բնակչության իմաստավորված մասնակցության և հանքերի տրամադրման շուրջ համաձայնության գալու    հարցերում: Հայաստանում բնական ռեսուրսների կառավարման հարցում մեծ անբավարարվածություն կա այն համայնքներում, որոնք ուղղակիորեն տուժում են հատկապես ջրի, կենցաղի կազմակերպման վրա դրանց ազդեցություններից, որոնք արդյունք են ազգային օրենսդրության շրջանցման:  Հանքի ճանապարհն արգելափակած ակտիվիստների բողոքը վկայում է, որ  կառավարությունը պետք է խորհրդակցի համայնքի անդամների հետ ինչպես հանքի սոցիալական և բնապահպանական ազդեցությունների, այնպես էլ  օգուտների շուրջ:  Որպես առաջին քայլ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն առաջարկեց   իրականացնել այնպիսի խորհրդատվություն, որը կապահովի հանքային նախագծերի` բիզնես և մարդու իրավունքներն առաջնորդող սկզբունքներին համապատասխանությունը  և    կհարգի մարդու իրավունքներն ու Կայուն զարգացման նպատակները»:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով` https://www.ecolur.org/files/uploads/2018/Amulsar%20reports%202018/socreportarm.pdf, https://www.ecolur.org/files/uploads/2018/Amulsar%20reports%202018/amulsarreportarmfinalarm.pdf, https://www.ecolur.org/files/uploads/2018/Amulsar%20reports%202018/amulsarreportfinaleng.pdf:

 «ԷկոԼուր»

26.12.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31