«Լրջագույն խնդիրներ եմ տեսնում և հույս ունեմ, որ բանականությունը կհաղթի, և մշակույթի նախարարությունը կհզորանա, ոչ թե կթուլանա»,- «Մեդիա կենտրոնում» «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով քննարկմանը հայտարարեց պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նրա կարծիքով՝ ցանկացած կառավարություն կառույցների փոփոխության դեպքում պետք է մեկ նպատակ ունենա՝ ավելի հզորացնել ազգային կառույցները: Սամվել Կարապետյանը փաստեց՝ մենք շրջապատված ենք երեք ազգային պետություններով, որոնցից միայն մեկի հետ ենք բարիդրացիական հարաբերությունների մեջ. «Երեք հարևանների հետ էլ մշակութային դաշտում խնդիրներ ունենք: Երկուսը բացահայտ վանդալական գործողություններով են զբաղված»:
Անդրադառնալով նախարարությունների օպտիմալացմանը՝ մասնավորապես մշակույթի և սփյուռքի նախարարությունների, Սամվել Կարապետյանը նշեց. «Հիշում եմ՝ խորհրդային տարիներին հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունը նախարարների խորհրդին առընթեր կառույց էր և բարձր կարգավիճակ ուներ, սա այն ժամանակ, երբ մենք անկախ պետականություն չունեինք: Մոսկվայի թաթի տակից դուրս գալուց հետո այն թիվ մեկ կառույցի կարգավիճակ ուներ: Այն, ինչ անում են հիմա, անտրամաբանական է: Ժամանակին էլ նման բան արվեց: Չգիտեմ՝ իսկապես վերագրենք տգիտությանը, թե միտում կա: Մենք անկախ պետականության ամենակարևոր կառույցը, երկրի, ազգի ողնաշարը պահող կառույցին ներքևներում մի կարգավիճակ տվեցինք: Ու հանկարծ տեսնում ենք, որ հիմա մշակույթի նախարարությունը օպտիմալացնում են: Կամ սփյուռքի նախարարությունը: Ինչպե՞ս կարող է այն ազգը, որի երեք քառորդը տանից դուրս է գործում, չունենա այդ կառույցը, ի՞նչ է նշանակում սփյուռքի նախարարությունը լուծարեն»:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը մտահոգություն հայտնեց, որ հուշարձանների պահպանության հատվածը վերցնում ու տալիս են այլ գերատեսչության: Նա մանրամասնեց. «Կրճատված մի մասն են տանում: Արդյոք այս դեպքում խնդիրներ չե՞նք ունենա: Ես չեմ ուզում մշակութային քաղաքականության մասին, դասագրքային ճշմարտության մասին խոսել, ինչը դաշտում չեմ տեսնում: Ցանկացած հնագիտական օբյեկտ մշակութային ժառանգության մասն է և մշակութային ժառանգությանը վերաբերող օրենքներով, գործողություններով և համապատասխան կառույցներով պիտի կառավարվի ու ուսումնասիրվի»:
Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պրոֆեսոր Արտյոմ Գրիգորյանը հիշեցրեց՝ պատմամշակութային արժեքների պահպանումը ամրագրված է սահմանադրությամբ. «Սահմանադրությամբ նշվում է, որ պատմամշակութային և մշակութային հուշարձանները գտնվում են պետության հոգածության ու պաշտպանության ներքո: Սա մի բնագավառ է, որն անպայման պետք է հոգածություն և հովանավորություն ունենա: Այնպես չէ, որ ամեն բնագավառ կարելի է ցանկացած տեղ տանել: Այս փխրուն բնագավառը, որն առնչվում է մի շարք մշակութային, քաղաքաշինության և շինարարության բնագավառի հետ, պիտի նպաստավոր միջավայրում գտնվի՝ այնպիսի միջավայրում, որը հասկացվում է ղեկավարության և պաշտոնյաների կողմից, որ համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի: Պատմամշակութային ժառանգության դերը դեռ խորհրդային շրջանում շատ կարևորվում էր. մենք ՀՀ-ում ունեինք պատմության և մշակութային հուշարձանների պահպանության օրենք՝ չունենալով բազում օրենքներ: Նույնիսկ այդ ժամանակ նման հատուկ օրենք կար»:
ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը մտահոգություն հայտնեց, որ կառավարության ծրագրով նախատեսվում է հուշարձանների պահպանության գործակալությունը միացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որում որպես մշակութային ժառանգության պահպանության հանրահռչակման, հասարակության ծառայությունների մատուցման, բայց նույն հոդվածի նույն մասում նախատեսվում էր բացառել պատմամշակութային հուշարձանների պահպանությունը: Ի՞նչ է պատմամշակութային հուշարձանները մշակութային ժառանգություն չե՞ն: Մենք վավերացրել ենք մի շարք կոնվենցիաներ, որոնցում նշվում է՝ մշակութային ժառանգություն են համարվում հուշարձանները և ներկայացնում են կրթության, գիտության, մշակույթի համար համապատասխան դերակատարներ: Նույն նախագծով նախատեսվում է հուշարձանների՝ բացառությամբ հուշարձանների պահպանության ոլորտի, տեղակայել քաղաքաշինական կոմիտեի կազմում: Քաղաքաշինության կոմիտեն կառավարության անդամ չէ և քաղաքականության մշակման լիազորություն չունի: Փաստորեն, բացի այն, որ մենք մշակութային ժառանգության բաղադրիչ առանձնացնում ենք հուշարձանների պահպանությունը, այն էլ հարց է, որ հուշարձաններն ենք առանձնացնում, կտրվում է քաղաքականությունից: Բացի մշակութային ժառանգություն համարվելուց, մենք կտրում ենք քաղաքականությունից և դուրս թողնում քաղաքականությունը այս բնագավառից: Մենք ոչ թե օպտիմալացնում ենք, այլ տարանջատում: Սա հակասում է ոչ միայն Կոնվենցիային, այլև մեր Սահմանադրությանը: Շատ լուրջ անհանգստություն ունեմ այս առումով. հույս ունեմ, որ սա բարձր իշխանության որոշումը չէ, և նախագիծը մեր գերատեսչությունների կարծիքի հիման վրա կվերանայվի»:
Երգահան Վահան Արծրունին մտահոգություն հայտնեց՝ վերջին 30 տարիների ընթացքում մշակույթի նախարարությունն իջեցվել է տարրական գործակալության նիշի վրա՝ գերատեսչության ղեկավարի կամայականությամբ. «Մշակույթի նախարարության սպեկտորը չի սահմանափակվում մշակութային ժառանգության խնդիրներով. այդտեղ շատ ավելի լայն գործառույթներ են, որոնք կարող ենք պատկերացնել: Մենք բոլոր քննարկումների ընթացքում արձանագրել ենք այն փաստը, որ սին է մշակույթի նախարարության ֆունկցիան: Մշակույթի նախարարությունը հաճախ մշակույթի հետ կապ չի ունեցել. այն եղել է հնարավորություն որոշ մարդկանց համար օգտվել բյուջետային բարիքներից: Հենց սա է այն պատճառը, որ որոշել են օպտիմալացնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի