Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Տուրիզմի ծառայությունների ոլորտում մենաշնորհներ կան. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Դեկտեմբեր 26,2018 15:17

Հարեւան Վրաստանում Ամանորն անցկացնելու համար տուրօպերատորներն այս տարի էլ բավականին մատչելի տուրփաթեթներ են առաջարկում: Այսօր Aravot.am-ը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ուսումնասիրե՞լ են ինչն է պատճառը, որ Հայաստանում նույն օրերի քանակով հանգստանալու համար զբոսաշրջիկը կրկնակի ավելի է վճարում, Վրաստանում՝ այդ նույն ծառայությունները ավելի էժան են ստացվում՝ ներառյալ ճանապարհածախսը:

«Անկախ գնային քաղաքականությունից, նորմալ է, որ մարդիկ ուզում են ճամփորդել հատկապես հարեւան երկիր, եթե առաջարկում է էժան փաթեթներ, դրան լրիվ նորմալ ենք վերաբերվում: Նույնը կարող ենք ասել դեպի Հայաստան այցելությունների մասին: Նույնը Ռուսաստանի դեպքում Հայաստանն առաջին նախասիրությունն է, իրենց երկրից դուրս, օտար երկրում հանգստանալու: Գնային առումով մենք դրսի զբոսաշրջիկի համար չենք զիջում այլ երկրների, այսինքն՝ մենք առաջարկում ենք գին- որակ այնպիսի համադրություն, որ նախապատվելի տեղում լինենք մեր թիրախային շուկաների համար»:
Ինչ վերաբերում է ներքին գներին, ապա կոմիտեի նախագահն ասաց, որ ունենք մենաշնորհներ տարբեր ծառայությունների. «Պետք է խոսեմ զբոսաշրջային ձմեռային ենթակառուցվածքների մասին: Մենք ունենք այլընտրանքի բացակայություն այս պահին: Կոնկրետ, եթե ճոպանուղու մասին ենք խոսում, ապա ասեմ, որ եկող տարի ունենալու ենք զգալի տարբերություն շուկայում: Հենց երեկ երեկոյան հերթական հանդիպումն ունեցա ներդրողի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե Գրիգորյանն ասաց, որ տուրիզմի ոլորտում մի քանի միլիոն դոլարի ներդրումներ են նախատեսվում: Թե ով է նոր ճոպանուղու ներդրողը, կոմիտեի ղեկավարն անուններ չտվեց՝ ասելով, որ նա ինքն այդ մասին կհայտնի: Տիկին Գրիգորյանը միայն ասաց, որ ներդրողը հայ է եւ արտերկրից ինչ-որ մեկը:

Կոմիտեի ղեկավարի ներկայացմամբ, Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 8,8 տոկոսով. «Եթե 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018 թվականին այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209: Զբոսաշրջիկներից 525 հազար 423-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից»:

Զբոսաշրջիկների կտրուկ աճը, տիկին Գրիգորյանի խոսքով, եղել է Հնդկաստանից, Չինաստանից ու Ղազախստանից մեր երկիր եկած զբոսաշրջիկների հաշվին:

Զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան է ժամանել 233 հազար 125 այցելու: Երրորդ տեղում՝ Իրանն է` 132 հազար 839 այցելուով, չորրորդ տեղում՝ ԱՄՆ-ն` 46 հազար 138 այցելուով եւ հինգերորդ տեղում Ուկրաինան է` 24 հազար 308 այցելուով:

Հարցին, թե զուգարանների խնդիրն ինչպե՞ս են լուծում, կոմիտեի ղեկավարն ասաց՝ բացի ճանապարհներին առկա գազալցակայաններից, որոնք զուգարանների ծառայություն էլ են մատուցում, ճանապարհային կարեւոր հանգույցներին նոր զուգարաններ են կառուցվում՝ այլ ենթակառուցվածքներով:

Եկող տարվանից Գյումրիի օդանավակայանից բյուջետային ավիաընկերություններ (low costers) կթռչեն՝ Ռուսաստան, Եվրոպա: Որոշ ավիաընկերությունների ինքնաթիռներում էլ Հայաստանի մասին պատմող ամսագրեր կլինեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31