«Վերջին տարիներին զորակոչի գործընթացում անկողմնակալությունն անհամեմատ մեծ է: Օրինականության և արդարության միջև բախում է առաջանում այն ժամանակ, երբ զորակոչվելու որոշումն օրինական է, մինչդեռ ծնողն այն անարդար է համարում»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննող հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը: Նա վստահեցրեց, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը մտածում է քայլեր ձեռնարկել՝ նշյալ խնդիրը չեզոքացնելու համար:
«Առաջիկա վեց ամսում ուսումնասիրություններ կարվեն: Գուցե օրենսդրական փոփոխություններ լինեն»,-հայտնեց Գեղամ Հարությունյանը:
Հարցին՝ «ոմանք դեռեւս փորձո՞ւմ են կաշառքով իրենց որդիներին ազատել ծառայությունից», Գեղամ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Միշտ գտնվում են մարդիկ, որոնք ցանկանում են մյուսներից տարբերվել, ավելի լավ պայմաններ ունենալ իրենց զավակների համար: Կոռուպցիայի համար առաջին հերթին պատասխանատու են պաշտոնյաները, թեեւ այդ երեւույթը միակողմանի չէ: Չմոռանանք նաեւ բժիշկներին, որոնց հետազոտությունները շատ կարեւոր են: Ոչ ոքի արյունն ավելի կարմիր չէ մեկ այլ անձի որդու արյունից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ