ՀՀ պաշտպանության նախարարին կից ստեղծված հասարակական խորհրդի շրջանակում գործող՝ զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննող հանձնաժողովի նիստում այսօր լսվեց նաեւ Երեւանի բնակիչ, զինակոչիկ Գ.Հ.-ի դիմում-բողոքը, որով նա պահանջում է կրկնակի հետազոտություն անցնել, քանի որ բարորակ նորագոյացություն ունի: Գ.Հ.-ն ընթացիկ զորակոչում ծառայության համար պիտանի է ճանաչվել, սակայն նրա ծնողը համաձայն չէ: «Ուզում եմ ուղեգրվել վիրահատության, որովհետեւ լեղապարկիս վրա պոլիպ կա: Մինչ այդ չգիտեինք, ստուգման ժամանակ ենք իմացել: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ասել են, որ պոլիպը 0,35 սմ է, բայց համաձայն չենք, որովհետեւ մեկ այլ ԲԿ-ի հետազոտությամբ՝ այն կես սմ է»,-տեղեկացրեց զինակոչիկը:
Նրա մայրն էլ մտավախություն հայտնեց, որ ըստ բժիշկների՝ նորագոյացությունը հետագայում հնարավոր է՝ չարորակ ուռուցքի վերածվի. «Վայենկոմատում չեն թողել վիրահատվել, ասել են՝ կարիք չկա»: Զինակոչիկ Գ.Հ.-ն էլ հավելեց, որ այլ գանգատներ չունի. «Ինձ անհանգստացնում է միայն այն, որ հետագայում պոլիպը կարող է մեծանալ: Մեկ ամսվա ընթացքում ստուգվել եմ, ու պարզվել է, որ պոլիպը մեծացել է»:
Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը զինակոչիկի ասածի հետ չհամաձայնեց. «Հնարավոր է՝ խնդիրը սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքների տարբերության մեջ է»: Ապա հանձնաժողովը, քննելով զինակոչիկի դիմումը, արձանագրեց՝ զինակոչիկը պիտանի է ծառայության, կրկնակի հետազոտության համար միջնորդելու կարիք չկա, քանի որ բարորակ նորագոյացության 1 սմ-ից ավելի չափն է ենթակա վիրահատման. «Պարբերաբար պետք է հետազոտվել, որպեսզի տարիներ հետո զինակոչիկն անակնկալի չգա: Օրենքը սահմանում է, որ 1-1,5 սմ-ի դեպքում են լեղապարկի պոլիպները ենթակա վիրահատման»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ