Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Արեգ Միքայելյան. «Մեր աստղադիտարանը տարածաշրջանային կենտրոն է Հարավ-արեւմտյան եւ Կենտրոնական Ասիայում»

Դեկտեմբեր 26,2018 13:44

«Ես երբեմն կատակով ասում եմ, որ Բյուրականի աստղադիտարանում հեղափոխությունը սկսվել է երկրի հեղափոխությունից մեկ տարի առաջ: 2017թ. գարնանից մենք կտրուկ ֆինանսական փոփոխություններ արեցինք շատ խիստ վերահսկողության պայմաններում:

Պարզվեց, որ անգամ մեր խղճուկ ֆինանսավորման պայմաններում շատ ավելին կարելի է անել, եթե ավելի նպատակահարմար ծախսեր արվեն, գիտական հետազոտություններին նպաստող ծախսեր»,- դեկտեմբերի 26-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքերով, գիտական արդյունքներն իրենց մոտ շատ բարձր են, եւ Հայաստանը կարողանում է բարձր դիրքեր պահել աստղագիտության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աստղադիտարանի տնօրենի խոսքերով, Բյուրականի աստղադիտարանն ազգային արժեք է եւ տարածաշրջանային կենտրոն, ինչը քաղաքական առումով շատ կարեւոր է. «Մեր նոր ղեկավարներին ես սա պետք է մանրակրկիտ ներկայացնեմ եւ պնդեմ, որ սա լուրջ փաստարկ է Հայաստանի միջազգային հեղինակության համար: Միակ ոլորտն է, որտեղ Հայաստանը պաշտոնապես ճանաչվել է տարածաշրջանային կենտրոն: Տարածաշրջանը կոչվում է Հարավ-արեւմտյան եւ Կենտրոնական Ասիա: Փաստորեն Եվրոպայի սահմաններից մինչեւ կենտրոնական Ասիա Հայաստանն աստղագիտական կենտրոն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նա անդրադարձավ նաեւ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին, որը սահմանվել էր 2009թ եւ խոսակցությունների տեղիք տվել:

«Այն թեեւ երկրի համար բարձր վարկանիշ էր ապահովում, բայց շատերը բողոքում էին, որ այդ գումարը տրվում է արտասահմանցիներին եւ մեզ համար այդքան օգտակար չէ: Մենք ինքներս պայքարել ենք, որպեսզի այն ավելի արժեքավոր դառնա Հայաստանի համար, եւ ի վերջո, դեռեւս նախկին կառավարությունը արդեն համաձայնություն տվել էր, պարզապես չհասցրեց իրագործել:

Ներկայիս կառավարությունն ընդամենը մի քանի օր առաջ Կառավարության նիստում որոշում կայացրեց Համբարձումյանի մրցանակը հաստատել, քանի որ օդից կախված էր մնացել, եւ գումարը $500.000-ից իջեցրեց $300.000-ի: Բայց դրա փոխարեն, մտցվեց մի կարեւոր նորամուծություն: $200.000-ը տրվելու է հաղթողներին, իսկ $100.000-ը ուղղորդվելու է Հայաստանում աստղագիտության, աստղաֆիզիկայի ու հարակից գիտությունների զարգացման համար»,-տեղեկացրեց Արեգ Միքայելյանը:

Մանրամասները` տեսանյութում

Նա ասաց, որ լինելով ընտրող հանձնաժողովի քարտուղարը, երբեք հստակ չի իմացել, թե գումարը որտեղից է գալիս, ասում է ` արտասահմանցի իրենց գործընկերներն էլ ասում էին, որ լուրջ չէ, եթե մրցանակի ֆոնդը հայտնի չէ եւ ամրագրված չէ: Արեգ Միքայելյանը տեղեկացրեց, որ հիմա առաջարկվել է, որ այն պետական բյուջեից լինի, ստվերային գումարները բյուջե բերվեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31