Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկը դեմ էր հանձնվելուն. ասում էր՝ մինչեւ Ժիրոն չասի, չեմ հանձնվի». «Սասնա ծռեր» խմբի անդամ Էդգար Սողոմոնյան

Դեկտեմբեր 26,2018 13:22

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով հերթական դատական նիստում այսօր պետք է ցուցմունք տար գործով մեղադրյալներից Էդգար Սողոմոնյանը, բայց նա դատավոր Մեսրոպ Մակյանին հայտնեց, որ օգտվում է իր իրավունքից եւ չի ուզում դատարանում ցուցմունք տալ: Ըստ այդմ, դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները։

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ Սպիտակ քաղաքի բնակիչ Էդգար Սողոմոնյանը եւս ներխուժել է ՊՊԾ գնդի տարածք, սակայն «Սասնա ծռեր» խմբի հիմնական անդամներից չի համարվում. նա մեղադրյալներից Արմեն Լամբարյանի հավաքագրած անձանցից է: «Ես շփոթված էի ու չէի հավատում՝ ի՞նչ է կատարվում: Հետո հասկացա, որ ոստիկանության տարածք ենք մտել»,-ասել է Էդգար Սողոմոնյանը՝ նախաքննական ցուցմունքում:

Նա հայտնել է, որ Արմեն Լամբարյանն ու իր թիմակիցներն իրեն համոզել են գնալ Երեւան. «Ինձ տարել են…Ասում էին, որ պետք է գնալ ու Ժիրայր Սեֆիլյանին ազատել»:

Սողոմոնյանի նախաքննական ցուցմունքներում տվյալներ կան նաեւ խմբի անդամներից որոշների կողմից կրակոցներ արձակելու առնչությամբ. «Արմեն Բիլյանը մեկ անգամ կրակել է: Դա եղել է զուգարանի դիմացից: Դրանից հետո մի մարդ՝ ուսը բռնած, դուրս է եկել: Ես հետո եմ իմացել, որ ոստիկան է եղել»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի»՝ զենքերը վայր դնելուն, Էդգար Սողոմոնյանն ասել է, որ ուրախացել է հանձնվելու փաստից, եւ մինչ այդ էլ ուզել է փախչել գնդի տարածքից. «Վարուժան Ավետիսյանն Արայիկ Խանդոյանին ասում էր, որ ճիշտը հանձնվելն է, բայց Արայիկը դեմ էր: Նա ասում էր՝ Ժիրոն մինչեւ չասի, չեմ հանձնվի»:

Հիշեցնենք, որ մինչեւ ՊՊԾ գնդի գրավումը Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել էր՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու-կրելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ, մասնավորապես՝ Երեւանի հեռուստաաշտարակը եւ զորամաս զավթելու փորձի մեղադրանքով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31