ՀՀ պաշտպանության նախարարին կից ստեղծված հասարակական խորհրդի շրջանակում գործող՝ զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննող հանձնաժողովի նիստում այսօր լսվեց նաեւ Գյումրիի բնակիչ Ռուզաննա Հովհաննիսյանի բողոքը, որում ասվում է. «Որդին՝ զինակոչիկ Հ. Ռ.-ն, ամառային զորակոչի ժամանակ սրտի ռիթմի խանգարման պատճառով ստացել է տարկետում՝ հինգ ամիս ժամկետով, իսկ այս զորակոչի ընթացքում ճանաչվել է պիտանի՝ սահմանափակմամբ»:
Ծնողը, սակայն, գտնում է, որ որդին պիտանի չէ ծառայության համար: Նա հանձնաժողովականներին ներկայացրեց տղայի խնդիրները. «Գիշերային ժամերին ճնշման կտրուկ տատանումներ են լինում, սիրտն անկանոն է աշխատում, անընդհատ խփոցներ են լինում, քթի միջնապատը ծուռ է, իսկ սրունքի հատվածում ունի մկանային ճողվածք»:
Ռուզաննա Հովհաննիսյանի խոսքով. «Սրտի խնդիրն ամենակարեւորն է, ռիթմն անկանոն է, մեկ րոպեում՝ 200 խփոց ունի, վազել անգամ չի կարողանում: Քթով չի կարող շնչել, կոշտ սնունդ չի կարողանում օգտագործել՝ դիմածնոտային խնդիր ունի, նաեւ՝ քթից արյունահոսություն»:
Հանձնաժողովի մասնագետները, զննելով զինակոչիկի բժշկական փաստաթղթերը, արձանագրեցին՝ պետք է միջնորդել, որպեսզի ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովն այլ կերպ փորձաքննություն անցկացնի. «Գտնում ենք, Հ. Ռ.-ին տարկետում է հարկավոր, որովհետեւ առկա է սրտի ռիթմի բարձր ցուցանիշ, հաճախասրտություն»:
Այսպիսով, Ռ.Հ-ն կրկին կհետազոտվի, որից հետո պարզ կլինի՝ նա պիտանի՞ է ծառայության համար, թե ոչ:
https://www.facebook.com/aravot.am/videos/218355232418818/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ