Հասարակական կարծիքը ալեկոծված է. լրատվամիջոցներում ու սոցկաքերում ահավոր աղմուկ է բարձրացել, թե նախարարությունների կրճատման, տարբեր ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների փակման արդյունքում մեծ թվով պետական աշխատողներ դառնալու են գործազուրկ, ու դա շատ ծանր սոցիալական հետեւանքներ է ունենալու։ Ընդ որում՝ խոսվում է տասնյակ հազարավոր փակվող աշխատատեղերի մասին։
Իհարկե՝ այդ թվերը խիստ ուռճացված են, եւ խոսք կարող է լինել միայն մի քանի հարյուր կամ առավելագույնը մի քանի հազար աշխատատեղերի մասին։ Սրանք, իհարկե, նույնպես լուրջ թվեր են, բայց խնդիրը միայն թվերը չեն։ Կարեւոր է հասկանալ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը:
Ո՞վ չգիտի, որ տարբեր նախարարություններում, ԾԻԳ-երում, ՊՈԱԿ-ներում, անհասկանալի ռազմավարություններ մշակող տարբեր հիմնարկներում եւ այլն, հազարավոր մարդիկ պարզապես պարապ-սարապ նստած՝ հսկայական աշխատավարձեր են ստանում։ Ոչ բոլորն, իհարկե, բայց խոսքը հսկայական թվով մարդկանց մասին է: Այո, այդ մարդկանց կրճատումը սոցիալական հետեւանքներ կունենա, որովհետեւ նրանք, ըստ էության, թոշակ են ստանում։ Շատ բարձր թոշակ։ Ոչինչ չանելով։ Հիմա հարցը հետեւյալն է՝ հասարակությունը պիտի դժգոհի՞, որ այդ «երիտասարդ, բարետես արտաքինով» թոշակառուները զրկվելու են թոշակներից, թե՞ պիտի նրանց դիմի Հրանտ Մաթեւոսյանի հարցով՝ «դու քո երկրին մի լավաշի չափ օգուտ տված կա՞ս»:
Հետեւաբար հարցը չպետք է դրվի այսպես. «Բա որ աշխատատեղերը կրճատվեն, այդ մարդիկ ի՞նչ են անելու, ավելի լավ է շարունակենք այդ անիմաստ ծախսերը, միայն թե գործազուրկ չդառնան»։ Հարցը պետք է դրվի այսպես։ Առաջին. պետական համակարգում լուրջ խնայողություններ պե՞տք են, թե՞ պետք չեն։ Պատասխանը միանշանակ է՝ պետք են։ Երկրորդ. ինչպե՞ս անել, որ այդ խնայված միջոցներն ավելի արդյունավետ ծախսվեն։ Եվ ոչ միայն այդ միջոցները, ընդհանրապես բյուջեն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում