«Աստղագիտությունը գնալով ավելի ու ավելի է կարեւորվում բոլոր գիտությունների մեջ եւ նույնիսկ դառնում է միջճյուղային եւ բազմաճյուղային գիտությունների առաջատարը»,- դեկտեմբերի 26-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Նրա խոսքերով, բոլոր գիտություններն այլեւս չեն ուզում բավարարվել երկրի վրա ստացված տեղեկատվությամբ. «Ցանկացած գիտություն մեծ հեռանկարներ է տեսնում տիեզերքից ստացված տվյալների հիման վրա զարգանալու առումով… Բյուրականի աստղադիտարանը եւս պետք է համարժեք արձագանքի, ու մենք այդպես էլ արել ենք, բացել ենք միջճյուղային նոր բաժիններ աստղագիտության հետ կապված, որոնք աշխարհում բուռն կերպով զարգանում են: Խոսքը գնում է մասնավորապես աստղաքիմիայի եւ աստղակենսաբանության մասին»:
Մանրամասները` տեսանյութում:
Արեգ Միքայելյանը նշեց, որ աշխարհում ցանկացած ոլորտ այսօր զարգանում է տիեզերական հետազոտությունների շնորհիվ: «Քանի որ այլ մասնագետներ չեն եղել մեր երկրում` տիեզերական հետազոտությունների հետ կապված, այժմ աստղագետները այստեղ շատ կարեւոր խոսք ունեն ասելու: Եվ ես ինքս մասնակցում եմ մեր կառավարության հետ համատեղ մշակվող նոր հայեցակարգին: Տիեզերական հետազոտությունների ծրագիր եւ օրենք է մշակվում:
Նույնիսկ Հայաստանի պայմաններում, առկա է այդ հարցը եւ օրհասական է, որ մենք նույնպես պետք է հետեւենք դրան: Մեծ ցանկություն կա, որ Հայաստանն ունենա սեփական արբանյակ: Դա մեծ գումարների հետ է կապված, բայց արդյունքում մենք դրանից նույնիսկ կշահենք»,- համոզված է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
«Ի վերջո, արբանյակներից ստացված ամեն ինչը, տեղեկատվությունը գնելով ուրիշ երկրներից, ավելի թանկ է նստելու, քան եթե ունենանք սեփական արբանյակ: Խոսքը գնում է տեղեկատվության, կապի, հեռահաղորդակցությունների մասին, որի մեջ մտնում են նաեւ ինտերնետն ու հեռախոսը: Գիտեք, որ հիմա ամեն ինչ արբանյակներով է արվում: Օդերեւութաբանությունը, քարտեզները, որ ուզում են մանրակրկիտ ունենալ` տիեզերքից ստացված, վճարովի են: Եթե մեր արբանյակը լինի, կունենանք Հայաստանն ավելի լավ, մանրակրկիտ քարտեզագրված, որը կնպաստի մեր բոլոր տեսակի աշխատանքներին»,-համոզված է Արեգ Միքայելյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Բանախոսն ասաց, որ մեր հարեւան Ադրբեջանը նույնիսկ 3 արբանյակ ունի, որոնք թեեւ այն հզորությունը չունեն, որ լուրջ հետազոտություններ կատարեն, բայց աստիճանաբար այդ ուղղությամբ գնում են, ու մենք էլ պետք է հետ չմնանք:
Գաղտնիք չէ, որ արբանյակ լրտեսներ կան, ռազմականը ամենամեծն է տիեզերական հետազոտությունների մեջ, թե NASSA-ի, թե Եվրոպական տիեզերական գործակալության, թե Ռոսկոսմոսի պարագայում: Բոլորի մոտ էլ ռազմական հետազոտությունների բաժինն ամենամեծն է: Այդտեղ եւ տիեզերական անվտանգության խնդիրը կա, եւ երկրի անվտանգության»,- ընդգծեց Աստղադիտարանի տնօրենը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հավելեց, որ դրա մասին նույնիսկ հայտարարություն է արել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը Բյուրական էր այցելել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ