ՀՀ պաշտպանության նախարարին կից գործող հասարակական խորհրդի շրջանակում գործող՝ զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննող հանձնաժողովի նիստում այսօր լսվեց Տավուշի մարզի բնակիչ Անժելա Թումանյանի դիմումը, որում ասվում է. «Որդին՝ զորակոչիկ Գ.Խ.-ն, ամառային զորակոչի ժամանակ հինգ ամսվա տարկետում է ստացել, քանի որ տեսողական խնդիրներ ունի: Այս՝ ձմեռային զորակոչի ընթացքում դրանք կրկին ախտորոշվել են: Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նրան ճանաչել է ծառայության համար պիտանի,մինչդեռ նա ուժեղ գլխացավեր ունի եւ գլխապտույտներ»:
Ծնողը նշեց, որ որդուն բուժում է հարկավոր. «Նա հետազոտվել է, բայց բուժման ուղեգիր չտրվեց: Հինգ ամսում մեր միջոցներով այցելել ենք մի քանի ԲԿ, բայց չեն բուժում՝ ուղեգիր են պահանջում: Հիմա էլ ասում են՝ պիտանի է, որովհետեւ բուժում ստացել է, բայց մենք բուժում չենք ստացել»:
Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը պատկան կառույցների պարտականությունների ոչ պատշաճ կատարում արձանագրեց. «Զինկոմիսարիատը, նաեւ՝ ծնողներն ինչ-որ տեղ հետեւողական չեն լինում, որովհետեւ այդ հինգ ամիսը բուժման համար է տրվում»:
Անժելա Թումանյանը պնդեց, որ իրենց ուղեգիր չեն տրամադրել. «Դեմ չեմ, որ տղաս բանակ գնա, բայց ուզում եմ առողջ գնա եւ առողջ վերադառնա»: Զինակոչիկ Գ.Խ.-ն էլ հանձնաժողովի մասնագետների պահանջով ներկայացրեց գանգատները. «Աչքերում ուժեղ մռմռոց կա, ձախ աչքս անընդհատ այտուցվում է: Արեւային եղանակին չեմ կարողանում աչքերս նորմալ բացել, վերջերս արեւային ակնոցն էլ չի օգնում»:
Բժշկական հետազոտությունների հիման վրա հանձնաժողովականներն արձանագրեցին, որ զինակոչիկի մոտ սրված իրավիճակ է. «Եթե զորակոչվի, պարբերաբար պետք է լինի հսկողության տակ: Օրինակ՝ փոշու ազդեցությամբ վիճակը կարող է սրվել»:
Հանձնաժողովը որոշեց ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովին միջնորդել, որպեսզի զորակոչիկ Գ.Խ. կրկնակի հետազոտվի, եւ հիվանդության ներկա վիճակը քննության առնվի, ինչից հետո կորոշվի՝ նա պիտանի՞ է ծառայության համար, թե ոչ. «Առաջարկում ենք հենց հիմա ուղեգրել բուժման: Սրված իրավիճակը թույլ չի տալիս նրան հիմա զորակոչել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ