Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը` տարեմուտի մասին իր ունեցած խոհերով
ԵՍ ՉԳԻՏԵՄ
Տարին անցավ, ես չգիտեմ
Ցավը տարա՞վ , թե մնաց
Տարին անցավ, բայց հաստատ է՝
Տխուր հուշեր շատ մնաց…
31.12.1991. Երեւան
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՀԵՐ
Տարին անցավ.
Չգիտեմ ինչից սկսեմ: Անցավ փոփոխակի տրամադրություններով, ուրախ եւ ոչ հաճելի դեպքերով, (հասկանում եմ՝ կյանք է, իր դրական ու բացասական երեւույթներով, այլապես միապաղաղությունը կարող է եւ բթացման պատճառ դառնալ)…
Այս`արդեն անցնող տարին, մեր ընտանիքի համար հոբելյանական էր՝ փոքր թոռս, Ալենը, դարձավ 10, մեծ թոռս՝ Նուբարը, 25 տարեկան, նրա հայրը (տղաս) Արմենը՝ 50, դուստրս՝ Լուսինեն՝ 45, տիկինս՝ 70 (աչքիս ոնց որ երկու 35 լինի…), դե ես էլ՝ Նուբար Ասլանյանս 75 տարեկան, որով էլ թակեցի ծերության դուռը՝ «Հե՜ յ , ո՞վ կա այնտեղ»…
Տարին նշանավոր էր Հանրապետական կուսակցության տապալումով, (թեև նրա առանձին անդամներ ջանքեր թափեցին այն կենդանացնելու համար: Իմ կարծիքով այս կուսակցության մանևրումները վտանգավոր էր ժողովրդավարության համար: Իմ կարծիքով Փաշինյանը պիտի հենց առաջին օրերից կոշտ դիրքորոշում հանդես բերեր այս կուսակցության նկատմամբ: Ինչեւէ, հաղթեց ժողովուրդը` իր հույսերով, հույզերով ու սպասելիքներով: Անտարակույս, հետո բողոքավորներ էլ կլինեին, դա բնական է՝ յուրաքանչյուր փոփոխություն չէ, որ արդարացնում է բոլորի սպասելիքները: Հարցը նրանում է`ԱՐԴՅՈՔ բոլորիս ցանկությունները (զանազան ու բազմաշերտ)միանգամից պիտի իրականանային: Կարծում եմ վերջին 20-25 տարիների հիշողության պակաս չկա, խայտառակ տարիներ, որ նսեմանալով սպասել ենք դրական տեղաշարժերի…
Հիմա չե՛նք ուզում սպասել, էլ չեմ ասում, կատարված ադմինիստրատիվ փոփոխություններն էլ սվիններով ենք դիմավորում: Միթե՞ վատ է, որ Շվեյցարիան ունի 8թե 9 նախարար, կամ Ուրուգվայի Նախագահը բժշկի մոտ ընդհանուր հերթի է սպասում…դրանք խելք չունե՞ն… ԻՆՉԵՎԷ, հուսով եմ առանց իմ հուշելու էլ ամեն բան կկարգավորվի, համենայնդեպս՝ ՈՒԶՈՒ՜Մ ԵՄ…
ՀԻՄԱ՝ ԱՆՁՆԱԿԱՆ
Որպեսզի խոհերիս մեջ ազնիվ լինեմ՝ տխուր եմ: Մասնագիտության նկատառումներից ելնելով կպատմեմ իմ մասին: Այս տարի Իսրայելում իմ մասնակցությամբ եղան երեք տարբեր կատարումներ: Հետաքրքրական է, որ նույնքան անգամ էլ Իսրայելի տարբեր ուսումնական հաստատություններում ուսանողները պետական քննություններին իրենց կամքով ընտրել ու կատարել են իմ ստեղծագործությունները: Բրավո, նրանք բոլորն էլ ստացել են ամենաբարձր՝ 100 նիշը: Այդ մասին ես շատ ուշ տեղեկացա, այն հաճելի անակնկալ ու լավ գնահատական էր: Շնորհակալ եմ Իսրայել պետությանը՝ նաև նրա համար, որ գնահատելով արվեստը` կազմակերպել է իմ ծննդյան հոբելյանական 60, 70 եւ 75 ամյակների միջոցառումները….
Անկեղծ եմ ասում` երազում էի , որ 75 ամյակս ավելի շատ տոնվեր ոչ թե միայն Իսրայելում, այլ Հայաստանում, քանզի հայ հանդիսատեսին ասելիք ունեի: Միայն չասեք մեծամտություն է` «Թան էլ չէ, փրթած մածուն», կամ թե` «էլ ինչ կուզեիր», կամ էլ` «սոված հավը երազում գարի է տեսնում»…Ինչ կուզեք ասեք, մարդ եմ, իրավունք ունեմ, մանավանդ, փառք Աստծու ներկայանալու ԲԱՆ կար Հայաստանի ժողովրդին: Այն, ինչ կատարվեց հիասթափության թեմայից է: Ինձ անտեսեցին թե Կոմպոզիտորների Միությունը (ԿՄ), թե Մշակույթի նախարարությունը , եւ թե ՀԱՖՆ-ը: Ասեմ ավելին, զավակներս ինձ անակնկալ մատուցելու համար դիմել էին ՀԱՖՆ-ի (Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբ) տնօրինությանը (առանց իմ գիտության) խնդրելով իրենց ծախսերով վճարել ու կազմակերպել հոբելյանական համերգը: ՈՒ ի՞նչ…Մերժեցին: Շատ ժամանակ մշակութային միջոցառումներ չեն կայանում ֆինանսական նկատառումներից ելնելով: Ի՞նչ անուն տալ այս դեպքում…
Կար ժամանակ, երբ որոշ իշխանավորների կողմից, ես կասեի դիտավորյալ, ցավեցնելու համար Հայաստանից մեկնողների հասցեին շրջանառում էր ԼՔԵԼ բառը, նպատակը՝ Սեպ խրել արտագաղթողների (Սփյուռքի) եւ «հայաստանցիների» միջեւ: Ցավոք, մեծ մասի մոտ հասկացողություն չկա զանազանելու «ապրել» եւ «բնակվել» բառերը ու խորանալ դրա նշանակության մեջ: Պետք է օղ լինի այդպիսիների ականջին, որ մարդ կարող է բնակվել անապատում, բայց ԱՊՐԵԼ Հայաստանով, եւ ճիշտ հակառակը՝ ԲՆԱԿՎԵԼ Հայաստանում, բայց ՉԱՊՐԵԼ նրանով: Հավատացնում եմ, իմը՝ առաջին դեպքն է, որը սակայն(կարծում եմ)չի ընդունվում կամ գիտակցվում պետական մարմինների կողմից(այ, էստեղ էլ ես կասեմ՝ ՀԱԼԱԼ ԼԻՆԻ ՁԵԶ): Մի խոսքով ինձ «տշեցին», Հայաստանում հոբելյանական համերգ չկայացավ, ոչ մի խոսք, ցերեկույթ, երեկույթ 75 ամյակիս մասին:
ՈՉ ՄԻ: (Նար Դոսի ասած «նրանք վերեւն էին, ես՝ ներքեւը»)…
Այնուհանդերձ ամեն բան այնպես չավարտվեց, ինչպես նախատեսել էին: Տերը նկատեց այս բոլորը եւ ինձ մխիթարելու համար կազմակերպեց իմ երեք ստեղծագործությունների կատարումը, ԸՆԴ ՈՐՈՒՄ, երաժիշտները, որոնց ես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ընտրել էին իմ ստեղծագործություններն ԸՍՏ ԻՐԵՆՑ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅԱՆ: Արդ, շնորհակալ եմ նրանց՝ Գ.Աճեմյանի անվան պատանի ջութակահարների համույթին (գեղ.ղեկավար Աննա Աճեմյան)կատարեցին մորս նվիրված «ԷԼԵԳԻԱ»ն, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի (ոչ ՀԱՖՆ) փայտյա փողային կվինտետի երաժիշտներին՝ կատարեցին հեղինակածս «ՍԱՐԵՐՈՒՄ» Սյուիտը, եւ Օպերայի, բալետի նվագախմբի պղնձյա փողային կվինտետին՝ կատարեցին երկու մասից բաղկացած «ԶԱՐԹՈՆՔ» ստեղծագործությունս: Ի դեպ, թե պատանի ջութակահարների, եւ թե պղնձյա փողային կվինտետի կատարումը նվիրել էին 75 ամյակիս…. ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Շնորհակալ եմ նաեւ Հայֆայի քաղաքապետարանին, որ արդեն երրորդ տարեթիվն է, որ նշում է հոբելյանական համերգով (60, 70, 75), իսկ ամենագլխավորը այն հաճելի անակնկալն էր, որ Տերը պարգեւեց ինձ՝ Իսրայելի մշակույթի նախարարությունը պատվիրեց ինձ գրելու Տրոմբոնի եւ նվագախմբի համար նոր(թիվ 2)կոնցերտը (Առաջին կոնցերտը կատարվել է 2014 թվին, Երեւանում, Իսրայելի մենակատարի եւ դիր. Էդ. Թոփչյանի կատարմամբ):Թիվ 2 Կոնցերտի պրեմիերան կկայանա 24 եւ 25 փետրվար, 2019-ին, Հայֆայի Սիմֆոնիկի եւ նույն մենակատար տրոմբոնիստի կատարմամբ: Հրավիրում եմ:
ԱՄՓՈՓՈՒՄ
Ահա այսպիսին էր տարին:
Շնորհավորում եմ Հայաստանում ինձ չհիշող գերատեսչությունների Նոր տարին` ցանկանալով ամենայն բարիք, լավ իմացեք՝ չնայած իմ հանդեպ ձեր անտարբերության, այստեղ, Իսրայելում, ԲԱՆԵՐ կան, որոնք անմիջականորեն կապված են Հայաստանի եւ նրա միջազգային հեղինակության հետ, ԲԱՆԵՐ, որ դուք, պարոնայք ինձ անտեսողներ, չեք կարող անել, իսկ ես անում եմ, ոչ ձեզ համար, այլ Հայաստանի, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ…
Լավ մնաք….
ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ
Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ
25.12.18 Հայֆա, Իսրայել