Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այս պահի դրությամբ ինքնաբացարկի մասին դիմումներ չկան։ «Առաջարկել ենք, որ այդ ժամկետներում ներկայացնեն ինքնաբացարկները։ Որպես այդպիսին, վերջնաժամկետ չի սահմանվում, որովհետեւ նիստից րոպեներ առաջ էլ կարող է անձը ներկայանալ եւ ինքնաբացարկ հայտնել»,- նշեց նա։
Միաժամանակ ԿԸՀ նախագահը հստակ չի նշում, թե երբ է տեղի ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստը։ Սակայն արդեն հստակ է, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին։ Այդպիսի ժամկետ է սահմանվել նաեւ՝ հաշվի առնելով առաջիկա տոների կապակցությամբ ոչ աշխատանքային օրերը, որպեսզի հնարավոր լինի ամեն ինչ կազմակերպել մինչ այդ ժամկետը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը նշեց, թե կուսակցության թեկնածուների կողմից ինքնաբացարկներ չկան, եւ այն մարդիկ, ում մանդատ է հասնում, կվերցնեն դրանք, իրենց գործունեությունը կշարունակեն խորհրդարանում։
Հետաքրքիր է, որ այս անգամ ինքնաբացարկի մասին դիմումներ չկան եւ չեն լինելու նաեւ ԲՀԿ-ի կողմից։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում