Ավստրիայում ապրող գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը, անդրադառնալով սփյուռքի նախարարության նպատակահարմարության հարցին, նշեց. «Վերջին տասը տարիներին սփյուռքի հետ հարաբերություններն ահավոր փոխվել են, պետք է նոր հասկացողություն։ Պետք է հասկանալ՝ ի՞նչ է սփյուռքը, եւ ովքե՞ր են սփյուռքահայերը։ Ինչ-որ մի ժամանակ հարաբերությունները սփյուռքի հետ այդքան էլ լավ եւ մտերիմ չէին, հիմա սփյուռքի տարբեր համայնքներ ոգեւորված են, նորից ներշնչված են, որ Հայաստանում փոփոխություններ են նկատվում։ Սփյուռքի նախարարությունը պետք է գործի ավելի կենսունակ ձեւով։ Հիմա ապագան կախված է լինելու սփյուռքի երիտասարդությունից, որոնք կցանկանան մասնակցել Հայաստանի փոփոխություններին։ Հենց այդ առումով շատ կարեւոր է սփյուռքի նախարարությունը, բայց այն նոր հասկացողություն պետք է ունենա։ Ես տեսնում եմ, որ Հայաստանից կա ոչ միայն արտագաղթ, այլեւ նոր հեռանկարներ են բացվում։ Եվ հարաբերությունները սփյուռքի հետ շատ կարեւոր են։ Կան մարդիկ, որոնք ուզում են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում։ Շատ կարեւոր է, որ այդ նախարարությունն ավելի ամուր լինի՝ որպես կառույց»։
ԱՄՆ-ում գործող Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Կարո Կարապետյանը հիշեցնում է, որ սփյուռքի նախարարությունը ստեղծվել էր մի անձի համար, որի կյանքում, հաստատ, ինչ-որ դեր խաղացել էր։ Երկրորդ խնդիրը, ըստ նրա, սփյուռքի կարեւորման իմիտացիան էր։ Նա նշում է, որ սփյուռքի նախարարությունն ԱՍՆ-ում շփվել է հիմնականում ինչ-որ կառույցների հետ, որոնց հետ, հավանաբար, փոխադարձ շահեր է ունեցել։ Կարապետյանը դժվարացավ ասել, թե սփյուռքի նախարարության լուծարումն ինչպես կընկալվի ԱՄՆ-ի հայկական համայնքում. «Ըստ իս՝ նախ պետք է լուրջ քննարկման առարկա դառնա Սփյուռք-Հայաստան համագործակցության ձեւաչափը։ Իսկ լուծարման մասին այստեղ կոնկրետ վերաբերմունք չի լինի, կլինեն մասնավոր տեսակետներ»։
Հարցին, թե սփյուռքի նախարարությունը պետք է գործի որպես վարչություն արտգործնախարարության կազմում կամ որպես կոմիտե, մեր զրուցակիցն արձագանքեց. «Բոլոր դեպքերում էլ նույնը կլինի։ Կարեւորն այն խնդիրներն են, որոնք չեն քննարկվել առայսօր։ Խնդիրն այն է, թե ինչ է սփյուռքը, ինչ դեր ունի այն Հայաստանի համար եւ հակառակը։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում